Մեկօրյա տպավորություններ Վանաձորից
Վանաձորը, թվում է, ոչնչով չի փոխվում։ Ժամանակն ասես կանգ է առել այստեղ, կորցրել իր ազդեցությունը։ Քաղաքն իր մշտական ինքնամփոփ նիրհի մեջ է, մի յուրահատուկ ներքին տխրությամբ, մեղմ թացությամբ։ Առավոտներն այստեղ շատ խաղաղ են, աղմուկը կոպիտ քաղաքակրթության հեռավոր արձագանք է թվում։
Սաՙ մակերեսային անդրադարձներում, իհարկե։ Տարիներ առաջ տեսածս քաղաքի վերհուշը ոչնչով չփոխվեց. միայն կյանքը մի քիչ ավելի թմրած թվաց, մարդիկ էլ հազվադեպ էին հանդիպում փողոցներում։ Մայրաքաղաքային արդիական կյանքին բնորոշ զարկերակն այստեղ շատ թույլ է, գրեթե չկան նորաբաց վայրերՙ վերջին տարիներին բնորոշ, տեղ-տեղ հանդիպող անաշխույժ սրճարաններՙ հազվադեպ այցելուներով, հատուկենտ նորատեսք խանութներ։ Նորույթն այստեղ բացակա է, քաղաքը մի տեսակ լքված տպավորություն է թողնում։ Նոսրացող անտառների բացակա լռությամբ Գուգարաց աշխարհի չքնաղ բնության գրկում Վանաձորը տխուր նիրհում է... Սա իմ կարճ այցելության հպանցիկ տպավորությունն է միայն։
Քաղաքն իր տոներն ունի. այդ օրերին վանաձորցիք Ծաղկի տոն էին նշում, որին հաջորդեց Վարդավառը։ Այստեղ չկար մայրաքաղաքի աշխուժությունը, փողոցներում ու բակերում խմբված տղաների կողքով անցնող աղջիկների վախըՙ սանրվածքը կամ հագուստը փչացնելու մտահոգությամբ։ Քաղաքում ջրոցի չէին խաղում, բացի լճի մերձակայքում խմբվածներից, մեկ էլ երթուղային տաքսիների ուղեւորներին ջրի շիթերից հանկարծակիի բերելու վանաձորցի տղերքի քմահաճություններից։
Քաղաքի մշակութային կյանքն իր ինքնատիպ շնչառությունն ունի, հար եւ նման քաղաքի մթնոլորտին. Վանաձորում ստեղծագործում են շնորհալի նկարիչներ, երիտասարդ գրողներ, երաժշտական ժամանակակից խմբեր, թատրոն եւ այլն։ Սրանք թույլ շտրիխներ են ընդամենըՙ մշակութային կյանքը բնավ չարտացոլող։ Այստեղ ապրողները սիրում են իրենց քաղաքը եւ ստեղծում մշակութային իրենց կոլորիտը։ Այցելությունս քաղաքի պատկերասրահ միանգամայն պատահական էր, բայց հանդիպեցի զարմանալի ջերմության։ Պատրաստակամ ու բարեհամբույր թանգարանի ֆոնդերի գիտաշխատող Լենա Անթառանյանը սիրով ներկայացրեց պատկերասրահում նորերս բացված ցուցահանդեսըՙ նվիրված նկարիչ Վիլեն Գաբազյանի հիշատակին։
1974 թ. իբրեւ Երեւանի պատկերասրահի մասնաճյուղ բացված Վանաձորի պատկերասրահը 1979-ին առանձնացավ եւ դարձավ Վանաձորի կերպարվեստի պետական թանգարանՙ քաղաքապետարանի ենթակայությամբ։ Թանգարանի հարկաբաժիններում ներկայացված են քանդակային, գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքներ եւ կիրառական արվեստի նմուշներ։ Մինչեւ 1988-ի երկրաշարժը թանգարանի սրահներում ցուցադրվում էին Այվազովսկու, Բաշինջաղյանի, Թերլեմեզյանի, Սարյանի ստեղծագործություններից։ 88-ից հետո թանգարանի տնօրենությունը շուրջ 80¬90 արժեքավոր կտավներ տեղափոխեց Երեւանի պատկերասրահՙ նկարները կորստից փրկելու համար։ Ծանր ժամանակներ էին, եւ նկարների պահպանության խնդիրը լուրջ վտանգի տակ էրՙ հատկապես այդ տարիներին ցրտի, խոնավության պայմաններում։ Այժմ շատ բան նկատելիորեն փոխված է անշուշտ, կյանքը բարենորոգված, Վանաձորը վերափոխվում է. «Մենք սիրում ենք մեր քաղաքն այնպես, որ կարելի է խանդել մեր քաղաքի մարդկանց իրենց սիրո համար», ասում է Լենան։
