«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#135, 2002-07-20 | #136, 2002-07-23 | #137, 2002-07-24


150 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ԾՐԱԳՐԵՐ ԵՐԿՈՒ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Լինսի հիմնադրամի 4 խոշոր ծրագրերի իրականացման ընթացքի մասին երեկ մանրամասն տեղեկություններ հաղորդեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը, որը նաեւ համակարգում է այդ աշխատանքները։ Նա հայտնեց, որ այդ ծրագրերի իրականացումը երկրի նախագահն իր անձնական հսկողության տակ է վերցրել, որովհետեւ ներդրված գումարներն աննախադեպ են։ Որպես համեմատություն նշվեց, որ դրանք բազմիցս գերազանցում են Հայաստանի վերջին 6-7 տարիների բյուջեներում շինարարության համար հատկացված գումարները։ 150 մլն դոլար ընդհանուր արժողությամբ ծրագրերը պետք է իրականանան 2 տարվա ընթացքում։ Ըստ առանձին ծրագրերի, այդ գումարը բաշխված է հետեւյալ կերպ։ Առաջին, ամենախոշորՙ ճանապարհաշինության ծրագրին հատկացված է 71,5 մլն դոլար, բնակարանաշինությանըՙ 43,8 մլն դոլար, մշակույթինՙ 17,5 մլն դոլար, Երեւանի փողոցների նորոգմանըՙ 14 մլն դոլար։ Բոլոր այս ծրագրերը երկկողմ համաձայնեցված են։ Այսինքն ո՛չ Լինսի հիմնադրամը, ո՛չ կառավարությունը չեն կարող ինքնուրույն փոխել դրանց բովանդակությունը։

Արտաշես Թումանյանը նշեց, որ մինչ այս ամենը լուրջ աշխատանք է տարվել իրավական դաշտը հստակեցնելու համար։ Շուրջ 3,5 մլն դոլար այդ նպատակով ծախսվել է եւ ծախսվում է հիմնադրամի ԱՄՆ-ում գտնվող գրասենյակների եւ իրավաբանների վրա։

Ճանապարհաշինության ամենախոշոր ծրագիրն ընդգրկում է ամբողջ Հայաստանը։ Այստեղ պետք է կառուցվի 420-450 կմ ճանապարհ։ Երեւանի բարեկարգման ծրագիրն ընդգրկում է 12 փողոց։ Բնակարանաշինության ծրագրի արդյունքը պետք է լինի 4 հազ. բնակարան աղետի գոտում։ Մշակույթի ծրագրով էլ տարբեր աստիճանի նորոգում պետք է կատարվի 40 մշակութային օբյեկտներում։ Շինարարությունն իրականացնում են մրցույթով ընտրված կազմակերպությունները։ Մրցույթով են ընտրվում նաեւ տեխնիկական վերահսկողություն իրականացնող կազմակերպությունները։ Այս պահին շուրջ 80 կազմակերպություններ աշխատանքներ են կատարում։ Իսկ նախագծային եւ տեխնիկական վերահսկողության կազմակերպությունների հետ ներառյալ, այդ թիվը կազմում է 117։ Բոլորը Հայաստանում են գրանցված։ Միայն 4 կազմակերպություն է գրանցված Լեռնային Ղարաբաղում։

Զբաղվածության պատկերն այս ծրագրերում ներկա պահի դրությամբ այսպիսին է։ Ճանապարհաշինության մեջ աշխատողների թիվն անցել է 5 հազարը, բնակարանաշինության մեջՙ 4,5 հազարը, մշակույթի մեջՙ 800-ը, Երեւանի փողոցների բարեկարգմանՙ 600¬ը։ Այս թվերն աճելու են, իսկ առայժմ միասին վերցրած, այստեղ 11 հազարից ավելի մարդ է աշխատում։ Միջին աշխատավարձն այս ծրագրերում 80-100 հազար դրամ է։ Առանձին մասնագետներ ստանում են մինչեւ 230 հազար դրամ։ Տարբեր կարգի մասնագետների կարիք է զգացվում։ Լոռու եւ Շիրակի մարզերում 1200-1500 նման մասնագետների անհրաժեշտություն կա, ինչը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում։ Մասնավորապես դա կարող է խանգարել աշխատանքները ճիշտ ժամկետներում կատարելուն։

