Հայտնվելով Կրասնոդարի երկրամասում, տվյալ դեպքումՙ Սոչիում, եւ հանդիպելով տեղի հայերի հետ, բնականաբար, հետաքրքրվում եսՙ ինչպե՞ս են ապրում նրանք հակահայկական տրամադրություններով հագեցած տարածաշրջանում։ Եվ ո՞վ կարող է ավելի լավ պատասխանել մեզ հուզող հարցերին, եթե ոչ տեղի հայ համայնքի ղեկավարը։
Հակոբ Ջիվանի Կոչկոնյան։ Ծնվել է 1948թ. Սուխումում, սովորել տեղի հայկական դպրոցներից մեկում։ 28 տարի ծառայել է խորհրդային բանակում, վերջին պաշտոնըՙ դիվիզիայի շտաբի պետ։ Զորացրվել է գեներալ-մայորի կոչումով։ Ավարտել է նաեւ Բլագովեշչենսկի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ 96-ից բնակվում է Սոչիում, վերջին երկու տարում գլխավորում է քաղաքի հայ համայնքը։
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա-Սոչի
¬ Պրն Կոչկոնյան, նախՙ ինչքա՞ն հայ է բնակվում Սոչիում։
¬ Պաշտոնապես մոտ 80 հազար, իրականում ավելի շատ ենՙ կազմում են քաղաքի բնակչության քառորդ մասը։
¬ Ի՞նչ կասեք տեղի համայնքային կազմակերպության, հայության մասին։
¬ Համաքաղաքային կազմակերպությունը, որ կոչվում է «Սեւան», գործում է արդեն 12 տարի։ Ունենք 25 հոգուց բաղկացած նախագահություն, որի մեջ մտնում են քաղաքի բոլոր հայաշատ շրջանների ներկայացուցիչները, իսկ առավել խոշոր շրջաններում բացել ենք բաժանմունքներ։ Քաղաքում գործում են 5 զուտ հայկական դպրոցներ, կան նաեւ խառը դպրոցներ։ Ունենք մարզական, գեղարվեստական սեկցիաներ, ինքնագործ երգի-պարի խմբեր եւ այլն։ Կանոնավոր լույս է տեսնում «Արմյանսկիե վեստի» ռուսերեն-հայերեն 16 էջանոց ամսաթերթը։ Քաղաքի հայությունն ունի լավ մտավորականություն, մասնավորապես տարբեր բնագավառների 100-ից ավելի գիտնականներ, բայց ընդհանուր առմամբ գերիշխում է փոքր ու միջին բիզնեսի խավը, թեեւ ունենք նաեւ երեւացող գործարարներ։
Քաղաքային օրենսդիր ժողովում ներկայացված ենք 5 հայազգի պատգամավորներով։ Մեզ հողամաս է հատկացվել, առաջիկայում կսկսենք համայնքի նոր գրասենյակի շինարարությունը։ Հատուկ նշեմ, որ մեր կազմակերպությունը մտնում է Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) կազմի մեջ։
¬ Հայաստանում խիստ անհանգստացած են հայերի նկատմամբ Կրասնոդարի երկրամասի ղեկավարության խտրական գործողություններից։ Դուք զգո՞ւմ եք հակահայկական տրամադրությունների ուժեղացումը, որեւէ մակարդակով դրանց անմիջական ներգործությունը։
¬ Տակավին նախկին նահանգապետ Կոնդրատենկոյի ժամանակ շոշափելի էր երկրամասի ղեկավարության, վարչական մարմինների ճնշումը տեղի հայության վրա։ Տկաչովի օրոք հակակովկասյան ու հատկապես հակահայկական քարոզչությունն ավելի բացահայտ ու ագրեսիվ դարձավ։ Այսօր երկրամասի հայերի առջեւ գրեթե փակ են վարչական բարձր պաշտոններ տանող ճանապարհները։ Առավել եւս ոչ մի հեռանկար չունի գրանցում կամ քաղաքացիություն չունեցող հայը։ Մենք կարող էինք շատ ավելի վատ վիճակում հայտնվել, եթե չդիմակայեինք Տկաչովին։
¬ Ի՞նչ նկատի ունեք։
¬ Ստեղծված մթնոլորտը, վայրագության դրսեւորումները ինչ-որ տեղ միավորեցին տեղի հայերիս (հայտնի է մեր անհատապաշտ բնավորությունը)։ Մեր համայնքի ազգապաշտպան գործունեության արդյունավետությունը խիստ բարձրացավ, երբ մենք, ինչպես արդեն ասացի, դարձանք Արա Աբրահամյանի գլխավորած ՌՀՄ-ի կոլեկտիվ անդամ եւ համախմբեցինք մեր ջանքերը։ Տկաչովին, իհարկե, հայտնի է նախագահ Պուտինի բարեհաճ վերաբերմունքը Աբրահամյանի նկատմամբ, եւ առաջինի ցուցումով նա հանդիպումներ ունեցավ ՌՀՄ-ի լիդերի հետ Մոսկվայում։ Այնուհետեւ Աբրահամյանն ինքը եկավ Կրասնոդարՙ մեղմացնելու շիկացած մթնոլորտը։ Նա նաեւ հավաքեց երկրամասի բոլոր հայկական կազմակերպությունների ղեկավարներին եւ պարզաբանեց մեր խնդիրներըՙ ինչպես գործենք ու պահենք մեզ, կարգապահ լինենք, զուսպ ու առիթներ չտանք սադրանքների, միջադեպերի։ Օգտակար էր Հայաստանի խորհրդարանի պատվիրակների այցը Կրասնոդար։ Անձամբ ես էլ եմ մասնակցել Պուտինի օգնական Սուրկովի, ազգությունների նախարար Զորինի, Դաշնային խորհրդի պատվիրակության հետ կայացած հանդիպումներին։
¬ Եվ ի՞նչ տպավորություն եք ստացել այդ բանակցություններից։
¬ Մի բան պարզ է, որ այս հակամարտության շարունակումից առաջին հերթին կտուժենք մենք, բայց մյուս կողմն էլ բան չի շահի, եւ այս փաստի գիտակցումն առկա էր բանակցությունների ու հանդիպումների ընթացքում։ Շատ ավելի խրթին է մեկ այլ հանգամանք։ Մոսկվայի թե երկրամասի բարձրաստիճան ներկայացուցիչների մեջ հաճախ ես հանդիպում մարդկանց, որոնք ռուս էլ չեն, եւ Ռուսաստանի շահերի պաշտպանությունը նրանց համար վերջին տեղն է գրավում։ Եվ այդ անձանց դրսեւորած ցուցադրական ագրեսիվ «ռուսասիրությունը» շատ ավելի նենգ էՙ քաղաքականապես բազմաշերտ։ Այդուհանդերձ ես չէի ասի, թե մեր ձայնը չի լսվում։ Համենայն դեպս, Տկաչովը գոնե հրապարակային նզովքներին վերջ է տվել։ Նա նույնիսկ ստիպված եղավ «այլ աշխատանքի» տեղափոխել իր առավել «ջանադիր» տեղակալներից մեկին (ի դեպ, նույնպես ոչ ռուսի)։
¬ Մեր դեմ տրամադրված ամենամութ ուժերից մեկը կազակությունն է։ Ի՞նչ հարաբերություններ ունեք նրանց հետ։
¬ Բուն Սոչիում առայժմ խնդիրներ չունենք, որովհետեւ ես ինքս, չնայած ազգային պատկանելությանս, ատաման եմ։ Կազակները հարգում են զինվորական ծառայությունը, գեներալի կոչումս։ Այլ է իրավիճակը Կուբանում։ Դուք իրավացի եք, կազակները միատարր չեն, եւ նրանց մեջ զգալի է մութ զանգվածը, որ նույնքան մութ քաղաքական ուժեր կարող են անհրաժեշտ պահին մեր դեմ ուղղել։ Սա ռեալ, վտանգավոր փաստ է։
