Կամՙ ինչպե՞ս կործանել Ռուսաստանը
Արդեն բավական ժամանակ Ռուսաստանում բացահայտ գործում են արտաքուստ իրարամերժ երիտասարդական երկու հոսանքներՙ սափրած գլուխներով ֆաշիստամետ «սկինհեդների» եւ իբր թե նախագահ Պուտինի քաղաքականությունը պաշտպանող «Միասին ընթացողների» մեծ ու փոքր կազմակերպությունների տեսքով։ Առաջիններն անթաքույց կրում են հիտլերյան ֆաշիստների սվաստիկան, երկրորդներն ավելի բարեկիրթ տեսք ունեն եւ առայժմ հանդես են գալիս իբր թե սոսկ պոռնոգրաֆիկ գրականության տարածման դեմ ձեռնարկվող միջոցառումներով։ Խորքում երկուսն էլ ծայրահեղական, անհանդուրժողական կեցվածք որդեգրած ստահակ կաթնակերների ոհմակներ են, միջնադարյան ինկվիզիտորների նորօրյա զավակներ, որոնք նպատակ են դրել բոլոր թույլատրելի եւ անթույլատրելի միջոցներով հավատաքննություն իրականացնել իրենց երկրում։ «Սկինհեդներն» այդ անում են Ռուսաստանի այլազգի քաղաքացիների դեմ իրենց քստմնելի հարձակումներով, շուկաներում միանգամայն անմեղ մարդկանց վայրենի ծեծի ենթարկելու, խեղելու եւ սպանելու, երկրորդներըՙ իրենց դուր չեկող էրոտիկ գրականության տարածումը խափանելու այլազան միջոցներով (եւ ոչ մեկի մտքով չի անցնում հարցնելՙ ո՞վ է ձեզ հավատաքննիչ կարգել, դուք ո՞վ եք, որ պիտի դատեքՙ տվյալ գրական երկն արժանի՞ է ընթերցողի սեղանին դրվելու, թե՞ ոչ։ Նման հավատաքննությունը ձեզ ո՞ւր է հասցնելուՙ 1933-ի հիտլերյան աուտոդրաֆեների խայտառակությա՞նը, երբ հրապարակումներում այրում էին Հայնեին ու Գյոթեին...)։
Ենթադրել, թե նման կաթնակերների թիկունքում լուրջ քաղաքական ուժեր չկանՙ մեծագույն միամտություն է։ Ո՞վ է ֆինանսավորում նարկոտիկներով ու ալկոհոլով թմրեցված, ազգայնամոլության ախտով վարակված 14¬16 տարեկան սինլքոր «սկինհեդների» խառնամբոխին, ո՞վ է կազմակերպում նրանց հավաքները, ո՞վ է ուղղորդում նրանց ջարդարարական մոլուցքն ընդդեմ այլազգիների։ Իրե՞նք, նույն տարիքի գյադա-գյուդանե՞րը։ Ծիծաղելի է, երբ դատարանի առաջ մի քանի հարյուր ջարդարարների ոհմակից կանգնում են ընդամենը... 5 հոգի, որոնցից տարիքով ամենամեծը, 17-ամյա ուսանող, ներկայացվում է իբրեւ... «զանգվածային անկարգությունների կազմակերպիչ»։ Այս ձեւակերպման տակ հասկացվում է ընդամենը... «կենցաղային խուլիգանություն», ո՛չ ավելի։ Իսկ որ այդ «խուլիգանությունն» ակնհայտ միտում ունի սրելու ազգամիջյան հարաբերությունները բազմազգ երկրումՙ թեթեւամտորեն անտեսվում է։ Հետեւանքը հայկական գերեզմանների պղծումն է, հակահրեական գրություններով ականապատված ցուցավահանակների տեղադրումը ճանապարհների եզրերին, «կովկասյան ազգության» քաղաքացիների ունեցվածքի հրկիզումներն ու թալանը...
Համոզված եմ, որ կաթնակերների այս դավադրության հետեւում Ռուսաստանը կործանելու հեռագնա դիտավորությամբ առաջնորդվող շատ լուրջ ուժեր են թաքնված։ Պատկերացնո՞ւմ եք, ինչ կկատարվի, երբ «հայրենասիրական» շմոլքով ուղեղները մթագնած այդ լակոտների թիվը, ձնագնդի պես մեծանալով, մի քանի հարյուրից հասնի... մի քանի հարյուր հազարի, մի քանի տասնյակ միլիոնի։ Սերունդների բախումը կդառնա անխուսափելի, պետությունը կկանգնի իր իսկ երիտասարդության նկատմամբ դաժան ճնշումներ գործադրելու անհրաժեշտության առաջ։ Հաշվարկը շատ նուրբ էՙ ավագը չի՛ կրակի կրտսերի վրա, իսկ կրտսերը... չի՛ վարանի։ Կյանքը կդառնա դժոխք, եւ «կաթնակերների» ուսերի վրայով իշխանության կգան այսօր դեռ նրանց թիկունքում թաքնվող, նրանց հարբեցնելու ծախսերը «համեստորեն» հոգացող, նրանց ֆաշիստական ու հավատաքննչական «դաստիարակություն» տվող միանգամայն պատկառելի դժնեմռութ այրեր...
Ազգայնամոլությունը միեւնույն պետության մեջ ապրող քիչ ժողովուրդների դժբախտության պատճառ չի դարձել, ատելությունը, անհանդուրժողականությունը մեկ պետության հիմքեր չէ, որ խարխլել է։ Եթե Ռուսաստանի ներկայիս իշխանությունները շարունակեն իրենք իրենց զգոնությունը բթացնելու, ազգայնամոլության վտանգը չտեսնելու, հսկայածավալ երկրում ծայր առած խժդժությունների իրական էությունը «կենցաղային հողի վրա ծագած խուլիգանություն» բնութագրելու կարճամիտ քաղաքականությունը, ապա վաղը կկանգնեն այնպիսի մի հրդեհի մարման փաստի առաջ, որը չեն տեսել ռուսական անծայր տայգայի որեւէ հատվածումՙ որեւէ ամենամեծ աղետի ժամանակ...
ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