Երեկ Հայաստանի ֆոնդային բորսայում (Armex) ներկայացվեց USAID ֆինանսավորմամբ եւ «Եվրասիա» հիմնադրամի իրականացրած ծրագրով պատրաստված եւ հրատարակված «Հայաստանի ֆոնդային բորսա. թողարկողներ, բաժնետերեր, ներդնողներ» երեք լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն) ձեռնարկը։ Այն համառոտ տեղեկություններ է տալիս Հայաստանում արժեթղթերի ձեւերի, բաց եւ փակ բաժնետիրական ընկերություններին բնորոշ առանձնահատկությունների, դրանց վերակազմակերպման ձեւերի, Հայաստանի ֆոնդային բորսայում արժեթղթերի գրանցման եւ ցուցակավորման առանձնահատկությունների մասին։
Ինչպես միջոցառման բացման ժամանակ նշեց Armex-ի նախագահ Էդուարդ Սանդոյանը, այս ուսումնագործնական ձեռնարկում փորձ է արվել հավաքել ամբողջ մեթոդական բազանՙ օգտագործելով կայացած երկրների բորսաների փորձը։ Արդեն 1000-ական օրինակներ ուղարկվել են հասցեատերերինՙ թողարկողներին, բաժնետերերին, ներդնողներին։ Մի խոսքով, Էդուարդ Սանդոյանի հավաստմամբ, եւս մեկ քայլ արվեց Հայաստանի ֆոնդային բորսայի կայացման ճանապարհին, եւ ընդհանրապես «փոքրիկ քայլերով գնում ենք առաջ»։
Ելույթներ ունեցան նաեւ USAID-ի, «Եվրասիա» հիմնադրամի, ինչպես նաեւ Armex-ին մշտապես օժանդակող կազմակերպություններիՙ «Պրայս ուոտերհաուսի», AED-ի ներկայացուցիչները։
Ա. Մ.