Մոսկովյան «Նեզավիսիմայա գազետան» օգոստոսի 21-ի համարում հոդված է հրատարակել ընդդեմ Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանի։ Որ դա պատվիրված նյութ է, կասկած չի հարուցում, քանզի ամեն մի տողից թույն է կաթում, եւ դա այն դեպքում, երբ նրա հասցեին մեղադրանքներն ավելի շատ ենթադրական են։ Ըստ երեւույթին նման հրապարակման կարելի էր սպասել, որովհետեւ իրեն լիուլի հաստատելով որպես բիզնեսմեն ու այնուհետեւ հիմնադրելով ու գլխավորելով ազգային հասարակական խոշոր կազմակերպությունը, Աբրահամյանն իր ծավալուն ազգանվեր, ռուս-հայկական բազմակողմ հարաբերությունների զարգացմանը միտված ակտիվ գործունեությամբ դարձել է Ռուսաստանի մասշտաբով երեւացող քաղաքական ֆիգուր, որի հետ հաշվի է նստում նույնիսկ երկրի ղեկավարը (թերթը նույնիսկ խայթիչ տոնով գրել էր, թե նա Ռուսաստանի նախագահի գրեթե «անձնական օլիգարխն է»)։ Պարզ է, որ նման պարագայում Աբրահամյանը պիտի վաստակեր նաեւ անբարյացակամորեն կամ պարզապես թշնամաբար տրամադրված հավակնոտ հակառակորդներ, ընդսմին դրանք կարող են լինել հայեր (Ռուսաստանում թե Հայաստանում), ադրբեջանցիներ կամ ռուս նացիոնալիստներՙ տարբեր մակարդակների։ Չի բացառվում, որ Աբրահամյանի միջոցով հարված է հասցվում նաեւ ռուս-հայկական հարաբերությունները վերահսկող Իլյա Կլեբանովին, որի անունը նույնպես շոշափվում է բացասական իմաստով։
Եվ այսպես. ինչո՞ւմ է մեղադրվում ՌՀՄ-ի ղեկավարը։ Նախ հոդվածում կասկածի տակ է առնվում Հայաստանի պարտքի դիմաց տեղական ձեռնարկությունների հանձնման նպատակահարմարությունը. դա համարվում է 101 միլիոն դոլարի արքայական պարգեւ «Ռուսաստանի վաղեմի գործընկերոջն ու ամենահավատարիմ դաշնակցին» (չես հասկանում, սա լուրջ է ասվում, թե հեգնանքով)։ Այնուհետեւ պարզվում է, որ Ռուսաստանի որոշ պաշտոնատար անձանց միջոցով նույն Կլեբանովի հովանավորությամբ պլաններ են մշակվում այդ ձեռնարկությունները հանձնելու ռուսաստանյան «Սոգլասիե» ԲԲԸ-ին, որը պատկանում է Աբրահամյանին։ Այնուհետեւ վերջինս մեղադրվում է Հայաստանի նախագահական ընտրությունների վրա ազդելու հավակնությունների մեջ եւ այլն։ Աբրահամյանին հեղինակազրկելու միտումն այնքան բացահայտ է, որ հոդվածը վերածվում է բուլվարային մակարդակի զրպարտագրի։ Հայաստանի ձեռնարկությունները Ռուսաստանին հանձնելուց բացի առայժմ ոչինչ կոնկրետ տեղի չի ունեցել, բայց հորինվածքում պաթետիկ կոչեր են արվում Դումային, Դաշնային խորհրդին, էկոնոմիկայի զարգացման եւ արտաքին գործերի նախարարություններին, լայն հասարակայնությանըՙ կանխելու Ռուսաստանի գլխին կախված «աբրահամյանական» արհավիրքը։
Եթե նյութը պատվիրել են հայերը, դա նողկալի է, եթե ադրբեջանցիներըՙ անօգուտ է, եթե ռուսներըՙ տկար է։ «Բերեզովսկուն պատկանող «Նեզավիսիմայա գազետան» հաճախ է աճուրդի հանում իր «անկախությունը»։ Եվ այդ ցածրակարգ աճուրդի գինը կբարձրանա, եթե Աբրահամյանը մասնակցի դրան։ Արժե՞ որ։
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա