«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#148, 2002-08-22 | #149, 2002-08-23 | #150, 2002-08-24


ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՙ ԳՈՐԾՈ՞Ղ, ԹԵ՞ ՍՊԱՍՎՈՂ

Հայագիտությունը խորհրդային տարիներին առանձնահատուկ ուշադրության է արժանացել հատկապես Երեւանի պետական համալսարանում, որտեղ հավատարմորեն պահպանվել են գիտական դարավոր ավանդույթները։ Համալսարանի ռեկտոր Մկրտիչ Ներսիսյանի ջանքերով եւ նախաձեռնությամբ 1969 թ. միավորվեցին հայագիտական մանր օղակները, եւ ԽՍՀՄ լուսավ. նախարարության որոշմամբ ստեղծվեց հայագիտական հետազոտությունների պրոբլեմային լաբորատորիա (հայագիտական կենտրոն), որը կոչված էր համախմբելու տարբեր ամբիոններում ցրված հայագիտական ուժերը, կատարելու հայոց պատմության եւ մշակույթի համակողմանի եւ համատեղ ուսումնասիրություններ, հայագիտության հարցերը քննարկելու համաշխարհային քաղաքակրթության եւ ժողովուրդների փոխհարաբերությունների համապատկերում։ Այդ տարիներին կենտրոնը մեծ գործունեություն ծավալեցՙ հիմք դնելով «Հայ մշակույթի նշանավոր գործիչները» մատենաշարի, հայ մատենագրության հուշարձանների եւ հայագիտական կարեւորագույն աշխատությունների հրատարակմանը, թարգմանչական արվեստի զարգացմանը, համամիութենական գիտաժողովների անցկացմանըՙ դառնալով գիտական կարեւոր եւ պատվելի օջախ։

Վերջին տասնամյակում գիտական ողջ համակարգի փլուզումը հիմնովին խախտեց նաեւ հայագիտության զարգացման հիմքերը։ Այսօր համալսարանի հայագիտական կենտրոնը դուրս է մնացել կառավարության եւ հասարակության ուշադրությունից, եւ նրա գոյության մասին գրեթե չի խոսվում։ Ավելինՙ շեշտվում է հայագիտական կենտրոն ստեղծելու անհրաժեշտությունըՙ անտեսելով արդեն եղածը։

Կենտրոնի ներկայիս աշխատանքների մասին տեղեկանալու նպատակով «Ազգը» զրուցեց կենտրոնի վարիչ, բանասիրության դոկտոր Արշակ Մադոյանի հետ։ «Հայագիտական կենտրոնն այսօր միակ գիտական օջախն է, որտեղ ուսումնասիրվում են հայ-բասկյան լեզվական առնչությունները։ Անցած 10 տարիների ընթացքում այս թեմայի աշխատողները հրատարակել են «Արաքս» հայ-բասկյան հանդեսը, կատարել բազմաթիվ ուսումնասիրություններ ու թարգմանություններ։ Դժբախտաբար, այս տարի գիտության եւ կրթության նախարարության մասնագիտական հանձնաժողովը չկարողացավ ճիշտ կողմնորոշվել եւ գնահատել թեման, որի հետեւանքով այն մերժվեց։ Թվում է, թե ուշադրության կենտրոնում եղել են ակադեմիկոսների եւ դոկտորների թեմաները։ Հանձնաժողովը պարտավոր էր աստիճաններից եւ կոչումներից ավելի հաշվի առնել թեմայի կարեւորությունն ու ուսումնասիրողների կարողությունը։ Ցավոք, այդպես չեղավ։ Մեծ դժվարություններ ունենք հրատարակության հարցում։ Իսպանիայի կառավարության հովանավորությամբ միայն հրատարակեցինք մի քանի գիրք, այդ թվումՙ Վահան Սարգսյանի «Բասկերենի համառոտ քերականությունը» եւ «Բասկերեն-հայերեն» բառարանը։ Այս խնդրում մեզ օգնում է հիմնականում «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը, որի օգնությամբ հրատարակել ենք Յոզեֆ Կարստի «Կիլիկյան հայերենի քերականությունը» (թարգմ.ՙ Դմիտրի Սլիվնյակ)։ Թաթիկ Հակոբյանի, Ստեփան Մելիք-Բաշխյանի եւ Հովհաննես Բարսեղյանի կազմած «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան» 5 հատորյակի հրատարակությունն այս տարի արժանացավ պետական մրցանակի։ Պետական հովանավորությամբ հայ ժողովուրդը վերջապես ունեցավ Ֆրիտյոֆ Նանսենի «Խաբված ժողովուրդ» գիրքը (թարգմ.ՙ Էվելինա Մակարյան)։ Ցավով պիտի նշեմ, որ այն ընդունվեց անհասկանալի լռությամբ, մամուլում բնավ չեղան արձագանքներ։ Մեզանում այլեւս չկա նախկին ոգեւորությունը նոր եւ արժեքավոր գրքերի լույսընծայման առիթով։

