Մոսկվայում ռուսերեն լույս է տեսել «Պանթուրքիզմը Կովկասում Թուրքիայի աշխարհառազմավարության մեջ» մենագրությունը։ Գրքի հեղինակ Ալեքսանդր Սվարանցը մասնագիտությամբ պատմաբան է, իրավագետ, գիտության թեկնածու։ Տեղի մասնագետների կարծիքով, ներկա աշխատությունը թուրքական իրականության այդ գաղափարաքաղաքական ազդեցիկ հոսանքի համակարգված ուսումնասիրության լավագույն նմուշներից է։ Ալ. Սվարանցն այսօր «Ազգ» թերթի հյուրն է։
¬ Պրն Սվարանց, պանթուրքիզմ բառն արդեն ամեն մի հայի մեջ սարսուռ է առաջացնում։ Ձեր ազգային պատկանելությունը ի՞նչ դեր է խաղացել այդ երեւույթն ուսումնասիրելիս։
¬ Ես արմատներով ղարաբաղցի եմ ու հպարտանում եմ իմ հայկական ծագումով։ Ապրել եմ նաեւ Բաքվում. ասել է թեՙ կովկասցի եմ։ Հետագա տարիներին սովորել ու աշխատանքային գործունեությունս ծավալել եմ Ռուսաստանում։ Եվ այս ամենը պայմանավորել է իմ մոտեցումները, հետաքրքրությունները պանթուրքիզմի նկատմամբ։ Իսկ ամեն ինչ սկսվեց 80-ականների վերջերից, երբ ես սկսեցի հանգամանորեն զբաղվել իմ հայրենի Ղարաբաղի խնդրով, ինչն էլ ինձ բերեց պանթուրքիզմի ուսումնասիրությանը։
¬ Քանի որ պանթուրքիզմն ինչքան գաղափարախոսություն է, նույնքան էլ քաղաքականություն, ապա ցանկալի կլիներ մեր զրույցի ընթացքում ուշադրությունը կենտրոնացնել հարցի երկրորդ կողմի վրա, ընդսմին բնավ էլ ոչ նեղ իմաստով։ Տվյալ դեպքումՙ մենք Ռուսաստանի քաղաքացիներ ենք, ապրում ենք այստեղ եւ չենք կարող չնկատել, թե այս երկիրն ինչպես է կամա թե ակամա նպաստում Թուրքիայի զարգացմանը։ Ելցինի ժամանակ հատկապես Ռուսաստանում, կարելի է ասել, շինարարական հզոր արդյունաբերություն էր բուն դրել, թուրքական տուրիզմը սնվում է ռուսական դոլարներով, մանրածախ «մաքոքային» առեւտուրը գրեթե լրիվ թրքածին է եւ այլն, եւ այլն։ Արդյոք Ռուսաստանում մոռացե՞լ են, թե ով է թուրքը, ում շահերն է պաշտպանում նրա երկիրը։
¬ Իրոք, որպես Ռուսաստանի քաղաքացիներ մենք իրավունք չունենք անտարբեր լինելու այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում այս երկրում։ Մասնավորապես ուսումնասիրելով ռուս-թուրքական հարաբերությունները, եւ պանթուրքիզմի դերն այդ առնչություններում, ես փորձել եմ հանդես գալ որպես ռուսաստանցի հետազոտող, ելնելով առաջին հերթին այս երկրի շահերից։ Ռուս-թուրքական հարաբերությունները հարյուրամյակներ են ընդգրկում։ Բայց ինչո՞վ են դրանք հարուստՙ 22 կոնֆլիկտով եւ 11 պատերազմով։ Ներկա շեշտակիորեն փոխված իրադրությունում այս երկու երկրների շահերը ելնում են ոչ միայն երկկողմ հարաբերություններից, այլեւ ընդգրկում են այնպիսի ընդարձակ տարածաշրջաններ, ինչպիսիք են Կովկասը, Մերձավոր ու Միջին Արեւելքը եւ այլն։ Եվ կարելի է արձանագրել, որ թուրքական գործոնի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է։ Դրսեւորվում են խնդրի նկատմամբ նոր տեսանկյուններ, գնահատականներ բոլոր առումներովՙ քաղաքական, տնտեսական, ռազմական, միջազգային, ազգամիջյան եւ այլն։ Ցավոք, ինչ-որ տեղ տակավին գերիշխում են խորհրդային ժամանակներից եկող գաղափարայնացվածությունը, մտայնությունները, գիտական սկզբունքների բացակայությունը, փաստարկման թույլ բազան։ Ըստ երեւույթին ամեն ինչ առջեւում է։
¬ Բայց գոնե Ռուսաստանի բարձրագույն քաղաքական շրջանակներում կա՞ գիտակցումը, որ պանթուրքիզմը ռեալ վտանգ է առաջին հերթին իրենց երկրի համար։
¬ Սա ինչ-որ տեղ ձեր նախորդ հարցի շարունակությունն է։ Քաղաքական, պետական մակարդակով ինչպես այս, այնպես էլ համանման մի շարք այլ հարցերի նկատմամբ չկան կայուն, ձեւավորված մոտեցումներ։ Դա այն օբյեկտիվ իրողության արտացոլումն է, որի մեջ հայտնվել է Ռուսաստանը գերտերության փլուզումից հետո։ Մյուս կողմից սկսում է դինամիկ վերընթացով գիտակցվել հարավային ուղղության կարեւորությունը։