¬ Պրն Կոչկոնյան, երբ ես, որպես ռուսաստանաբնակ հայ, Հայաստանում ասում եմ, որ հայերս էլ մեղքի բաժին ունենք հակահայկական տրամադրությունների առաջացման մեջ, շատերը նեղանում են, իբր մենք որպես արարող ազգ միայն բարիք ենք բերում Ռուսաստանին։ Մինչեւ ձեզ հետ հանդիպելը ես հանգամանալի զրուցեցի Սոչիի միլպետի տեղակալներից մեկի հետ եւ... «աչքալուսանք» ստացա. նախօրյակին 12 հայ, մարդու լեզուն չի էլ պտտվում հայ անվանելու այդ տականքներին, դաժանաբար բռնաբարել էին մի ռուս աղջկա։ 12 հոգո՜վ։ Երեւի տեղին է հիշել Սոչիի հայաշատ շրջաններից մեկի ղեկավար Ալբերտ Մավյանի անսեթեւեթ հայտարարությունըՙ հայերս դեռ պիտի սովորենք մեզ պահել Ռուսաստանում։ Ի՞նչ կասեք։
¬ Իսկ կարծում եք ռուսները մոռացե՞լ են, երբ հայ ստահակը ծծմբաթթու էր լցրել սոչիեցի գեղեցկուհու երեսին։ Դժբախտությունն այն է, որ այդ գարշանք հայերը, լեզու տալով մեր թշնամիներին, ծանր վիճակի մեջ են դնում ոչ միայն մեզ, այլեւ այն ռուսներին, ովքեր համակրանք ունեն մեր նկատմամբ։ Ձեր հիշատակած նողկալի դեպքի կապակցությամբ ինձ կանչեց քաղաքապետի տեղակալներից մեկը եւ դառնությամբ ասացՙ պատկերացնում եմ ինչ կանեիք հայերդ, եթե Երեւանում ոչ տեղացի 12 ռուս տղամարդ բռնաբարեին մի հայուհու։ Ծանր թեմա է։
¬ Եվ ինչպես ասում ենՙ ինչպե՞ս պիտի ապրենք հետայսու։
¬ Մեր պահվածքից շատ բան է կախված, մենք պարտավոր ենք մեզ դրսեւորել լավագույն կողմերով։ Գիտեք, ինչ ուզում է լինի, Ռուսաստանը մեզ ավելի մոտ է, քան Ամերիկան։ Երկրամասի բնակչությունն, օրինակ, գնահատեց ջրհեղեղից տուժած շրջանների բնակիչներին ցույց տրված մեր օգնությունը. տասնյակ կամազներով անհրաժեշտ իրեր ուղարկեցինք նրանց։ Կրթական-դաստիարակչական աշխատանքը մեր համայնքային գործունեության հիմնական ուղղություններից մեկն է, ունենք մի խումբ դասախոսներ, որոնք այդ իմաստով մեծ գործ են կատարում հայության շրջանում։ Կյանքը շարունակվում է։ Որպես Սոչիի ազգային-մշակութային ոլորտի խոշոր իրադարձություն կնշեի քաղաքի համալսարանում հայագիտական ֆակուլտետի բացումը. մոտ երեք տասնյակ հայ երիտասարդներ ու մի քանի ռուսներ սեպտեմբերից կսկսեն ուսումնասիրել հայոց լեզուն ու գրականությունը, պատմությունը, մշակույթը։ Ուսուցիչներ կպատրաստենք մեր դպրոցների համար, մասնագետներՙ ազգային գործունեության համար։ Այս հիանալի նախաձեռնության ողջ ֆինանսական ծախսերն իր վրա է վերցրել Սոչիի «Նեւա ինտերնեյշնլ» ռուս-ամերիկյան հյուրանոցային համալիրի գլխավոր տնօրեն Վիկտոր Հայրապետյանը։ Հսկայական է նրա օգնությունը նաեւ տեղի հայկական դպրոցներին։ Քանի որ նա ձեր հարազատ եղբայրն է, ապա խնդրում եմ համեստության նկատառումներով հարցազրույցից չհանեք իմ խոսքերը նրա մասին, որովհետեւ դա ոչ միայն հայերիս, այլեւ ուրիշների կարծիքն էՙ Վիկտոր Հայրապետյանն էլիտային բիզնեսմեն է եւ էլիտային հայ։ Ուրիշ ոչինչ չեմ ավելացնում։