Առանց վարանելու փաստենքՙ Արցախում օգոստոսյան նախագահական ընտրություններն ավարտվեցին միանգամայն օրինաչափ եւ տրամաբանական ելքով. ԼՂՀ նախագահ վերընտրվեց Արկադի Ղուկասյանը։ Ընտրական այս արդյունքին հազիվ թե սթափամիտ որեւէ մեկը կասկածում էր, եւ ոչ թե նրա համար, որ կանխորոշված էր նախագահական աթոռի հետագա պատկանելությունը։ Բնավ, ո՛չ, քաղաքական համաուղղվածությունն այս խնդրում պարտադրված չէր գերակա ազդեցիկ ուժերի կողմից։ Ա. Ղուկասյանն ընտրություններում հաղթանակի իր շահաբաժինն ապահովել էր դեռեւս 1999-ի հունիսի 29-ին, երբ հռչակել էր երկրում օրինականության ու արդարության վերականգնման ուղեգիծը։ Թե ինչ փորձությունների արժանացավ հետագայում այդ ուղեգիծը, կարող ենք դատել 2000 թ. մարտի 22-ի մահափորձի փաստով, երբ ահաբեկչության ենթարկվեց ոչ միայն դրա հեղինակն ու պատասխանատուն, այլեւ ինքըՙ օրինականությունը։ Բարեբախտաբար, ամեն ինչ հաջող ավարտ ունեցավ։ Ու եթե այսօր խոսվում է Ա. Ղուկասյանիՙ ընտրապայքարում լուրջ մրցակիցներ չունենալու մասին (որն, իբր, նրա հաղթանակի գլխավոր կռվանն է), պետք է հաշվի առնել ա՛յս հանգամանքը։
Սովորաբար ապագա նախագահի թեկնածուները ձեւավորվում են ներքաղաքական զարգացումների ընթացքում։ 1999-ին, այս առումով, ԼՂՀ քաղաքական դաշտը երկփեղկված էր։ Ա. Ղուկասյան¬Ս. Բաբայան հակասությունը, ըստ իս, ձեւավորել էր այն դաշտը, որտեղ պիտի կայանային, այսպես կոչված, իշխանության ձգտող ուժերը։ Ավելի կոնկրետՙ այդ ուժերը պիտի համախմբվեին իրենց առաջնորդների շուրջըՙ սատարելու նրանց քաղաքական ծրագրերին։ Թվում է, հենց այս քաղաքական երկբեւեռությունը կդառնար հետագայում ԼՂՀ խորհրդարանական եւ ավելի ուշՙ նախագահական ընտրությունների պայքարի հենահարթակը։ Սակայն իրադարձությունների անսպասելի ընթացքը (մարտի 22) փոխեց քաղաքական ուժերի դասավորությունը։ Բռնի իշխանափոխության կողմնակիցների մարտյան կրախը, տրոհելով այս թեւի խախուտ դարձած շարքերը, միաժամանակ բարոյական եւ քաղաքական հաղթանակ վերապահեց օրինականության ու արդարության ուղեգծի կողմնակիցներին։ Բռնատիրության մռայլ հեռանկարներից ձերբազատված ժողովուրդը անվերապահորեն կողմնորոշվեց դեպի նոր ուղեգիծը։ Ղուկասյանամետ ուժերի հաղթանակը ԼՂՀ 2000 թ. խորհրդարանական ընտրություններում նույն այդ քաղաքական իրողությունների արդյունք էր։ Անցած շուրջ երկու տարում Արցախում քաղաքական դաշտը ոչ միայն չի բացազատվել, այլեւ նույնիսկ կենտրոնաձգվել էՙ շնորհիվ «Ժողովրդավարական Արցախ միություն» քաղաքական կազմակերպության ազդեցության ընդլայնման։