¬ Բայց չէ՞ որ նույնիսկ քաղաքակրթությունների պայքարի վերաբերյալ համապարփակ տեսությունում պանթուրքիզմը պրոբլեմային կողմ է դիտվում, իսկ Ռուսաստանում ինչքա՜ն թուրքալեզու տարածաշրջաններ կան։
¬ Դա Ռուսաստանի ամենասուր խնդիրներից է։ Թաթարիայում, օրինակ, բնավ էլ «մոդայիկ» երեւալու համար չէ, որ ուզում էին լատիներենի փոխել տառատեսակը։ Պանթուրքիզմը կազմող թուրքական առաքելության, թուրքական գերիշխանության գաղափարները պարարտ հող են գտնում Ռուսաստանի թուրքալեզու տարածաշրջաններում, Միջին Ասիայում, Ադրբեջանում։ Ժողովրդագրական իմաստով անգամ սա կարող է կործանիչ լինել Ռուսաստանի համար։ Սակայն Ռուսիո երկիրը շատ ավելի մութ ժամանակներ է ապրել, եւ նրան թաղելը շուտ է։ Ես դրանում համոզված եմ։
¬ Ի՞նչ կասեք պանթուրքիզմ-իսլամ առնչությունների մասին։
¬ Իսլամը քաղաքակրթություն է, եւ ինչ-որ տեղ պանթուրքիզմն այդ միասնական աշխարհի մի մասն է։ Բայց երբ խորանում ես նրա պատմական արմատների, շահերի, խնդիրների մեջ, ապա հստակ տարանջատիչ գիծ ես տեսնում այդ երկու հասկացությունների միջեւ։ Պանթուրքիզմը նացիոնալ-շովինիստական, կարելի է ասելՙ ֆաշիստական, ռասիստական գաղափարախոսություն է, որի անկյունաքարը կոնկրետ թուրքն է ու Թուրքիան։ Այսօր Թուրքիան միակ մուսուլմանական երկիրն է, որն ուղղակիորեն բախվում է մուսուլմանական աշխարհի հետՙ անթաքույց համագործակցելով Իսրայելի հետ։ Թեեւ դա բնավ էլ չի խանգարում, որ պանթուրքիզմի պարագլուխները, նրանց կազմակերպություններն ու հատուկ ծառայությունները հօգուտ իրենց որպես գործիք, որպես ազդեցության լծակ օգտագործեն զանազան իսլամական շարժումներ ու կազմակերպություններ, այդ թվում նաեւ բուն պանթուրքիզմի գաղափարների իրագործման մեջ։ Եվ այս իմաստով պանթուրքիզմը հակասության մեջ է մտնում ոչ միայն Ռուսաստանի, այլեւ արաբական երկրների, Բուլղարիայի, Ուկրաինայի, Մոլդովայի, Չինաստանի, Հնդկաստանի, Հունաստանի եւ մի շարք այլ երկրների հետ։
¬ Պրն Սվարանց, ժամանակին մեր մեծավաստակ պատմաբան Ջոն Կիրակոսյանը գրում էր, որ պանթուրքիզմի ակունքների մոտ կանգնած են եղել հրեաներ։ Ի՞նչ են տալիս նորագույն հետազոտությունները։
¬ Ես իմ գրքում տալիս եմ նրանց կոնկրետ անունները։ Առանց պանթուրքիզմի տեղի չէր ունենա այն քաղաքական գործարքը, որով սիոնիզմին հաջողվեց էապես առաջ մղել այն ժամանակ Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Պաղեստինում հրեական անկախ պետություն ստեղծելու գործնական խնդիրը։
¬ Այսինքն կարելի է ասել, որ Իսրայելը ծնունդ առավ նաեւ պանթուրքիզմի շնորհիվ։
¬ Դա ռեալ փաստ է։ Ընդսմին, ելնելով Թուրքիայի եւ Իսրայելի ներկայիս հարաբերություններից, կարելի է արձանագրել, որ այդ կապն առ այսօր չի խզվել։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, օրինակ, որ ցեղասպանության հարցն ԱՄՆ Կոնգրեսում շրջափակում են հրեաները։ Հօգուտ Թուրքիայի։ Ի դեպ, այս եւ նման կարգի մի շարք գործողություններ Հայաստանում առաջ են բերում որոշակի հակաիսրայելյան դժգոհություններ։ Խորհուրդ կտայի զուսպ լինել եւ ելնել գերազանցապես պրագմատիկ շահերից։ Չեմ կարծում, թե սիոնիզմին կարելի է հաղթել։
¬ Ի՞նչ կուզեիք ասել «Ազգի» ընթերցողներին։
¬ Նախՙ ձեր թերթի միջոցով կուզեի շնորհակալություն հայտնել իմ աշխատության հրատարակման հովանավոր, ազնիվ հայասեր Սիմոն Գարեգինի Կահիյանին։ Նման մարդկանց անշահախնդիր օգնության շնորհիվ ենք կարողանում կյանքի կոչել մեր երկարամյա հետազոտությունների արդյունքները։ Երախտապարտ կլինեի, եթե թերթի ընթերցողներն իրենց կարծիքները հայտնեին իմ գրքի առթիվ։
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա