«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2002-07-27 | #141, 2002-07-30 | #142, 2002-07-31


«ԱՐԱՐԱՏԸ ՀԱՅ ԿԵՐՊԱՐՎԵՍՏՈՒՄ»

Ցուցահանդես նկարիչների միությունում

Նկարիչների միության ցուցասրահում ներկայացված «Արարատը հայ կերպարվեստում» թեմայով ցուցահանդեսը Հայաստանում առաջին անգամ է կազմակերպվում նման ընդգրկումով։ Գաղափարը մտահղացվեց անցած տարի նկարիչների միությունում, որից հետո ներկայացվեց 140 աշխատանք, ժյուրիի ընտրությամբ ընտրվեց 80-ը։ Նկարիչները ցուցադրվել են հիմնականում վերջին շրջանում արված մեկական աշխատանքներով։ (Նկարիչների միության խմբակային բոլոր ցուցահանդեսները անցնում են մրցութային կարգով։ Սա համարվում է ցուցահանդեսի մակարդակն ապահովելու լավագույն ձեւ)։

Մեր բիբլիական լեռըՙ Արարատը, մեր գոյության խորհրդանիշն է, եւ մարդկության նոր պատմությունը չէր կարող պատահականորեն սկիզբ առնել Արարատի վրա հանգրվանած Նոյի տապանից։ Բիբլիական Արարատն իր խորհրդավորությամբ մեր արվեստում միշտ էլ ներկայացվել է, իսկ իր հավերժորեն լինելիությամբ ամենադժվարին ժամանակներում վստահություն ներշնչելովՙ ապրելու մեր կամքն է կոփել։

Արարատը ցուցադրված կտավներում բազմաձեւ ու բազմիմաստային է, եւ որքան տարբեր է նկարիչների գունապատկերային ընկալումներում, նույնքան էլ ինչ-որ տեղ նույնաբովանդակ, որովհետեւ սրբազան լեռը հայի համար նախ եւ առաջ ունի ազգային հավաքականության իմաստ եւ պատկերանում է մեզ իբրեւ մեր երազների «անհաս փառքի ճամփա»։

¬ Արարատը մեզ համար արտաքին գեղեցկություն չէ միայն, մեր սիրտն է, ազգային ամբողջականությունը, մեր գաղափարախոսության հիմքերից մեկը, եւ այս նկարները նման խորքայնություն են արտահայտում։ Քիչ կտեսնեք Արարատի սոսկ պատկերներՙ որպես գեղեցիկ գունային կամ կոմպոզիցիոն համադրումներ։ Մեծ մասն Արարատն իբրեւ գաղափարի մարմնավորում է ներկայացնում, ¬ մեր զրույցի ժամանակ ասաց նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը։

¬ Պրն Աղամյան, ձեր կտավում («Սփյուռք») Արարատի ֆոնի վրա պատկերել եք հայ սփյուռքի «կղզյակները»։ Մուգ գունային ֆակտուրաները 1915 թ.-ն ե՞ն ակնարկում։

¬ Իմ «Սփյուռք» աշխատանքն արված է 1988 թ.-ին. Արարատը պատկերված է հակառակ կողմից, սփյուռքի խմբերը սիմվոլացված են։ 1915 թ.-ը նկատի չեմ ունեցել։ Նկարը 1988 թ.-ի ղարաբաղյան շարժման խառը իրավիճակների արտացոլումն է, երբ ողջ սփյուռքը համախմբված էր եւ տագնապում էր Հայաստանի եւ Արցախի ճակատագրի մասին։ Արարատը, որ խորհրդանշում է սփյուռք-Հայաստան կապը, մերը չէ, բայց մեր երազն է։ Ստեղծագործությունը խտացնում է անկախության գույները, 88-ի ալեկոծումները։

¬ Կարո՞ղ եք առանձնացնել որեւէ աշխատանք։

¬ Լավ գործեր շատ կան, բայց այսօր որեւէ մեկին չեմ ուզում առանձնացնել։ Կուզենայի մի այլ հանգամանքի մասին խոսել։ Ցուցահանդեսին մասնակցում են Արցախի նկարիչներըՙ որպես նկարիչների միության առանձին բաժանմունքի անդամներ։ Արցախում անցկացված մրցույթի լավագույն գործերն են այստեղ ներկայացված։ Սա հնարավորություն, առիթ կտա, որ միանանքՙ մշակութային սերտ կապ հաստատվի հետագայում։

¬ Ի՞նչ սկզբունքով են կազմակերպվում ցուցահանդեսները նկարիչների միությունում։

¬ Միությունը 2 դահլիճ ունի, ուր պարբերաբար կազմակերպվում են ցուցահանդեսներ։ Տարվա վերջում պլանավորում ենք հաջորդ տարվա ծրագրերը, նման թեմատիկ ցուցահանդեսները մենք ենք որոշում, իսկ անհատականները կազմակերպվում ենՙ ըստ նկարիչների ներկայացրած դիմումների։

¬ Կայանո՞ւմ են արդյոք ցուցահանդես-վաճառքներ։

¬ Արգելք, ինչ խոսք, չկա, բայց եւ գնորդ չկա։ Այսօր նկարիչն ապրում է հույսերով, թե կգան լավ ժամանակներ, կփոխվի իրավիճակը, որ իրենց ստեղծագործություններով կկարողանան ապահովել կյանքի նյութական կողմը։ Նկարիչների միությունն ունի 1000 անդամ, որոնցից 40 տոկոսն է Հայաստանում, նրանցից մի մասն է ստեղծագործումՙ թե՛ այստեղ մնացածներից, թե՛ արտերկիր մեկնողներից։ Նկարիչներից քչերն են կարողանում իրենց աշխատանքները վաճառելով ապրել, շատերն էլ գնում են վերնիսաժ։

¬ Ի՞նչ կասեք վերնիսաժային նկարչության մասին։

¬ Վերնիսաժային նկարչությունը ռեալ իրականություն է, այն կա եւ ոչինչ անել չես կարող, նկարիչը պետք է ապրի։ Բայց ո՞վ է այնտեղ վճարում նկարչին։ Վերնիսաժի այցելու գնողունակ անձն ունի փող, բայց, մեղմ ասած, չունի ճաշակ, եւ նա է թելադրում պահանջարկըՙ նկարի ձեւը, տեսակը, թե ինչ պիտի ստեղծի այսօր նկարիչը։ Նա էլ իր հերթին վաճառելով մի նկար, սկսում է կրկնել նույնը։ Ինքնին հասկանալի է, որ այսկերպ իսկական արվեստ չի կարող ստեղծվել։ Բայց նման երեւույթ կա ամբողջ աշխարհում։

¬ Պրն Աղամյան, սովորաբար նկար գնողները օտարերկրացիներն են լինում։

¬ Որեւէ օտարերկրացի Հայաստան գալովՙ որպես հիշատակ Հայաստանը պատկերող մի բան կգնի, ավելի էժան գնովՙ Վերնիսաժից, իսկ բարձր արվեստի գործ հիմնականում նրա համար հետաքրքրական չէ։

Բայց եթե որեւէ իսկական նկարչի բախտը բերի եւ մեկը ուզենա գնել, ապա դա չի անի, որովհետեւ այստեղ գործում են խոչընդոտող մեխանիզմներ։ Այս առումով Հայաստանում մի իրավիճակ է ստեղծված, որ ամեն ինչ արվում է խոչընդոտելու օտարերկրացուՙ Հայաստանից գեղարվեստական ստեղծագործություն գնելը։ Այսպիսի բան աշխարհում ոչ մի տեղ չկա։ Խայտառակ օրենք, որ զգալի վնաս հասցրեց առհասարակ հայ մշակույթին վերջին 6 տարում։ Բյուրոկրատական այս օրենքը ստեղծում է արհեստական քաշքշուկՙ ներկայանալ համապատասխան կազմակերպություն, վճարումներ կատարել, կորցնել մի օրՙ թղթե կտորների մի անհեթեթ փաթեթ ձեռքիդ ունենալու համար։ Ենթադրենք Վանաձոր կամ Գյումրի է գնացել մեկը եւ նկար է գնել, պիտի գա Երեւան եւ անցնի այդ նսեմացուցիչ ճանապարհով, անգամ եթե նկար գնել է ոչ թե մասնավորից, այլ գեղարվեստական սալոնից։

Նկարչի հոգսը թեթեւացնելու կամ նրան ոգեւորելու, խթանելու փոխարեն ստեղծում են արհեստական խոչընդոտներ։ Սրա եւ շատ ուրիշ հարցերի մասին պետք է մտածել։

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4