«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2002-07-30 | #142, 2002-07-31 | #143, 2002-08-01


ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՏԱՂԱՎԱՐ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնի (նախկին BDHX) տարածքում Հայաստանի առեւտրացուցահանդեսային կենտրոնի հիմնադրման մասին մանրամասներ հաղորդելու նպատակով երեկ լրագրողների հետ հանդիպեց առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Արա Պետրոսյանը։ Հայկական կենտրոնը կամ տաղավարն ունենալու է մշտական գործողի կարգավիճակ։ ԱՊՀ երկրներից նման տաղավար ունի միայն Ուկրաինան։

Անդրադառնալով հայկական մշտական տաղավարի ստեղծմանը, Արա Պետրոսյանը հայտնեց, որ դեռեւս 1999 թ. Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնը (DDW) առաջարկել էր ԱՊՀ երկրներին մշտական գործող ցուցահանդեսներ կազմակերպել։ Հայաստանն առաջիններից մեկն է արձագանքել, ինչի շնորհիվ հնարավոր է եղել ձեռնտու պայմաններով համաձայնագիր կնքել։ Թ. 68 (նախկին «ածխային արդյունաբերության») տաղավարը գտնվում է ցուցահանդեսային կենտրոնի անմիջապես մուտքի մոտ։ Տարածքը կազմում է 1800 քմ։ Հայաստանի տնտեսվարող սուբյեկտների համար վարձակալության գումարը 30 տոկոսով ցածր է եւ կազմում է 60 ցենտ 1 քմ 1 օր վարձակալելու համար։ Ռուսական կողմի առջեւ ֆինանսական պարտավորությունները պետք է կրի բացառապես Ռուսաստանի տարածքում գրանցված սուբյեկտը, որպիսին դարձավ «Արմիմպորտ» մասնավոր ընկերությունը։ Նա էլ իրականացրել է տաղավարների նորոգման եւ ցուցահանդեսի նախապատրաստման աշխատանքները։

Առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարարը տեղեկացրեց, որ արդեն հիմա հայկական տաղավարում ներկայանալու ցանկություն են հայտնել Ակնագործների եւ ոսկերիչների միության մի շարք ձեռնարկություններ, Երեւանի ոսկերչական գործարանը, Երեւանի էլեկտրաչափիչ սարքերի գործարանը, «Ալմաստ» գործարանը, թեթեւ արդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, Երեւանի կոնյակի գործարանը, AWI ժամացույցների գործարանը, «Նոյան» հյութերի արտադրության «Եվրոթերմ» ընկերությունը եւ ուրիշներ։ Հայտեր ներկայացնելու ժամկետը մինչեւ սեպտեմբերի 1-ն է։ Այս կենտրոնում ներկայացվածության կարեւորությունն ընդգծելու համար Արա Պետրոսյանը նշեց, որ Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոն օրական այցելում է 80¬100 հազար մարդ, իսկ հանգստյան օրերինՙ 200¬300 հազար մարդ։ Հայկական տաղավարը փաստորեն կդառնա լուրջ բիզնես-այցեքարտ։ Դրա ստեղծումը պայմանավորված էր հայկական ապրանքների արտահանման խթանման քաղաքականությամբ։ «Սա պետականի եւ մասնավորի լավագույն համագործակցության արդյունք է», ընդգծեց փոխնախարարը։ Նա նաեւ ավելացրեց, որ հայկական տաղավարը ներդրումների հոսք կապահովի, որովհետեւ այստեղ տեղեկատվություն կհրապարակվի Հայաստանում սեփականաշնորհվող ձեռնարկությունների մասին։ Մի խոսքովՙ կդառնա Հայաստանի վարկանիշի ձեւավորման վայր։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4