«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#151, 2002-08-27 | #152, 2002-08-28 | #153, 2002-08-29


ՎԱՅՈՑ ՁՈՐԸ ՄԻԱՅՆ ՋԵՐՄՈՒԿԸ ՉԷ

Երկու օրը, որ հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակության հետ եղանք Վայոց ձորի մարզում, իհարկե, բավարար չէր լիարժեք պատկերացում կազմելու այս մարզի սոցիալ-տնտեսական վիճակի, բնակչության տրամադրությունների մասին։ Այդուհանդերձ, մեր տեսածն ու լսածը մարզի խոշոր բնակավայրերում եւ ձեռնարկություններում որոշակի պատկերացում կազմելու հնարավորություն ընձեռեցին։

Գաղտնիք չէ, որ մարզի այցետոմսը «Ջերմուկ» հանքային ջուրը եւ դրա շշալցման ձեռնարկություններն են։ Դրանց թիվը 17-ն է, բայց առավել հայտնիներն են նորաստեղծ «Ջերմուկ գրուպը» եւ այսպես կոչված «Մայր գործարանը»։ Առաջինը ստեղծվել է ոչ վաղուց (3 տարի առաջ), բայց արդեն հասցրել է «Ջերմուկի» համբավը տարածել բազմաթիվ երկրներում։ Հանքային ջրի արտադրությունը, փաստորեն, քաղաքում միակ արդյունաբերական ճյուղն է։ Ձեռնարկություններում աշխատում է Ջերմուկի 4¬5 հազար բնակիչների փոքր մասը միայն։ Աշխատատեղեր ապահովող հիմնական ոլորտն առողջարաններն ու հանգստյան տներն են, ինչը գալիս է դեռեւս խորհրդային տարիներից։ Եվ իրոք, ով թեկուզ մեկ անգամ եղել է Ջերմուկում, կարող է փաստել, որ այս քաղաքի նշանակությունն առողջարանային քաղաք լինելն է։ Անտառապատ լեռներով շրջապատվածՙ այն ոչնչով չի զիջում աշխարհի լավագույն առողջարանային վայրերի բնությանը։ Սակայն, ավաղ, խոսել վերջիններիս հետ մրցակցելու մասինՙ առայժմ լուրջ չէ։ Չնայած ամառային ամիսներին Հայաստանի տարբեր բնակավայրերից Ջերմուկ մեկնողների բազմաթիվ լինելուն եւ քաղաքի 4 առողջարանների գրեթե լրիվ ծանրաբեռնվածությանը, այստեղ առաջարկվող ծառայությունները հեռու են միջազգային չափանիշներից։

Մեզ հյուրընկալած հանգստյան տունը (անվանումը չենք նշում, քանի որ պատկերը համանման է մյուսներում եւս), բացառությամբ հյուրընկալողների սիրալիրության եւ բարեհաճ վերաբերմունքի, զուրկ էր աշխարհում ընդունված տարրական հարմարություններից։ Համարների հատակին բացակայում էր փափուկ ծածկը, լվացարաններումՙ տաք ջուրն ու ցնցուղը, սենյակներումՙ գիշերային լամպերը, հեռուստացույցը, հեռախոսը, ռադիոընդունիչը։ Կահույքը (պահարաններ, աթոռներ, մահճակալներ) հնացած եւ անհրապույր էր։ Բնականաբար, խոսել օդափոխիչների, արբանյակային կապի, մեքենաների պատվիրման եւ այլ ծառայությունների մասին, անիմաստ է։ Անգամ ժամացույց կար միայն ընդհանուր հարկաբաժնում, սակայն չէր աշխատում։ Դե, իսկ անկողնային սպիտակեղենի մաքրությունը չէր կարող անգամ թույլ սփոփանք համարվել։ Ակնհայտ է, որ այս կերպ հնարավոր չէ առողջարանների շուրջտարյա աշխատանք ապահովել կամ օտարերկրյա հանգստացողներին ու զբոսաշրջիկներին հրապուրել։ Մինչդեռ դա թույլ կտար ամբողջությամբ բավարարել քաղաքի զբաղվածությունը եւ էապես խթանել նրա զարգացումը։ Պարզ է, որ դա հնարավոր է միայն լուրջ ներդրումների դեպքում։ Ներկա պայմաններում, երբ առողջարանները ՀԱՄԽ-ի ենթակայության տակ են, դա անհնար է։ Միայն դրանց մասնավորեցումը, ինչի մասին այստեղ նշեց երկրի նախագահը, հնարավորություն կտա զարգացնել առողջարանային բիզնեսը Ջերմուկում։ Առավել եւս, որ մեկ այլ կարեւոր ենթակառույցի ստեղծմանՙ ճանապարհաշինության ուղղությամբ մեծ աշխատանքներ են կատարվում։ Իսկ առայժմ Ջերմուկը, կարելի է ասել, ապրում է սեզոնից սեզոն։ Ամառային աշխուժությանը հաջորդում է նույն միապաղաղ, ձանձրալի եւ անփող առօրյան։

