«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#151, 2002-08-27 | #152, 2002-08-28 | #153, 2002-08-29


«ՆԱԻՐԻՏԻ» ԵՐՐՈՐԴ ՀՈՍՔԱԳԾԻ ՀԱՐՑԸ ՍՊԱՌՎԱԾ Է

Ասաց առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարարը

«Նաիրիտը» մեր հանրապետության համար սովորական ձեռնարկություն չէ, եւ նրա կանոնավոր աշխատանքը կարեւոր նշանակություն ունի ինչպես քիմիական արդյունաբերության, այնպես էլ երկրի ընդհանուր տնտեսական ցուցանիշների համար։ Ինչպես հայտնի է, վերջերս ձեռնարկությունը ձեռք բերեց «Ռանսատ գրուպ» ընկերությունը, որի տնօրեն, «Նաիրիտի» գործադիր կառավարման նախագահ Անիլ Կումարը մամուլում դժգոհություն էր հայտնել «Նաիրիտի» հետ կապված մեկ այլ գործարքի կապակցությամբ։ Խոսքը կաուչուկի արտադրության հայ-չինական համատեղ ձեռնարկության ստեղծման գործարքի մասին էր, համաձայն որի հայկական կողմից որպես ներդրում պետք է համարվեր «Նաիրիտի» երեք հոսքագծերից մեկը։ Այդ առնչությամբ Անիլ Կումարն ասել էր հետեւյալը. «3 հոսքագիծ են դրել այն պարզ պատճառով, որ մեկի խափանվելու դեպքում մյուս երկուսն անխափան ապահովեն արտադրությունը։ Իսկ եթե երկուսի դեպքում մեկը խափանվի՞... Հոսքագծերից մեկի հեռացումը կնշանակի առանց որեւէ տրամաբանության մարմնի անդամահատում։ Երրորդ հոսքագծի հարցը բավական սուր ենք դրել կառավարության առջեւ։ Մեր հետագա գործունեությունը շատ բանով պայմանավորված է նաեւ դրանով»։

«Ռանսատ գրուպի» «սուր» հարցադրումը որոշեցինք վերաուղղել կառավարությանը, տվյալ դեպքումՙ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Աշոտ Շահնազարյանին, որը Հայաստանի կողմից ստորագրել է հայ-չինական գործարքը եւ ղեկավարել բանակցությունները «Ռանսատ գրուպի» հետ։ Փոխնախարարը նշեց, որ հայ-չինական գործարքն ավելի վաղ է կնքվել եւ ավելի բարձրՙ միջկառավարական համաձայնագրի կարգավիճակ ունի։ Հայկական կողմն այդ պայմանագրից չի հրաժարվի։ Ինչ վերաբերում է 3-րդ հոսքագիծը, ավելի ճիշտ դրա վերջին մասըՙ նիկելապատ թմբուկը Չինաստան տեղափոխելուն եւ հայ-չինական ձեռնարկությունում տեղադրելուն, ապա դրա մասին «Ռանսատ գրուպը» տեղյակ է եղել պայմանագիրը ստորագրելիս։ Անիլ Կումարի այդ հայտարարությունից հետո Աշոտ Շահնազարյանն ընդունել է նրան եւ պարզաբանել իրավիճակը։ «Դա տեղի է ունեցել 2¬3 ամիս առաջ, եւ այժմ կարծում եմ, որ հարցը սպառված կարելի է համարել», «Ազգի» թղթակցին տված իր պարզաբանումն այսպես եզրափակեց փոխնախարարը։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4