«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2002-07-30 | #142, 2002-07-31 | #143, 2002-08-01


Ո՞ՐՆ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԳԱ ՈՒՂԻՆ

Համագործակցություն հայաստանյան հայագետների հե՞տ, թե՞ կղզիացում

Հայաստանյան եւ ամերիկյան հայագետների միջեւ եղած երկարատեւ անջրպետն առավելապես ընդգծվեց վերջին տարիներին, երբ ամերիկյան որոշ հայագետների ուսումնասիրությունները խիստ քննադատության ենթարկեցին հայաստանյան պատմաբանները, որոնք անընդունելի համարեցին դրանցում տեղ գտած հայոց պատմության փաստերի աղավաղումները։ Նրանց կարծիքով, գործում է միտումնավոր քաղաքականություն, որին ծառայում են պատմական ճշմարտությունը խեղաթյուրող ամերիկյան հայագետները։ Անտարակույս, անհրաժեշտ է իմանալ նաեւ ամերիկյան հայագետների կարծիքներն ու պարզաբանումները վերոհիշյալ հարցերի վերաբերյալ։

Ստորեւ ներկայացնում ենք «Ազգի» զրույցը Մ. Նահանգների Հարվարդի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ջեյմս Ռասելի եւ Միչիգանի համալսարանի նույն ամբիոնի վարիչ, դոկտոր Գեւորգ Բարդակչյանի հետ։

¬ Հայոց պատմության ո՞ր թեմաներն են այսօր զբաղեցնում ձեզ։

Ջեյմս Ռասել- Ուսումնասիրում ենք գլխավորապես դասական պատմագրությունըՙ Մովսես Խորենացի, Կորյուն, Թովմա Արծրունի եւ այլն։ Հայագիտության կարեւոր ճյուղերից մեկն աստվածաբանությունն է, որի միջոցով փորձում ենք ծանոթանալ կապադովկիական հայրերի քերթվածքներին, հայոց ներքին աստվածաբանական զարգացումներին, Հայ առաքելական եկեղեցու դավաբանական հիմնադրույթներինՙ պարզելու նրանց ազդեցությունը հայ հոգեւոր մտքի զարգացման վրա։ Հայ բանահյուսությունն ու ազգագրությունը դիտարկում ենք համաշխարհային բառ ու բանի հետ զուգահեռներ անցկացնելու եւ համեմատաբանությունների լույսի ներքո։ Մինչ օրս հայ բանահյուսությունը կրել է բանահավաքային բնույթ, որը չափազանց կարեւոր է։ Սակայն քիչ է ենթարկվել պատմահամեմատական վերլուծության, ուստի ժամանակն է վեր հանել նրանում առկա հնագույն բանահյուսական տարրերը։ Բացահայտելու համար, թե ինչ ազդեցություն է ունեցել «Սասունցի Դավիթ» էպոսը այլ էպոսների վրա, այն պետք է համեմատել հունական «Դիոգենես Ակրիտաս», օսական «Նարտեր», թուրքական «Դեդեքորքուտ» էպոսների հետ։

¬ Ձեր ուսումնասիրությունների շրջանը բավականին լայն էՙ հայոց պատմություն, միջնադարյան եւ ժամանակակից հայ գրականություն, առասպելաբանություն եւ այլն։ Որոշ աշխատություններ քննադատել են հայաստանյան հայագետները։ Ինչպե՞ս եք վերաբերվում դրան։

¬ Հաճախ ոչ թե քննադատում են, այլ վիրավորում ու կոպիտ որակումներ թույլ տալիս, մեծ հիասթափություն առաջացնում եւ վերացնում համատեղ աշխատելու հնարավորությունը։ Ըստ իս, մեր միջեւ իրականում սուր հակասություններ գոյություն չունեն, դրանք ստեղծվում եւ ուռճացվում են արհեստական ձեւով, այսինքնՙ «փոթորիկ են բաժակի մեջ»։ Քննադատությունը պետք է արվի գիտական բարձր մակարդակովՙ պահպանելով փոխադարձ հարգանքն ու արժանապատվությունը։ Առնվազն ցնորք է մտածել, թե ամերիկյան հայագիտության մեջ գոյություն ունի հայոց պատմությունը կեղծելու միտումնավոր քաղաքականություն։