Մեզՙ որպես լրագրողների, հետաքրքրում էր, թե հանրապետական մամուլն ինչպես է այստեղ ներկայացված։ Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը հայտնեց, որ իրենք ընդամենը մեկ օրինակ «Հայաստանի Հանրապետություն» են ստանում որպես պաշտոնաթերթ եւ մեկ օրինակ «Ազգ», ինչն իր ջանքերի արդյունք է, որովհետեւ մեր թերթի մշտական ընթերցողն է։ Թերեւս ավելորդ է մտածել մարզի գյուղերում հանրապետական մամուլի առկայության մասին։ Սակայն վերադառնանք Վայոց ձորի ընդհանուր պատկերին։

Բացի Ջերմուկ քաղաքից, մարզում տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն է։ Վայոց ձորում կայուն տեմպերով զարգանում են խաղողագործությունը եւ գինեգործությունը։ Շնորհիվ այստեղ աճող «Արենի» խաղողի եւ դրանից ստացվող գինու մարզը զարգացման իրական հնարավորություն է ստանում։ Անցած մի քանի տարիների ընթացքում այստեղ սկսել են գործել բազմաթիվ գինեգործական ընկերություններՙ «Գետափի գինու գործարան» («Վեդի Ալկոյի» կազմում), «Քիմլեյ», «Գինեթաս», «Արենի», «Գետնատուն» եւ այլն։ Անցյալ տարի այս ընկերությունները խաղողը մթերել են 1 կգ-ը 140 դրամով, ինչը բավականին բարձր գին է, եթե նկատի ունենանք, որ Արարատյան դաշտավայրի ձեռնարկությունների մթերած 1 կգ խաղողի միջին գինը 70¬80 դրամ էր։ Այս տարի կանխատեսվում են եթե ոչ ավելի, ապա գոնե անցյալ տարվա գներին համարժեք մթերման գներ։ Հարկ ենք համարում նշել, որ մարզում գինեգործական նոր ձեռնարկությունների ստեղծմանը մեծապես նպաստել է ԱՄՆ գյուղդեպարտամենտի (USDA) մարկետինգի աջակցության ծրագրի օժանդակությունը։

Վայոց ձորում զարգացման հեռանկարներ ունի նաեւ անասնապահությունը։ Մասնավորապես այծաբուծության զարգացման ծրագիր է իրականացնում Եղեգնաձորի «Իրինդ» ընկերությունը, որի ֆինանսավորումը կատարում է դարձյալ USDA¬ն։

Այդուհանդերձ, պատասխանատվություն ենք ստանձնում կանխատեսելու, որ մոտ ապագայում Վայոց ձորի երկրորդ այցետոմսը կլինի «Արենի» գինին, եւ հնարավոր է, որ առավել ճանաչված դառնա, քան «Ջերմուկ» հանքային ջուրը։

Խոսելով այս մարզի մասին, չենք կարող անտեսել նրա խոշոր բնակավայրերից մեկըՙ Մալիշկա գյուղը։ Այս գյուղի անունը վերջերս հաճախ հիշատակվում է Ռուսաստանի հայերի միության նախագահ, խոշոր գործարար Արա Աբրահամյանի անվան հետ, որը ծնունդով այստեղից է։ Նրա եղբայրներից Սերգեյ Աբրահամյանի գլխավորած ընկերությունը (DPA) այստեղ ադամանդագործական ձեռնարկություն է հիմնադրել, որն արագորեն ավելացնում է արտադրության ծավալները։

Եվ վերջապեսՙ զբոսաշրջության զարգացման հնարավորության հարցը։ Ինչպես արդեն նշեցինք, ենթակառուցվածքների ստեղծման դեպքում հիասքանչ լեռներ, անտառներ, լեռնային մաքուր օդ, «Ջերմուկ» հանքային ջուր, առողջարաններ, Նորավանք ու «Արենի» գինի ունեցող մարզն ուղղակի իդեալական վայր կլինի զբոսաշրջության համար։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4