«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2002-07-25 | #139, 2002-07-26 | #140, 2002-07-27


ԲԱՑԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ

Դրական միտումներով

Մեր թերթի ստեղծած կապը «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի հետ հանրամատչելի հոդվածների, տեղեկությունների միջոցով ընթերցողին գիտելիքներ հաղորդելուց բացի, հնարավորության դեպքում փորձելու է վերականգնել բժշկի անձի նկատմամբ վստահությունն ու հարգանքը։ Օրեր առաջ խմբագրությունում բանավեճ ծագեց այս հարցերի շուրջ եւ որքան էլ ոմանք փորձում էին համոզել, որ բժիշկն էլ այս նույն հասարակարգի ծնունդ է եւ անմասն չէ նրա թերություններից, այնուամենայնիվ, եղավ հատուկ կարծիք, թե բժիշկն իր կոչումով չի կարող լինել մեզանից յուրաքանչյուրը, այսինքնՙ պատահական մեկը։ Հիպոկրատի երդում տված մասնագետն ամենապատասխանատուն է բոլոր մասնագետների մեջ, որովհետեւ նա անմիջականորեն գործ ունի մարդու կյանքի հետ, այդուամենայնիվ, ռեալ իրականությունն այլ բան է վկայում։ Հիվանդի ու բժշկի միջեւ ստեղծված անառողջ փոխհարաբերությունների համար կան ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ գործոններ։ Առողջապահական ողջ համակարգը հիմնավոր վերափոխումների կարիք ունիՙ սա ե՛ւ կազմակերպչական, ե՛ւ ֆինանսական, ե՛ւ սարքավորումների, ե՛ւ պրոֆեսիոնալիզմի տեսակետից։ Հիշենք, որ խորհրդային տարիներին ամենահեղինակավոր համարվող բժշկական ինստիտուտի ընդունելության մրցույթում անցողիկ «բալը» ամենաբարձր կաշառքն էր։ Ու ժողովրդի մեջ էլ այդ ժամանակներից ձեւավորվել է «փողով սովորած» բժշկի անվստահեցնող կերպարը։ Եվ այդ կերպարը տարիների հետ ավելի է ընդգծվում։

Մինչդեռ լավ բժշկից պահանջվում է պրոֆեսիոնալիզմի զուգակցում հումանիզմի հետ։ Իսկ ինչ ենք տեսնում մեր շուրջըՙ ավելի հաճախ սառը, մեքենայի վերածված, անհոգի սպիտակխալաթավորների բազմություն։ Այստեղ է, որ տեղին է հնչում. «Բժիշկ, բժշկեա զանձն քո» խոսքը։

Բայց բացառել լավ անհատներին այս ասպարեզում, նույնպես սխալ է։ Շատ հաճախ խմբագրություն են այցելում մարդիկ, ովքեր երախտիքի զգացումն իրենց կյանքը փրկող բժիշկներին թերթի միջոցով են հարմար գտնում արտահայտել։ Այսպիսիք ավելի քիչ են, իհարկե, որովհետեւ միշտ էլ սակավ են ընտրյալները։ Իսկ այս ընտրյալները (բոլոր բնագավառներում) հատուկ առաքելություն ունեն։ Որովհետեւ իրենց շուրջը ստեղծելով համապատասխան դաշտՙ նպատակադիր են գործնական կառույցներ ստեղծելու։ Այնպես որ ներքեւից են սկսվում հասարակության ինքնառողջացման պրոցեսները։ Այդպիսի մի կառույց է նաեւ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը։

Երբ մասնագիտությունն ընտրվում է սիրով

«Նշանաբանս է լինել անկախ իբրեւ անհատ եւ այդ դիրքորոշումից վերադառնալ հասարակությանը եւ ոչՙ հակառակը»։

Պորտլենդի (ԱՄՆ) Ալբերտ Սթարի անվ. բժշկական կենտրոնի սրտի վիրաբույժ Հրայր Հովակիմյանը (ծնվել է Հալեպում, ավարտել տեղի բժշկական համալսարանը, 2 տարի մասնագիտացել է Հալեպում, 5 տարիՙ Նյու Յորքում, 4 տարի ուսանել է սրտային վիրաբուժություն, 6 ամիս Ֆիլադելֆիայում մասնագիտացել է մանկական սրտային վիրաբուժության ուղղությամբ), որ «Նորք-Մարաշ» կենտրոնի հիմնադիրն է, իր հարցազրույցներից մեկում իրեն համարում է «պաթոլոգիայի հասնող ազատություն սիրող մարդ», լավ մասնագետ դառնալու համար անհրաժեշտ է համարում սերը եւ փափագը, հավատում է այն սկզբունքին, որ մարդը պետք է գտնի եւ անի այն, ինչ սիրում է»։ Իր մասին չի սիրում խոսել, ապրում է հիվանդանոցում, մոռանում իրեն տրված մրցանակները, բայց հիշում է հիվանդից ստացած ամեն դիպուկ ու քաղցր խոսքը։ Պատրաստ է առողջապահության հետ կապված ցանկացած հարցերի ու երեւույթների շուրջ վերլուծությունների, բժիշկ-հիվանդ փոխհարաբերությունների, բժշկի որակավորումների մասին հոդվածաշարերի եւ հարցազրույցների հրապարակման, որում, սակայն լրագրողական հստակ մոտեցում լինիՙ կտրուկ, դիպուկ եւ, ամենակարեւորըՙ ծայրահեղ անկեղծության դիրքերից։ Թերեւս, այս անկեղծ երկխոսությունները լինեն բաց պատուհան, որ հասարակական եւ սոցիալական բազմաթիվ հարցերին առնչվելովՙ կլուսաբանեն կյանքի ուրիշ ստվերոտ կողմերը նաեւ։

