«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#135, 2002-07-20 | #136, 2002-07-23 | #137, 2002-07-24


ԿԱՆԱԴԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԻՍՐԱՅԵԼԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍԻ ՀԵՏ

Կանադայի խորհրդարանի պատգամավոր Սարգիս Ասատուրյանը Տորոնտոյի Հայկական բարեգործական ընդհանուր միության Ալեք Մանուկյան կենտրոնում երեկ հանդիպում էր կազմակերպել Կանադայի հայ համայնքների ղեկավարների եւ Տորոնտոյում Իսրայելի գլխավոր հյուպատոս Մեիր Ռոմեմի միջեւ։

Հանդիպման ժամանակ քննարկվող հիմնական հարցերն առնչվել են Մերձավոր Արեւելքի ներկայիս իրավիճակին, Հայոց ցեղասպանության հանդեպ Իսրայելի կառավարության դիրքորոշմանը, Կանադայում տեղի ունեցող վերջին իրադարձություններին։ Հանդիպման պատվավոր հյուր, Երուսաղեմի հայոց պատրիարքարանի արտաքին հարաբերությունների ղեկավար Արիս եպիսկոպոս Շիրվանյանը ներկայացրել է Սուրբ երկրում հայոց կալվածքները եւ հայոց վանքի կողմից Իսրայելի կառավարության դեմ հարուցված դատական գործողությունըՙ «պաշտպանական պատ» կառուցելու պատրվակով ձիթենյաց այգիները զավթելու համար։

Իսրայելի գլխավոր հյուպատոսը հույս է հայտնել, որ քննարկվող հարցերը կլուծվեն երկխոսության ճանապարհով, եւ Իսրայելի արտգործնախարար Շիմոն Պերեսն առաջիկայում հաշվի կառնի կանադահայերի կարծիքներն ու տեսակետները։

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4