«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#145, 2002-08-03 | #146, 2002-08-20 | #147, 2002-08-21


ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ԱՃԵԼ Է ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵԿ ՃՅՈՒՂԻ ՇՆՈՐՀԻՎ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Այս տարվա առաջին կեսին, համաձայն Վիճակագրության ազգային ծառայության տվյալների, Հայաստանի տնտեսական աճը շարունակվել է։ Համախառն ներքին արդյունքն աճել է 10,1 տոկոսով։ Թե ինչպե՞ս է բաշխվել հասարակության մեջ, եւ վերջինս զգո՞ւմ է որոշակի դրական փոփոխություններՙ այլ հարց է, որին հաճախ ենք անդրադարձել եւ դեռ կանդրադառնանք այլ առիթներով։ Այս հրապարակման նպատակը երկրի տնտեսական կացության մեկ այլ կարեւոր բնութագրիչիՙ արտաքին առեւտրի ցուցանիշներին անդրադառնալն է։

Այսպիսով, 2002 թ. վեց ամիսների Հայաստանի արտաքին առեւտրի ծավալները կազմել են 632 մլն դոլար, որը նշանակում է աճ 13,6 տոկոսով։ Դրականը արտահանման աճի շարունակվելն է։ Այն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է գրեթե 41 տոկոսով եւ կազմել 225,3 մլն դոլար։ Որոշակի աճ է արձանագրվել նաեւ ներմուծման ծավալներումՙ մոտ 10,5 մլն դոլարով կամ 2,6 տոկոսով։ Ներմուծման ծավալները կազմել են 407 մլն դոլարՙ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 396,6 մլն դոլարի փոխարեն։ Շնորհիվ այս ցուցանիշներիՙ նվազել է առեւտրային բացասական հաշվեկշիռը։ 2001 թ. առաջին կեսի 236,6 մլն դոլարի փոխարեն այժմ կազմել է 181,7 մլն դոլար։

Փոփոխություններ են արձանագրվել արտահանման եւ ներմուծման աշխարհագրության մեջ։

Աճել են ոչ ԱՊՀ երկրներ արտահանումը եւ ԱՊՀ երկրներից ներմուծումը։ Արտահանման գլխավոր երկրներն են Բելգիան, Իսրայելը, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, որոնց հետ էլ (բացառությամբ Ռուսաստանի) Հայաստանն ունի դրական առեւտրային հաշվեկշիռ։ Հասկանալի է, որ Բելգիա եւ Իսրայել արտահանվող հիմնական արտադրանքն ադամանդն է։ Ի դեպ, թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների եւ դրանցից պատրաստված իրերի, այլ կերպ ասածՙ ադամանդագործական եւ ոսկերչական արտադրանքի արտահանման բաժինը կազմում է ընդհանուրի առյուծի բաժինըՙ 54,2 տոկոսը։ Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումն այստեղ ավելի քան կրկնակի աճել էՙ 57 մլն դոլարից հասնելով 122 մլն դոլարի։ Էապես ավելացել է նաեւ մանածագործական իրերի, հանքահումքային, պատրաստի սննդի արտադրանքը։ Օրինակՙ Հայաստանից արտահանվել է 32 մլն դոլարի պատրաստի սնունդ, որը շուրջ 1 մլն դոլարով ավելի է նախորդ տարվա առաջին կեսի արտադրանքի ծավալներից։

Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա այստեղ եւս հիմնականը թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերի հումքի բաժինն է, որի ներմուծումն ավելացել է 75 տոկոսով։ Ընդհանուր ներմուծման ծավալների մեջ այս ոլորտը կազմում է մոտ 19 տոկոս, հանքահումքային արտադրանքըՙ 16,5 տոկոս։ Չնայած 9 տոկոսով կամ շուրջ 3 մլն դոլարով նվազել է ներմուծման մեջ մշտապես առաջատար դիրքեր զբաղեցնող պատրաստի սնունդը, այն շարունակում է պատկառելի թիվ կազմելՙ 32 մլն դոլար։ Եթե դրան ավելացնենք բուսական ծագման (38 մլն դոլար) եւ կենդանական ծագման (14 մլն դոլար) արտադրանքը, ապա ակնհայտ կդառնա, որ սննդարդյունաբերական ապրանքները ներմուծման մեջ լուրջ տեղ են զբաղեցնում։

Գլխավոր երկրները, որտեղից ապրանքներ են մուտք գործում Հայաստան, հետեւյալն ենՙ Ռուսաստան, Բելգիա, Իրան, Իսրայել։ Ակնհայտ է, որ Իսրայելից, Բելգիայից հիմնականում, իսկ Ռուսաստանիցՙ մասամբ ներմուծվում է ադամանդի հումքը, որը մշակվում եւ արտահանվում է։ Ցավոք, բացի երեքՙ վերոհիշյալ երկրներից, մյուս առեւտրատնտեսական գործընկերների հետ Հայաստանն ունի բացասական առեւտրային հաշվեկշիռ։

Ի՞նչ կարելի է եզրակացնել վերոնշյալ ցուցանիշներից։ Առաջին իսկ հայացքից ակնհայտ է դրական տեղաշարժը։ Սակայն հարկ է նշել նաեւ, որ բացի ադամանդագործությունից եւ ոսկերչությունից, արտահանման մեջ լուրջ գործոն հանդիսացող այլ ոլորտ գրեթե գոյություն չունի։ Թերեւս կարելի է նշել նաեւ լեռնահանքային եւ սննդի արդյունաբերությունը, բայցՙ ոչ ավելին։ Եվ եթե էլեկտրասարքերի, ռադիոէլեկտրոնիկայի ոլորտի հետ հույսեր կապելն անիմաստ է կամ լավագույն դեպքում վաղաժամ, ապա, օրինակ, քիմիական, թեթեւ արդյունաբերության մեջ զգալի ներուժ կա։ Եվ ընդհանրապես, հարկ է արտահանումը խրախուսելու հայտարարությունից անցնել ավելի գործնական եւ արդյունավետ միջոցառումների, տնտեսության այլ ճյուղերում եւս։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4