Պատկերասրահում ներկայացված են հիմնականում վանաձորցի հին ու նոր սերնդի նկարիչների աշխատանքներՙ Վիլեն Գաբազյան, Կարլոս Աբովյան, Արամ Նազարյան, Մարիամ Ամիրխանյան, Վանիկ Մանուկյան, Անատոլի Ավետյան, Փափագ Ալոյան, Սամվել Ղարիբջանյան, Արա Ղեւոնդյան, նաեւ Արմինե Կալենց, Բաժբեուկ Մելիքյան, Ս. Խաթլամաջյան, Ռ. Ադալյան եւ ուրիշներ։ Պատկերասրահի ֆոնդերը հարստանում են ցուցադրվող նկարիչների նվիրատվություններից։
Խանդաղատանքով ու սիրով էր խոսում յուրաքանչյուր նկարչի ու նրա ստեղծագործությունների մասին թանգարանի աշխատակցուհին, նկարագրում նրանց բնույթը, խառնվածքը, բնորոշ որեւէ դեպք հիշում. «Ամենադաժան ցրտերինՙ 89-ի ձմռանն անգամ Փարաջանով ենք ցուցադրել։ Եթե խումբ է գալիս ու պատահում է, որ դրամ չի ունենում (100 դրամի սահմաններում է տոմսը), նույն սիրով էլ ընդունում ենք, եթե մարդը եկել է թանգարան եւ ուզում է առնչվել արվեստի հետ, նրան պիտի ասեսՙ բարով ես եկել»։
Իրենց յուրաքանչյուր այցելուին սրտաբաց են ընդունում թանգարանի աշխատակիցները, որոնց աշխատանքային պայմանները, սակայն, բնավ էլ բավարար չեն, իսկ պատկերասրահը ճնշող տպավորություն է թողնում վերանորոգման խիստ կարիք ունենալու պատճառով. արդիականացնելու շունչն իր բոլոր բաղադրամասերովՙ դիզայնի, տեխնիկայի առումներով այստեղ պարզապես անհրաժեշտություն է։ Մայրաքաղաքի տուն-թանգարաններն ու պատկերասրահներն այս օրերին վերանորոգման ընթացքի մեջ են (չգիտես ինչու բոլորը միանգամից), բայց մայրաքաղաքից դենն էլ աշխարհ կա, քաղաքներ, ուր մարդիկ ապրում ու ստեղծագործում են, պատկերասրահներ, թանգարաններ, թատրոններ, որտեղ պահպանում ու գնահատում են մշակույթը։ «Քաղաքապետարանի աջակցությամբ աստիճանաբար պետք է որոշակի փոփոխություններ կատարվեն, վերանորոգման հարցն ամենաառաջնայինն է։ Կա պայմանավորվածություն մշակույթի նախարարարության, Երեւանի պատկերասրահի տնօրենության հետ երկրաշարժի ժամանակ Երեւանի պատկերասրահ տեղափոխած նկարները վերադարձնելու։
«Շրջաններն ուշադրությունից դուրս են, անմխիթար վիճակ է։ Տեղաշարժեր կան, իհարկե, մենք հույսներս չենք կորցնում։ Մայրաքաղաքի ուշադրությունը մեզ էլ պետք է ուղղված լինի, եւ սկզբնական քայլը միասին պետք է կատարենք, մեր զրույցի ընթացքում ասաց պատկերասրահի տնօրեն Փափագ Ալոյանը։
Այստեղ երկու հարված միանգամից եղավ. հասարակական հեղաշրջումները եւ բնության արհավիրքըՙ երկրաշարժը։ Կորուստները շատ էինՙ հոգեբանական լուրջ տեղաշարժեր, ցնցումներ, քաղաքից հեռացում։ Բայց տարին տարվա վրա տարբերություն կա, մեր ցուցասրահներումՙ նույնպես։ Մինչեւ ապրիլ ամիսը ցուցահանդեսներ չեն լինում, կեսերից սկսվում ենՙ այս տարի Գյումրու գեղարվեստի ակադեմիայի բարձր կուրսի ուսանողների, մեր քաղաքի նկարիչների խմբակային, Սամվել Ղարիբջանյանի անհատական ցուցահանդեսները եղան։ Առաջիկայում նոր ծրագրեր շատ կան»։
...Վանաձորում շրջելիս մի աներեւույթ ուղեկից միշտ քայլում է հետդ. դա թախիծն էՙ անտառամերձ լռությամբ լեցուն։ Վանաձորցի վաղամեռիկ բանաստեղծ Սամվել Զուլոյանն իր քաղաքը համարել է «անձրեւող սիրո քաղաք»։ Այս անձրեւող քաղաքի թախծից բաժանվելիս հիշեցի սփյուռքահայ բարեկամիս խոսքը, թե «կյանքը կենտրոնացած է միայն Երեւանում, մայրաքաղաքից դուրս տպավորությունը ճնշող է, հատկապես գյուղերում»։
Իհարկե, ամենի համար ժամանակ է պահանջվում, բայց պետք չէ մոռանալ նաեւ, որ ուշադրությունից տեւականորեն վրիպելու դեպքում կորուստներն անդառնալի կարող են լինել։
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