«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#135, 2002-07-20 | #136, 2002-07-23 | #137, 2002-07-24


«ԱՐԱՐԱՏԸ» ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԿՑՈՒՑԱԴՐՎԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-ԻՑ

Սեպտեմբերի 4-ից Ֆրանսիայի էկրաններին ցուցադրվելու է կանադահայ կինոբեմադրիչ Ատոմ Եղոյանի վերջինՙ «Արարատ» ֆիլմը։ Այս կապակցությամբ նրա կինըՙ Արսինե Խանջյանը, որը ֆիլմի դերակատարներից մեկն է, Փարիզի «Աշխարհ» թերթին տված հարցազրույցում նշում է, որ ֆիլմի առանձնահատկություններից մեկը դրա բազմաթիվ գործող անձանց խոսքառատությունն է։ Դերասանուհու կարծիքով, «Արարատ» ֆիլմն «անցնում է չասվածից ասվածին»։

Ատոմ Եղոյանի մի շարք ուրիշ գործերի նման «Արարատը» ֆիլմ է ինքնության, հիշողության, ինչպես նաեւ ժխտողականության մասին։ Կանադայի խորհրդարանի Սենատը վերջերս ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Այս կապակցությամբ Արսինե Խանջյանն ընդգծում է, որ իրեն չի զարմացնում Թուրքիայի ժխտողականությունը։ Նա շեշտում է, որ «Արարատը» քաղաքական ֆիլմ չէ։ Այնտեղ քաղաքականը լոկ գործող անձանց խոսելու փաստն է։ Դեռ շատ ջանքեր պետք է գործադրվեն, որպեսզի Հայ դատն ի վերջո արդար լուծում գտնի։ Ժխտողականությունն առկա է ոչ միայն հայերի, այլեւ հնդկացիների, Ռուանդայի թութսիների հարցում։ «Արեւմուտքը չի հարգել իր խոստումները», ասում է Խանջյանը։

Ֆիլմում մեծ տեղ ունեն երաժշտությունը, նկարչությունը։ Ամերիկահայ մեծ նկարիչ Արշիլ Գորկին ֆիլմի միակ իրական անձնավորությունն է։ Որպես նկարիչ, Գորկին շատ կարեւոր դեմք է հայերի եւ առհասարակ արվեստագետների համար։ Աբստրակտ էքսպրեսիոնիզմի այդ կարկառուն ներկայացուցիչը խոշոր ներդրում ունի արվեստի պատմության մեջ։ Բայց այդ խոշոր արվեստագետին հաճախ հանիրավի փորձել են մոռացության մատնել։

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4