Ո՞րն է դրա հիմնավորումը
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հարկային վնաս հայտարարագրած ընկերությունների ցանկի հրապարակումը տարաբնույթ մեկնաբանությունների եւ դժգոհությունների տեղիք տվեց։ Այս խնդրին «Ազգն» անդրադարձել էՙ ներկայացնելով իր տեսակետները, ինչպես նաեւ պաշտոնական մեկնաբանությունները։ Տնտեսվարող սուբյեկտների դիրքորոշումը պարզելու նպատակով դիմեցինք նրանցից մի քանիսին։ Մինչ այդ հարկային վնաս հայտարարագրած ընկերություններից միայն «Արմենալն» էր մամուլին պարզաբանումներ տվել այդ կապակցությամբ։
Մեր առաջին զրուցակիցը «Կոկա-կոլա բոթլերս Արմենիա» ընկերության տնօրեն Կիրիլ Պետրովն էր։ «Կոկա-կոլայի» հայտարարագրած վնասը 86 մլն դրամ էր։ Ո՞րն է դրա պատճառը։ Այս հարցն ուղղեցինք ընկերության տնօրենին։ Վերջինս նախ եւ առաջ խնդրեց նկատի ունենալ, որ «Կոկա-կոլան» Հայաստանում երկարաժամկետ ներդնող է, ուստի նրա նպատակը չէ հեշտ ու արագ շահույթ ստանալուց հետո հեռանալ այստեղից։ Մինչ այժմՙ անցած 7 տարիների ընթացքում ընկերությունը Հայաստանում ներդրել է 15 մլն դոլար։ Այս ներդրումները հատկապես Հայաստանի նման երկրում, որտեղ ներքին շուկան խիստ սահմանափակ է, եւ բնակչության գնողունակությունը ցածր, ըստ Կիրիլ Պետրովի, արագ չեն կարող վերականգնվել եւ շահույթ ապահովել։
«Կոկա-կոլայի» ապրանքատեսակների վաճառքը Հայաստանում չի ավելանում։ Օրինակ, 2000 թ.-ին 4 տոկոսով պակաս է վաճառվել, քան 1999 թ.-ին։ Այս տարի առայժմ 5¬6 տոկոս աճ կա, բայց դա շնորհիվ ավելի էժան «Ֆրեսկա» լիմոնադների։ Ի դեպ, տնօրենը նշեց, որ վերջին 2 մլն դոլարը ներդրվել է 2000 թ.-ին «Բոնաքվա» սեղանի ջրի, անցյալ տարի «Ֆրեսկայի» արտադրության, պլաստիկ շշերի արտադրության նոր հոսքագծի ձեռքբերման մեջ։ Բացի այդ, յուրաքանչյուր տարի վաճառքից ստացվող եկամուտը վերաներդրվում է արտադրության մեջՙ խմիչքների որակը մշտապես բարձր պահպանելու, ամորտիզացիոն ծախսերը հոգալու նպատակով։ Կիրիլ Պետրովը տեղեկացրեց նաեւ, որ տարեցտարի հարկային վնասը նվազում է եւ ընդգծեց, որ «Կոկա-կոլան» ընդգրկված է խոշոր հարկատուների վարչությունում։ Դա նշանակում է, որ ընկերությունն այլ հարկատեսակների գծով «հսկայական գումարներ է վճարում պետբյուջե»։ Ապա, արտահայտելով իր անձնական կարծիքը, Հայաստանի հարկային համակարգը Կիրիլ Պետրովը շատ լիբերալ համարեց։ Իսկ շահութահարկն այստեղ, ըստ նրա, շատ ցածր էՙ ընդամենը 20 տոկոս։ «Կոկա-կոլան» ունի նաեւ օրենքով սահմանված արտոնություն այն կիսով չափ վճարելու համար, ուստի չի կարելի խոսել դրանից խուսափելու մասին։
