Սուխումի իշխանությունները ոչնչացրին աբխազական ելուզակախմբին, որը յոթ տարի ասպատակում էր Աբխազիայի հայկական գյուղերը
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Արակիչ-Սուխում-Գագրա-Երեւան
Օչամչիրի շրջանի Արակիչ գյուղի 80-ամյա բնակիչ Արշավիր Մինասյանը վրաց-աբխազական պատերազմը գրի է առել օր առ օր։ «Սա պատմություն է, նույնիսկ գրել եմ, թե պատերազմի որ օրը անձրեւ եկավ», հուզված պատմում է ծերունին։
Սեւ ծովի ափերին, ներկայիս ինքնահռչակ Աբխազիայի տարածքում, հայերը հաստատվել են վաղ միջնադարից։ Աբխազահայերի հիմնական զանգվածը համշենցիներ են, որոնք այստեղ են գաղթել Տրապիզոնի, Օրդուի, Սամսունի շրջակայքից։ «Մեր արմատներն Անիից են։ Մինչ մերՙ համշենահայերի Աբխազիա գաղթը, այս հողերում հայեր բնակվել են Գուդաուտում, Աբուում, Մցարայում։ Մեր գյուղըՙ Արակիչը, արդեն երկրորդ տարին չի թալանվում։ Աբխազ ավազակախումբը յոթ տարի թալանում էր Արակիչը, նրանք սպանեցին վեց հայերի, այդ թվումՙ կոլտնտեսության նախագահ Վլ. Չաքրյանին, իմ վրա կրակեցին», վրա տալով պատմում է Արշավիր պապը։
«Կային ժամանակներ, երբ ելուզակախումբը երկար տարիներ մոլեգնում էր։ Շնորհիվ ուժային կառույցների, շնորհիվ նախկին դատախազ, այսօր վարչապետ Անրի Ջերգենիայի, ելուզակախումբը ոչնչացվեց, խմբի անդամներից երկուսը բանտարկված են, երեքը սպանվեցին։ Դրանից հետո հայերը վերադառնում են Արակիչ, գյուղում հարսանիքներ են լինում», ասում է Աբխազիայի խորհրդարանի պատգամավոր, աբխազական պատերազմի հերոս Գալուստ Տրապիզոնյանը, որի հետ զրուցեցինք Գագրայի իր առանձնատանը։
Արակիչի միջնակարգ դպրոցի տնօրեն Գեղանուշ Կանսուզյանը պատմում է, որ պատերազմի ժամանակ (1992 թ. օգոստոս-1993 թ. սեպտեմբեր) վրացական «Մխեդրիոնին» վեց ամիս նստել էր եւ դպրոցի շենքը դարձրել իր շտաբը։ «Մենք շրջափակման մեջ էինք։ Կռվից առաջ ունեինք 380 աշակերտ։ Դպրոցը քարուքանդ արվեց, բայց մենք վերականգնեցինք, նոյեմբերի 3-ին, հաղթանակից մեկ ամիս անց, արդեն 23 աշակերտ էր հաճախում։ 1996 թ. ունեինք 200 աշակերտ, այսօրՙ համարյա 100», ասում է տկն Գեղանուշը։
«Երբ կռիվը վերջացավ, աբխազներն սկսեցին ասել, թե ինչո՞ւ ձերՙ հայերիդ տները մնացին կանգուն, դուք այնպես չտուժեցիք, ինչպես մենք։ Կռվի ժամանակ վրացիներն ուզում էին մեր երիտասարդությանը հանել աբխազների դեմ, բայց չհաջողվեց։ Մենք որոշեցինք գյուղի երիտասարդությանը հեռացնել Ռուսաստան, ապահով վայրեր։ Հաղթանակից հետո գյուղացիները սկսեցին վերադառնալ Արակիչ։ Բայց մեզ հանգիստ չէր սպասում։ Աբխազները սկսեցին կողոպտել տները, փող հավաքել, սկսեցին 100 ռուբլուց, հասցրին մինչեւ 2000։ Ներխուժում էին տները եւ ասումՙ այսքան փող ես տալու, ինչ ունեսՙ վերցնում-տանում էին։ Ինչ ուզում անում էին», պատմում է Արակիչի գյուղապետ Գրիշա Աթմաջյանը։