Կենտրոնում ուսումնասիրվում է հայոց շարժումների լեզուն։ Բանասիրության դոկտոր Երջանիկ Գեւորգյանը կազմել է հայոց շարժումների լեզվի բառարան, որը մինչ այսօր անտիպ է։ Ի դեպ, նման բառարաններ շատ քիչ լեզուներ ունեն։

Կենտրոնի պատմաբանասիրական խումբը զբաղվում է հայոց պատմության եւ մշակույթի հարցերով։ Գրական կապերի խմբի գործունեությունը գնալով նեղանում է, քանի որ ֆինանսական դժվարությունների պատճառով այսօր արդեն հայ-ռուսական գրական կապերի խումբ գոյություն չունի, իսկ հայ-վրացական եւ հայ-ֆրանսիական կապերով զբաղված են ընդամենը մեկական գիտաշխատողներ։ Խորհրդային տարիներին մեզ մոտ գրվել եւ պաշտպանվել են 4 դոկտորական եւ բազմաթիվ թեկնածուական աշխատանքներ։ Նոր համակարգի բերած թեմատիկ ֆինանսավորումը քանդեց գիտության հիմքերը եւ անժխտելիորեն ապացուցեց նախկինՙ բազային ֆինասավորման արդյունավետությունը։ Էապես փոխվեցին արժեքները եւ որոշ դեպքերում անձնական շահախնդրությունը վեր դասվեց գիտության շահերից։

Անցած տարվա օգոստոսին գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի օժանդակությամբ անցկացրինք «Քաղաքակրթությունների երկխոսություն» միջազգային գիտաժողովը, իսկ այս տարվա մայիսին «Հայ օգնություն» միության օժանդակությամբ Ջավախքում կազմակերպեցինք առաջին հայագիտական գիտաժողովը։ Լեփ-լեցուն դահլիճում լսվեցին ընդհանուր հայագիտական եւ Ջավախքի պատմությանն առնչվող հարցեր։ Գիտաժողովի նյութերն ամփոփվեցին «Կերոն-2002» ժողովածուի մեջ», պատմեց կենտրոնի վարիչը։

Իսկ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովն այս տարվա մայիսին առաջին անգամ անցկացրեց «Հայագիտության եւ հայոց լեզվի խնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներ («Ազգ», 24 մայիսի, 2002 թ.)։ Արվեցին մի շարք առաջարկություններ, որոնց թվում նախատեսվում է հայագիտության զարգացման ծրագիր եւ հիմնադրամ ստեղծելուց հետո պետական հովանավորությամբ հիմնել հայագիտական կենտրոն, որը կզբաղվի հայոց ծագումնաբանության համակողմանի ուսումնասիրման, հայոց պատմության խեղաթյուրումների սրբագրման, հայագիտական ժառանգության հաշվառման եւ պահպանման հարցերով։ Առայժմ առաջարկությունների փաթեթը սոսկ թղթի վրա է, իսկ թե ի՞նչ ընթացք կստանաՙ կանդրադառնանք առաջիկայում։ Այնուամենայնիվ, արժե խորհել տարիների ընթացքում ձեռք բերածը պահպանելու եւ ընդլայնելու մասին։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4