«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#137, 2002-07-24 | #138, 2002-07-25 | #139, 2002-07-26


ՎՃԱՐՈՒՄՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ

Ինչպես տեղեկացանք ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Մերուժան Միքայելյանից, այս տարվա առաջին կիսամյակում բարձրացել է օգտագործված էլեկտրաէներգիայի, խմելու եւ ոռոգման ջրի դիմաց բաժանորդների կատարած վճարումների մակարդակը։ Մասնավորապես արտադրված 2 մլրդ 862 մլն կվտ.ժ էլեկտրաէներգիայի դիմաց սպառողների վճարման ցուցանիշը կազմել է 90 տոկոս։ Ընդ որում, առավել պարտաճանաչ վճարում է բնակչությունըՙ 96 տոկոս։ Վրաստանին մատակարարված հոսանքի դիմաց վճարումների մակարդակը 99 տոկոս է։ Արդյունաբերությունը վճարել է 79 տոկոսով, բյուջետային ձեռնարկություններըՙ 75 տոկոսով։ Արդյունաբերության վճարումներն ընդհանուր առմամբ ավելի բարձր են, եթե բացառենք «Նաիրիտին», որը վճարել է իրեն մատակարարված էներգիայի 14 տոկոսի դիմաց։ Չնչին վճարումներ է կատարել նաեւ «Ջրմուղ-կոյուղի» ընկերությունըՙ 4 տոկոս։ Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարարը, ի պատասխան մեր հարցի, հայտնեց նաեւ գերկորուստների գումարային թիվը։ Այս տարվա առաջին կիսամյակում դա կազմել է 7,6 մլրդ դրամ կամ 13,5 մլն դոլար։

Խմելու ջրի դիմաց վճարումները 2002 թ. առաջին կիսամյակում մայրաքաղաքում կազմել են 926 մլն դրամ կամ 31,6 տոկոս։ Դրանից բնակչության վճարումները կազմել են 360 մլն դրամ կամ 16 տոկոս։ Այս տարի ծրագրված է վճարումների մակարդակը հասցնել 40,7 տոկոսի։ Իսկ անցյալ տարի պատկերն այս բնագավառում հետեւյալն էրՙ 594 մլն դրամ կամ 18,5 տոկոս ընդհանուր վճարումներ, որից բնակչությունըՙ 202 մլն դրամ կամ 9 տոկոս։

Ի դեպ, առանց Երեւանի, Հայաստանում խմելու ջրի դիմաց վճարումներն ավելի բարձր ցուցանիշներ են արձանագրել։ Դրանք կազմել են 898 մլն դրամ կամ 53,7 տոկոս, որը մոտենում է տարեկան ծրագրով նախատեսված 54 տոկոսին։ Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում եղել է 602 մլն դրամ կամ 30,6 տոկոս։ Ոռոգման ջրի դիմաց վճարումները նույնպես աճել ենՙ մինչեւ 437 մլն դրամ, նախորդ տարվա 270 մլն դրամի փոխարեն։

Նշենք նաեւ, որ Մերուժան Միքայելյանի հետ մեր հանդիպման հիմնական նպատակը վարչապետի որոշմամբ ստեղծված Հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների գործունեության բարեփոխումների եւ ֆինանսական առողջացման ծրագրի նախապատրաստման հանձնաժողովի գործունեությանը ծանոթանալն էր, որը ղեկավարում է փոխնախարարը։ Այս մասին հրապարակումը կկարդաք մեր առաջիկա համարներից մեկում։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4