Աբխազիայի Օչամչիրի շրջանն ունի հայկական երեք գյուղՙ Արակիչ, Լաբրա, Աթարա Արմյանսկի, Օչամչիր քաղաքում 20-25 տուն հայ ընտանիք է մնացել։ Վրաց-աբխազական պատերազմից հետո աբխազ ելուզակախումբը յոթ տարի շարունակ ասպատակել է շրջանի հայկական գյուղերը։ «Ամենավատ վիճակում է Լաբրա գյուղը։ Աթարա Արմյանսկին ժամանակին ուներ 2500 բնակիչ, այսօր 83 հայ ընտանիք է մնացել, մյուսներն այլազգի են։ Մեր հաշվարկներով այսօր Արակիչում ունենք 1260 բնակիչ, որի 99 տոկոսը հայեր են։ Մինչեւ պատերազմը Արակիչն ուներ 2500 հայ ընտանիք», ասում է գյուղապետ Աթմաջյանը։ «Մի գիշերվա ընթացքում աբխազները թալանում էին 10-12 ընտանիքի։ Ուրիշ գյուղեր էլ էին մտնում, բայց առանձնապես մեր գյուղը տուժեց։ Եթե այստեղ չլինեին Ալբերտ Կապիկյանը, Գալուստ Տրապիզոնյանը, նրանց ընկերները, Արակիչը վաղուց չքացել էր», ասում է գյուղապետը։
Վրաց-աբխազական պատերազմի ընթացքում Աբխազիայի կողմից 260 հայ է զոհվել, 20 հայեր դարձել են Աբխազիայի հերոսներ։ Դրանցից մեկը Գալուստ Տրապիզոնյանն էՙ մայրաքաղաք Սուխումում գործող հայկական բարեգործական, մշակութային «Կռունկ» միության նախագահը։ «Կռունկը» զբաղվել եւ այսօր էլ զբաղվում է բարեգործությամբՙ իր հնարավորությունների սահմաններում եւ մշակութային-կրթական գործունեությամբ։ Աբխազիայում կա հայկական 41 դպրոց, ունենք «Ծովաշունչ» համույթը, օժանդակում ենք տեղի հայ շրջանավարտներին ընդունվելու Հայաստանի բուհեր։ Ահա որոնք են մեր խնդիրները», ասում է պրն Տրապիզոնյանը եւ «Ազգի» միջոցով շնորհակալական խոսք փոխանցում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին, նախարարության սփյուռքի բաժնի պետ Յուրա Նավոյանին։ Վերջիններիս շնորհիվ է նաեւ, որ այսօր Աբխազիայի հայկական դպրոցներն ստանում են դասագրքեր։
Աբխազիայում հայերի թիվը մոտ 70 հազար է, որից 22 հազարըՙ Գագրայի շրջանում։ «Գագրայում հայերն իրենց շատ լավ են զգում։ Այսօր շրջանում ապրում են 22 հազար հայ, 8 հազար աբխազ, 7 հազար ռուս եւ մի քանի հազար այլազգի։ Գագրայում են կազմավորվել Բաղրամյանի անվան առաջին եւ երկրորդ գումարտակները», ասում է պրն Տրապիզոնյանը։
Բացառությամբ Գալիի շրջանի, հայեր են բնակվում Աբխազիայի մյուս հինգ շրջաններում։ Հայեր շատ կան մայրաքաղաք Սուխումում։ Ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի հայազգի պատգամավոր Ալբերտ Հովսեփյանն ասում է, որ Աբխազիայի իշխանությունները լոյալ, համբերատար են այն ազգերի հանդեպ, ովքեր բնակվում են երկրում։ «Դրա ապացույցը մի քանի տասնյակ հայկական դպրոցների առկայությունն է, որոնք սնվում են պետական բյուջեից։ Եթե դրանցից մեկը փակվի, ապա մենք ենք մեղավոր։ Սուխումում կա հայկական մեկ դպրոցՙ Հովհ. Թումանյանի անվան միջնակարգը։ Մայրաքաղաքի 2000 հայ մանուկներ հաճախում են ռուսական դպրոցներ», ասում է պրն Հովսեփյանը։
Աբխազիայում հայերը նյութապես վատ չեն ապրում, հողը բարեբեր է։ Ցավոք, վրաց-աբխազական պատերազմից հետո Աբխազիայի եւ Հայաստանի կապը խզվել է, ճանապարհները փակ են։ Երեւի այդ պատճառով է, որ աբխազահայերը հանրապետության տարածք ոտք դրած հային գրկաբաց են ընդունում։ Օչամչիրի շրջանի Արակիչ գյուղի 80-ամյա բնակիչ Արշավիր Մինասյանը, որ մինչ հայրենականը մեկ տարի սովորել է Թերլեմեզյանումՙ Գրիգոր Խանջյանի կուրսում, ինձ չթողեց միայնակ հասնեմ Սուխում։ Գյուղացիներից մեկին խնդրել էր «Ժիգուլիով» հասցնել մայրաքաղաք։ Ճանապարհին անդադար հարցեր էր տալիս, ժպտում, ուրախանում։ Խոստացա մյուս անգամ Աբխազիա գալուց իր մասին մի բան գրել։
Հիանալի ծերունի է։