Մնում է, որ դա զգան աղքատները
Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի երեկվա մամուլի ասուլիսի նպատակը Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (ԱՀՌԾ), իր բնորոշմամբ, քարոզարշավն սկսելն էր։ Սակայն մինչ այդ նա ներկայացրեց 2001 թ. ՀՀ ազգային վիճակագրության ծառայության անցկացրած ուսումնասիրությունների արդյունքները, համաձայն որոնց արձանագրվել է «աղքատությունը բնութագրող ցուցանիշների էական բարելավում»։ Տոկոսային արտահայտությամբ աղքատ բնակչությունը (մեկ շնչի միջին ընթացիկ ծախսերը ցածր են եղել աղքատության ընդհանուր գծից) կազմել է 50,9 տոկոս, իսկ շատ աղքատները (մեկ շնչի միջին ընթացիկ ծախսերը ցածր են աղքատության պարենային գծից)ՙ 15,9 տոկոս։ 1998¬99 թթ. համանման ուսումնասիրության արդյունքները կազմել էին 55 տոկոս եւ 23 տոկոս։ Այսինքնՙ շատ աղքատների թիվը նվազել է մոտ 7 տոկոսով, իսկ աղքատներինըՙ մոտ 4 տոկոսով։ Սա նախկին ուսումնասիրությունների համեմատ, իսկ բացարձակ թվերով շատ աղքատների թիվը նվազել է 30 տոկոսով, իսկ աղքատների թիվըՙ 7,5 տոկոսով։ Այս ցուցանիշները, ըստ Վարդան Խաչատրյանի, հենց այն 9,6 տոկոս տնտեսական աճի արդյունքն են, որի մասին գրվում էր, որ դա չի երեւում։ Ի դեպ, նման կարծիք էինք հայտնել ոչ միայն մենք, այլեւ Հայաստանում Միջազգային արժութային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի ներկայացուցիչները։
Ինչ վերաբերում է ԱՀՌԾ-ին, ապա այստեղ նշված խնդիրների լուծման համար ընտրվել է համակարգող խորհուրդ, որտեղ ընդգրկված են կառավարության, Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ծրագրի մշակման աշխատանքների համար ձեւավորված 5 աշխատանքային փորձագիտական խմբերը (աղքատության գնահատման եւ վերլուծությունների, սոցիալական ռազմավարությունների մշակման, տնտեսական ռազմավարությունների, հանրային կառավարման ռազմավարությունների, մեթոդաբանական հարցերի) ներկայացրել են իրենց ծրագրերը։ 2¬3 շաբաթ հետո դա կդառնա մեկ ընդհանուր ծրագիր։ Այն պետք է լինի 15 տարվա համար, սակայն կլինեն եռամյա ընթացիկ ծրագրեր։ ԱՀՌԾ-ի մեխը կայուն տնտեսական աճն է։ Յուրաքանչյուր տարվա համար աղքատության հաղթահարման նպատակով կլինեն համապատասխան հատկացումներ բյուջեիցՙ համախառն ներքին արդյունքի որոշակի մասից, ինչպես նաեւ արտաքին օժանդակություն։ Վարդան Խաչատրյանը խուսափեց կոնկրետ թվեր հայտնելուց, ասելով, որ դրանք նախնական են եւ ենթակա են որոշակի փոփոխությունների։
Մեր հարցերը նախարարին վերաբերում էին եկամուտների բաշխման հետ կապված խնդրին եւ ՀՆԱ-ից հարկային մուտքերին։ Առաջինի վերաբերյալ Վարդան Խաչատրյանն ասաց, որ եկամուտների անհավասար բաշխման խնդրի առկայության մասին առաջինն ասվել է կառավարությունում, այլ ոչ թե միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից։ Իսկ որ ասվելուց բացի կարծես թե որեւէ բան չի փոխվել մտքին նախարարը չհամաձայնեց, ասելով, որ կարծես թե որեւէ բան փոխվել է։ Նա ավելացրեց նաեւ, որ եկող տարվա համար ՀՆԱ-ից հարկերը կկազմեն 15,6 տոկոս։ Իսկ որ նախարարը կարծիք է հայտնել, թե միայն այդ թիվը 20 տոկոս կազմելու դեպքում տնտեսական աճը չի արգելակվիՙ մեր հիշատակմանն ի պատասխան Վարդան Խաչատրյանը վերստին նույն կարծիքը հայտնեցՙ ավելացնելով միայն, որ դրան պետք է հասնել ժամանակի ընթացքում։ «Ինչքան արագ հասնենք, այնքան լավ», նշեց նա։
Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը դարձյալ անդրադարձավ հարկերից զերծ ոլորտներին, ասելով, որ նման աճ արձանագրած երկու խոշոր ոլորտներիՙ գյուղատնտեսության եւ շինարարության ցուցանիշները որեւէ արդյունք չեն ունենում բյուջեի վրա։ Դա ՀՆԱ-ից ցածր տոկոս կազմող հարկերի ստացման պատճառներից մեկն է։ Մեկ այլ պատճառ էր ՀՆԱ-ի, սպասվածից (6 տոկոսից) ավելի աճըՙ 9,6 տոկոս։ Դրա պատճառով մուտքերը անցյալ տարի ծրագրված 15 տոկոսի փոխարեն եղան 14,3 տոկոս։ Սակայն մյուս կողմից արժե նշել, որ ՀՆԱ-ի սպասվածից ավելի աճը (թեկուզ հարկային արտոնություններից զերծ ճյուղերը բացառելով) պետք է բերեր նաեւ հարկային մուտքերի աճի, ինչը տեղի չի ունեցել։
Ինչ մնում է ԱՀՌԾ-ին, ապա դրա հրապարակվելուց հետո կփորձենք ներկայացնել մեր տեսակետներն այդ փաստաթղթի իրատեսական լինել-չինելու վերաբերյալ։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