¬ Դուք հաճախ եք հանդես գալիս հայկական որոշ տեսակետների պաշտպանությամբ։ Ինչպե՞ս են դրան արձագանքում թուրքերը։

¬ Համալսարանի քաղաքագիտության ամբիոնին կից գործում է «Կասպիական կենտրոնը», որը մեծ օժանդակություն է ստանում Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Կենտրոնը հակահայկական ակտիվ գործունեություն է ծավալում եւ, բնականաբար, հայկական շահերը պաշտպանողների հանդեպ առաջանում է խիստ ընդգծված բացասական վերաբերմունք եւ նույնիսկ սպառնալիք։

¬ Իսկ ինչպե՞ս կզարգանա ամերիկյան հայագիտությունըՙ համագործակցությո՞ւն, թե՞ մեկուսացում։

¬ Թերեւս աշնանը կայանալիք հայագիտական միջազգային գիտաժողովում կտրվի այս հարցի հիմնավոր պատասխանը։ Համենայն դեպս, այսօրվա վիճակում հայաստանյան հայագետների հետ ոչ մի համագործակցություն չկա։

ԳեՎորգ Բարդակչյան¬ Միչիգանի համալսարանի հայագիտության ամբիոնն, ի տարբերություն մյուսների, հայոց պատմությունն ու գրականությունը դիտարկում է Մերձավոր Արեւելքի երկրների հետ անմիջականորեն փոխկապակցված մոտեցմամբ։ Զբաղվում ենք մի շարք ուսումնասիրություններովՙ հայ-թուրքական հարաբերությունները, հայ-արաբական գրական առնչությունները 20-րդ դարում, Էրզրում-Կարին քաղաքի պատմությունը 19-րդ դարում, միջնադարյան հայրենները պատմահամեմատական լույսի ներքո։

Հայագիտության մի շարք ամբիոններ այսօր կանգնած են լուրջ խնդիրների առջեւ։ Այսպես, օրինակ, մեր ամբիոնում թափուր է հայոց պատմության բաժինը, կադրերի բացակայության պատճառով շուտով կդադարի Կոլումբիայի հայագիտության ամբիոնի գործունեությունը, Կալիֆոռնիայում նույնպես կան խնդիրներ... Ավագ սերնդի հայագետներ Նինա Գարոսյանը, Ռոբերտ Թոմսոնն այլեւս չեն դասավանդում։ Ռիչարդ Հովհաննիսյանն այժմ հիմնականում զբաղված է 20-րդ դարի հայոց պատմությամբ եւ գրեթե չի դասավանդում։ Դասագրքերի խիստ կարիք է զգացվում բոլոր ամբիոններում։

Հայագիտության կղզիացումն, ինչ խոսք, տալիս է իր բացասական հետեւանքները։ Ամերիկյան հայագետները մինչ այսօր անմասն են մնացել Հայաստանում կատարված հսկայածավալ ուսումնասիրություններից, Մանուկ Աբեղյանի, Հրաչյա Աճառյանի եւ այլոց որեւէ աշխատություն երբեւէ չի թարգմանվել անգլերեն, եւ հայաստանյան հայագետներից շատերն էլ անգլերենի չիմացության պատճառով ծանոթ չեն ամերիկյան աշխատություններին։ Հաշվի չեն առնվում մեթոդաբանության եւ մոտեցումների տարբերություններն ու առանձնահատկությունները, որից էլ հաճախ ծնվում են մեկմեկու տրվող «հայատյաց-կեղծարար» եւ «ազգայնամոլ-ցեղապաշտ» անհարկի որակումները։ Չեն կազմակերպվում ամենամյա գիտաժողովներ, որպեսզի իրագործելի դառնան համատեղ ուսումնասիրությունները, կադրերի փոխանակումը, միմյանց մոտիկից ճանաչելն ու հավուր պատշաճի հարգելը...

Կղզիացման քաղաքականության շարունակումը սպառնում է լարվածությամբ, որը ոչ ոքի ձեռնտու չէ։ Հայագիտությունը պիտի շարունակի զարգանալ, ուստի ցանկալի է առավելագույնս շեշտել հայագետների ընդհանրությունները, իսկ տարբերությունների մասին խոսել զուսպ ու հավասարակշռվածՙ համագործակցության համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու անհրաժեշտության գիտակցումով։

Պատրաստեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4