Բնակարանաշինության ծրագրով նախատեսված 4 հազար բնակարանները կառուցվելու են Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում, Ստեփանավանում, Գուգարքում եւ Ախուրյանում։ Շիրակում կկառուցվի 2748, Լոռիումՙ 1253։ Այստեղ կամ նորակառույց շենքեր են կամ հիմնական նորոգման ենթարկված։ Ներկայումս նախատեսված 167 շենքից աշխատանքները սկսվել են 129 շենքերում։ Այստեղ աշխատող 37 շինարարական կազմակերպությունների գերակշիռ մասն աղետի գոտուց է։ Այս ամենը նաեւ անուղղակի արդյունքներ է տալիս եւ նպաստում շինանյութերի արտադրության աճին։

Ճանապարհաշինության ծրագրին մասնակցում են 35 կազմակերպություններ, որոնք 47 մլն դոլարի պայմանագրեր են կնքել։ 41.2 կմ ճանապարհ հանձնվել է։ Կառուցված են Մալիշկայի շրջանցիկ հատվածը, Վանաձոր¬Դիլիջան, Իջեւան¬Նոյեմբերյան ճանապարհների առանձին հատվածներ։ Նախատեսվում է ամբողջությամբ կառուցել Վանաձոր¬Դիլիջան, Դիլիջան¬Իջեւան, Երեւան¬Սեւան, Իջեւան¬Նոյեմբերյան ճանապարհները եւ Դիլիջան¬Սեւան թունելը։ Վերջինիս արժեքը միայն մոտ 7 մլն դոլար է։ Անհրաժեշտություն կա վերանորոգելու Վանաձոր¬Ալավերդի¬Այրում ճանապարհի կամուրջները, ինչպես նաեւ կառուցելու Աշտարակի կամուրջի երկրորդ հերթը։ Շատ կարեւոր է Սեւան¬Մարտունի¬Գետափ 124 կմ ճանապարհիՙ այսպես կոչված Սելիմի լեռնանցքի կառուցումը, որն առանձնանում է իր ռազմավարական եւ տնտեսական նշանակությամբ։ Ինչպես հայտնեց Արտաշես Թումանյանը, ճանապարհաշինության ծրագրից 41 կմ ճանապարհ արդեն հանձնվել է, 161 կմ¬ը պետք է հանձնվի մինչեւ այս տարեվերջ, իսկ 215 կմ¬ըՙ 2003¬ին։

Հաջորդըՙ նախագահի աշխատակազմի ղեկավարի կողմից որպես ամենաաղմկահարույց բնորոշված, Երեւանի փողոցների նորոգումն է։ Դրանք կատարվելու են եւ համապատասխանելու են քաղաքակիրթ երկրներում կառուցված փողոցների չափանիշներին։ Առիթից օգտվելով, անցկացվում են նաեւ գազատարներ բոլոր այն հատվածներում, որոնք նորոգվում են։ Նորացվում են այդ հատվածներում առկա էլեկտրական գծերը, ջրատարները, կոյուղիները, հեռախոսագծերը։

Մշակութային ծրագրով նախատեսված 40 օբյեկտների թվում կան նաեւ մարզերում գտնվող օբյեկտներ։ Թանգարաններ, թատրոններ, պատկերասրահներ, որոնցից 22-ի նորոգումն արդեն ընթացքի մեջ է։ Այստեղ Լինսի հիմնադրամի կողմից Հայաստանի կառավարության խնդրանքով գումարներն ավելացվել են, որովհետեւ կային օբյեկտներ, որոնք առաջին տրանշով հատկացված գումարներով ամբողջությամբ չէին նորոգվելու։

Արտաշես Թումանյանի այս ծավալուն ելույթին հաջորդեցին լրագրողների հարցերը, որոնք հիմնականում առնչվում էին օրվա թեմային։ Իսկ այն հարցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում Արտաշես Թումանյանին վարչապետ նշանակելու լուրերը, նա պատասխանեց. «Այդ հարցը թող օդում մնա»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4