ԱՄՆ-ում մեծ հաջողությունների հասած բժիշկը Հայաստան եկավ 1988 թ.-ի երկրաշարժից հետոՙ մի խումբ սփյուռքահայերի եւ ամերիկացիների հետ, Հայաստանի համար ամենածանր տարիներին, երբ երկիրն այնքան կարիք ուներ ամեն տեսակ օգնության։

Սրտի վիրաբույժ Միքայելյանի մահից հետո արտասահմանում վերապատրաստված նրա սաները հուսահատված էին, եւ կորուստն անդառնալի էին համարում, երբ հանդիպեցին Պորտլանդի Ալբերտ Սթարի ակադեմիական կենտրոնի լավագույն սրտի վիրաբույժներից Հրայր Հովակիմյանին, որը համառ աշխատանքի շնորհիվ է միայն հասել այսօրվա իր մասնագիտական բարձր մակարդակին։

«Սովորական բառերը չեն համապատասխանում նրան բնութագրելու համար, զարմանալի հայրենասեր է, բոլոր բարձունքներին հասած մարդ-երեւույթՙ տաղանդավոր կազմակերպիչ, հետազոտող, հրաշալի մասնագետ։ Միանգամայն անսովոր անձ, որ մեր չափանիշներով ներկայացնել անհնար է։ Երկար ժամանակ ինքս ինձ համար փորձում էի պարզել իր կերպարը, բայց այդպես էլ չկարողացա, ու հիմա էլ չեմ փորձում։ Նրան պետք է ընդունել այնպես, ինչպես կա եւ լավ զգալ, որ աշխատում ես նման մարդու հետ։ Բոլոր ժամանակներում եւ ամեն երկրի չէ, որին հաջողվում է ունենալ այսպիսի հարստություն։ Աստծո պարգեւ է», նման հիացմունքով արտահայտվեց Հրայր Հովակիմյանի մասին կենտրոնի աշխատակիցներից անեսթեզիոլոգ Գոհար Ենգոյանը։

1992 թ.-ին, երբ Հայաստանում ոչ լույս կար, որ հաց, սկսվեցին համատեղ աշխատանքները։ Առաջին մանկական կլինիկական հիվանդանոցի բազայի վրա, որի (նաեւ ներկայիս) տնօրեն Լիդա Մուրադյանը ջերմությամբ ընդունեց խմբին եւ սկսեց համագործակցել նրանց հետ։ Սկզբնական շրջանում չկար կենտրոն ստեղծելու գաղափարը, դա ավելի շուտ գործունեության դաշտին ծանոթանալու պրոցես էր։ Էնտուզիաստների մի խումբՙ արտերկրից մի քանի բժիշկ եւ բուժքույրեր եւ Հայաստանիցՙ Իրինա Բակունցը, Կարեն Քուրդովը, Շահեն Խաչատրյանը, փորձում էին կազմակերպչական եւ տարրական կենցաղային հարցեր լուծել նաեւ։ Բժշկական սարքավորումները պահեստային վիճակում էին, սենյակներ չկային։ Ամեն ինչ սկսվեց սկզբից։ Էնտուզիաստների խումբն իր վրա վերցրեց շինարարական աշխատանքները, շինարարական նյութեր հայթայթելը, վերանորոգվեցին վիրահատարանը, հիվանդասենյակները, վերակենդանացման բաժանմունքը։ Առաջին երեք տարին ծրագիրն իրականացնելուն օգնեցին Հայկական միացյալ ֆոնդը, «Սփոքեյնի սրտի կենտրոնը» (ԱՄՆ), Քլիվլենդի «Մանկական սրտի կենտրոնը» եւ այլ կազմակերպություններ, որոնք տրամադրում էին ֆինանսներՙ տարեկան 100¬120 երեխայի վիրահատության համար։

Հրայր Հովակիմյանիՙ սրտի վիրաբուժական կենտրոն ստեղծելու գաղափարն ինքնանպատակ չէր, նա ուզում էր ստեղծել առողջապահության հստակ մոդել, այնպիսի կառույց, որ վերարտադրողականություն եւ շարունակություն ունենար։ Եվ առաջին տարիներին գրեթե ամենը կախված էր նրա անձից, նվիրումից, հաստատակամությունից։ «Երբ երկու տարի հետո նա մեկնեց ԱՄՆ, մենք առաջին անգամ առանց նրա վիրահատություն արեցինք, եւ սա մեծ երջանկություն էր մեր թիմի եւ իր համար»։

Եվ չնայած, որ Հրայր Հովակիմյանը շատ ազատ ու անմիջական է իր պաշտոնակիցների եւ բոլոր մարդկանց հետ, կենտրոնում տիրում է ամենախիստ կարգապահություն եւ սկզբունքայնություն թե՛ կազմակերպչական, թե՛ բարոյաէթիկական առումներով։

Հրայր Հովակիմյանը, որ գտնում է, թե «կյանքը հրաշք է, իսկ բժիշկն օգնում է, որ այդ հրաշքը հնարավորին չափ երկարատեւի», սիրով պատրաստակամություն հայտնեց համագործակցել մեր թերթի հետ։

Պրոբլեմային, սուր հարցադրումները, հրապարակումները, այսպես կոչված, բժշկի սուր անկյունը կօգնեն հաղթահարելու բազմաթիվ արատավոր երեւույթներ։ Հրավիրում ենք բժիշկներին, հիվանդներին, ընթերցողներին մասնակցելու բանավեճի, առաջարկությունների, անկեղծ քննարկումներիՙ այս անգամ «Ինչո՞ւ է բժիշկն ուզում հանդիպել հիվանդին վիրահատությունից հետո» թեմայով։

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4