Հարկ է նշել, որ ԼՂՀ-ում գործող կուսակցությունների պատրաստակամությունըՙ ընտրություններում աջակցել Արկադի Ղուկասյանին, ոչ թե ակնկալումների ժեստ էր նախագահին, այլ իրավիճակային հետեւությունների ճիշտ հաշվարկ։ Անկասկած է, որ ընտրություններում զուտ կուսակցական ընդդիմությունը էական հաջողությունների չէր բերի, անգամ դրանց մի քանիսի համախմբման պարագայում, որովհետեւ ժողովրդավարությունն, իրոք, այլընտրանք չունի Արցախում, իսկ ԼՂՀ-ում ժողովրդավարության ջատագովը, ընդունված տեսակետով, Ա. Ղուկասյանն է։ Գոնե մինչ այդ հանրապետությունում իրականացված բարեփոխումները եւ դրանց ներկա ընթացքը հիմք էին տալիս նման մտածողության։
Օգոստոսի 11-ի նախագահական ընտրություններում ժողովրդի մեծամասնության այսօրինակ համախմբվածությունը նաեւ պատմական բացատրություն ունի։ Արցախցիների ընկալմամբՙ քաղաքական այդ միջոցառումը ոչ թե պարզապես չինովնիկական վերնախավի վերաձեւավորում էր, այլ պետական ինքնահաստատման գործընթացի որակական նոր փուլ, որի մի շրջափուլը եղել է 1991-94 թթ. Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմը։ Այն ժամանակ էլ հաղթանակել էր միասնական կամքը։ Դիվանագիտական եւ քաղաքական այլ մեկնաբանություններում ղարաբաղյան ընտրությունները ինչ կերպ էլ որակվեն, անժխտելի է մի բանՙ ԼՂՀ-ում տեղի ունեցող գործընթացների հիմնական կրողը ժողովուրդն է, եւ պետք է, որ միջազգային հանրությունը իր վերաբերմունքում կարեւորի այս հանգամանքը։
Ընտրություններին հետեւող շուրջ 100 դիտորդներ եւ ԶԼՄ ներկայացուցիչներ արդեն պաշտոնապես հավաստել են դրանց արդարացիությունն ու թափանցիկությունը։ Իսկ Մեծ Բրիտանիայի մարդու իրավունքների գծով Հելսինկիի խմբի անդամներից մեկի բնութագրմամբՙ օգոստոսի 11-ի ընտրությունները իրենց համար, նույնիսկ, ուսանելի բան ունեն։ Անկախ նրանից, թե Եվրոպայի միությունը, նաեւ Ռուսաստանը, բացասաբար են արձագանքել ԼՂՀ նախագահական ընտրությունների անցկացմանը, Արցախը դրանով մի շատ կարեւոր քայլ է կատարել ժողովրդավարական պետություն կառուցելու ճանապարհին, որի դրական արդյունքը անպայմանորեն կդիտվի եւ կկարեւորվի ղարաբաղյան հիմնահարցի լուծման որոնումներում։ Խոստովանենք, ԼՂՀ-ում անցկացված բոլոր կարգի ընտրությունների նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքը դարձյալ միանշանակ չի եղել այդուհանդերձ, ոչ մի ընտրություն իր ժամանակին բացասաբար չի ազդել խաղաղ բանակցությունների ընթացքի վրա։
Այսպիսով, ԼՂՀ նախագահական ընտրությունները հերթական քայլ էին ժողովրդավարական հասարակության կերտման գործընթացում։ Ժողովրդի քվեն նաեւ պարտադրող արժեք ունի. առաջիկա հինգ տարին պիտի դառնա ժողովրդի հավատի պտուղները քաղելու ժամանակաշրջան։ Ու դա կարող է տեղի ունենալ, թերեւս, այն դեպքում, եթե լիարժեք իրագործվի հաղթանակած նախագահի նախընտրական ծրագիրը։
Իսկ դրա հաջող սկիզբը գործնականում արդեն առկա է. նախագահական ընտրությունների անթերի ու բարձրամակարդակ անցկացումը ամենաստույգ վկայությունն է։
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