Իմ պատշգամբը նայում է մանկական հիվանդանոցին։ Առավոտներն այստեղՙ հիվանդանոցի մուտքի մոտ, ոգեւորիչ տեսարան է։ Հատկապես սիրում եմ այն պահը, երբ ջահել հայրիկն ու մայրիկը նորածին երեխային գրկած, ամենայն զգուշությամբ իրենց դյուրաբեկ ու թանկագին «բեռը» տանում են ներս, հավանաբար հերթական ստուգման կամ պրոֆիլակտիկայի։
Ընդհակառակը, գիշերներն այստեղ մռայլ տեսարան է։ Հիվանդասենյակների աղոտ լույսի մեջ երբեմն երեւում են հիվանդի սնարի մոտ նստած կանացի սիլուետներ, հավանաբար, երեխաների մայրերը, որոնք երեւի աղոթում են իրենց բալիկների առողջության համար, ու հսկում, հսկում...
Բայց ավելի առօրեական տեսարանը պարզվում է կեսօրին, երբ հասնում է պահը ընդմիջման։ Բուժաշխատող կանայք, սպիտակ խալաթները հագին, կամ ոմանքՙ վիրահատական սենյակի բաց կանաչ գույնի արտահագուստով ու թասակներով, փողոցի ասֆալտին քստքստացնելով անխուսափելի մաշիկները, արագ-արագ շարժելով շալվարի տակից ցցվող լխտիկ հետույքները, վազում են հացի կրպակ, ապա մտնում մածնի-պանրի-երշիկի խանութ, հետո մոտենում մայթին լոլիկ, վարունգ ու կանաչի ծախողին, եւ այնտեղիցՙ սեւ ցելոֆանե տոպրակները ձեռքներին, նույն քստքստոցներով վերադառնում հիվանդանոց, անշուշտՙ «պերերիվ անելու»։
Միայն երեւակայել է մնում, թե ինչ է տեղի ունենում դրանից հետո։ Նույն արտահագուստով, նույն մաշիկներով, անմաքուր ձեռքերով երեւի մոտենում են երեխաներին, դեղորայք բաժանում, սրսկում, թերեւս նաեւ փայփայում։ Հավանաբար, մտնում են անգամ վիրահատարան, «բոքս», օգտագործում վիրահատական գործիքներ...
Մեր ժողովրդի մեջ ամուր նստած է այն կարծիքը, թե մեր ծննդատների ու մանկական հիվանդանոցների պատերի մեջ հավիտենական միկրոբներ կան ծվարած, որոնք արդեն մի քանի տասնամյակ չեն ախտահանվում, անգամ «կապիտալ» վերանորոգումներից հետո...
Իրոք, կա՛ն, բայց ոչ պատերի մեջ, այլ պատերից դո՛ւրս, դրսիցՙ ներս, վարակակիր բուժաշխատողների միջոցով։
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