Հարկային վնաս հայտարարագրած մեկ այլ խոշոր ընկերություն է «Ինտերմոտոր Արմենիան»։ «Մերսեդես» մեքենաների ներմուծմամբ զբաղվող այդ կազմակերպության ցույց տված հարկային վնասը մոտ 201 մլն դրամ է։ Նրա տնօրեն Լեւոն Արեւշատյանը եւս նույն հիմնավորումը ներկայացրեց, ասելով, որ «Ինտերմոտոր Արմենիան» նոր ստեղծված (1998 թ.-ին) ընկերություն է, որտեղ մեծ ներդրումներ են կատարվել։ Հիմնադիր կապիտալը եղել է 6 մլն դոլար, իսկ հետագայում կատարված ներդրումներըՙ 4,9 մլն դոլար։ Հետեւաբար այս ընկերությունը նույնպես մեծ ծախսեր է կատարել։ Չնայած անցյալ տարի շահույթ է ունեցել, դա նախորդ տարիների վնասի մաշեցմանն է ուղղվել, ինչի իրավունքը տնտեսվարող սուբյեկտներն ունեն։ Բացի այդ, Լեւոն Արեւշատյանը նշեց, որ իրենք նույնպես օգտվում են շահութահարկի գծով արտոնություններից։
Ավելի մեծ վնաս էր հայտարարագրել սրընթաց զարգացող, էլիտար ծխախոտ արտադրող «ՍՊՍ Սիգարոնը», ինչը նույնպես տարօրինակ էր թվում։ Ընկերության լրատվության հարցերով պատասխանատուն հայտնեց, որ «Սիգարոնն» ընդամենը 2 տարվա պատմություն ունի, եւ դեռեւս վաղ է խոսել շահույթ ստանալու մասին։ Առավել եւս, որ այժմ անընդհատ ներդրումներ են կատարվում նոր շուկաներ մուտք գործելու համար։ Ներկայումս «Սիգարոնը» վաճառվում է շուրջ 20 երկրներում։ Ընկերության ներկայացուցիչը հիշատակեց նաեւ վերջերս տեղի ունեցած դատավարությունըՙ հարուցված գերմանական «Ռեմսմա» ընկերության կողմից, ինչը նույնպես մեծ ծախսեր առաջացրեց։
«Բարի լոտո» ՍՊԸ-ն նույնպես 2001 թ.-ին հարկային վնասներ ուներ։ Այստեղից ստացած բացատրությունն ամենաթույլ հիմնավորումն ուներ։ Ըստ այդմ, ասվեց, որ ընկերությունը հաստատագրված վճար է մուծում յուրաքանչյուր խաղից հետո, տոմսերի վաճառքից ստացված գումարի 18 տոկոսի չափով եւ շահութահարկով չի հարկվում։ Անհասկանալի մնաց, թե այդ դեպքում ինչո՞ւ է ընկերությունն ընդգրկված շահութահարկ չվճարողների ցանկում, եւ ամենաշահութաբեր համարվող բիզնեսը, որտեղ մեծ ներդրումներ չեն կատարվել, ինչպես կարող է առանց շահույթի գործել։
Ինչ վերաբերում է հարկային վնաս հայտարարագրած ընկերություններին ընդհանրապես, ապա նրանցից յուրաքանչյուրն իր տրամաբանության շրջանակներում տեղավորվող հիմնավորումները մամուլում կարող է ներկայացնել։ Մինչդեռ դրանց փաստաթղթային հիմնավորումներին ծանոթանալ եւ համեմատություններ անել մենք գործնականում չենք կարող։ Նման գործառույթ կատարում են պետեկամուտների նախարարության ստեղծած համապատասխան հանձնաժողովները։ Այսինքնՙ միայն այս նախարարությունը կարող է տարբերել իսկապես վնաս ունեցող եւ չարամտորեն շահութահարկից խուսափողներին, ինչի մասին մեր թերթին տված հարցազրույցում ասաց նաեւ պետեկամուտների փոխնախարար Արմեն Ալավերդյանը։ Հետեւաբար, անհրաժեշտություն է առաջանում հրապարակելու ոչ միայն հարկային վնաս հայտարարագրած, այլեւ հատկապես շահութահարկի վճարումից խուսափող ձեռնարկությունների ցանկը։ Այլապես հնարավորություն է առաջանում թացը չորի հետ խառնելու եւ քիչ թե շատ պարտաճանաչ հարկատուների հեղինակությանը վնասելու համար։