«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#139, 2002-07-26 | #140, 2002-07-27 | #141, 2002-07-30


ԽԵՂՃ ՏԱՍԸ ԴՐԱՄԱՆՈՑՆԵՐ

Հատկապես մետրոյի տոմսարկղների մոտ ամեն անգամ 10¬20 մանրադրամները վերցնելիսՙ մարդիկ, թվում է, վարանում են։ Եվ աշխատակիցներն էլ շատ հաճախ նկատելի դանդաղկոտությամբ են վերադարձնում մանրադրամը։ Ես էլ երբեմն ճնշվածության զգացում եմ ունեցել դժկամությամբ վերադարձվող 10 դրամները վերցնել-չվերցնելուն ենթարկվելով։ Բայց անմիջապես վանել եմ այդ միտքը, մտածելով, եթե այդ արհամարհվող 10 դրամանոցը նրանց պակաս վճարեմ, կվերցնե՞ն։ Բայց տոմսարկղի մյուս կողմում նստողներն այդ մասին չեն էլ մտածում։

Հատկապես երիտասարդներն են արհամարհանքով վերաբերվում այդ խեղճ տասանոցներին։ Շատ եմ տեսել, երբ նրանք մատների ճարպիկ շարժումներով խաղացնելով մետաղադրամը, դեն են նետում։ Դրամը զնգզնգալով գլորվում է ներքեւ, իսկ թղթե տասանոցը նույնիսկ պատռում, շպրտում են։ Զայրացած են դրանց վրա. ինչո՞ւ։ Ինչո՞ւ է այսպես արհամարհվում մանրադրամը, երբ հաճախ հենց վաճառողներն են դրա կարիքն ունենում, իսկ մուրացկաններին հիմնականում 10-անոց են տալիս։ Պատահում է, որ փոքր գնում ես ուզում կատարել, բայց ոչ մի կերպ չես կարողանումՙ վաճառողների մոտ մանրադրամ չլինելու պատճառով։ Երկար կպտտվես փողոցի ամբողջ կրպակներով եւՙ ապարդյուն։ Եթե հարցնես, թե սպասարկման այս ինչ ձեւ է, ուսերը կթոթվեն։ Իսկ նրանցից մեկն ասաց, թե «ամեն նորմալ երկիր իր մանրադրամի նկատմամբ հարգանք ունի։ Մի երկիր, ուր չեն հարգում էդ փողը, երկիր չի»։

Գուցե սա նրանից է, որ այս մանրադրամով (10-անոց) կարելի է գնել միայն լուցկի, ծամոնի հատիկ, փուչիկ կամ այլ մանրուքներ։ Սրանք էլ անպետք բաներ են, որովհետեւ անորակ ենՙ լուցկին չի վառվում, փուչիկը չի փչվում եւ այլն։

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4