Կարեն Սբմատյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը
Երեկ նկարչի տանը բացվեց Կարեն Սմբատյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը։ Արդի հայ կերպարվեստում իր անհատականությամբ, աշխարհն իրեն հատուկ գունային ընկալումներով կտավին հանձնելու ուրույն տաղանդով վաղուց արդեն իր տեղը նվաճած գեղանկարիչ Կարեն Սմբատյանը երեկ արվեստասեր հանրությանը ներկայացավ իր վերջին տարիների աշխատանքներով։ Ցուցահանդեսն ամբողջության մեջ լուսավոր տարածություն էր, ուր նկարները գունային շռայլությամբ տաք շնչառություն էին հաղորդել ընդարձակ ցուցասրահին։ Սմբատյան նկարչի ձեռագրի անկրկնելիությունն ակնհայտ է. պատկերներիՙ երբեմն իրականությունից վերացարկումը, իրերի ու երեւույթների սմբատյանական մեկնաբանությունները խիստ ինքնատիպ լուծումներով են աչքի ընկնում։ Նրա կտավների վառ կարմիրը, կապույտը, կանաչն ու դեղինն ուժեղացնում են նկարների ներքին տրամադրությունը, ինչն անմիջականորեն փոխանցվում է դիտողին։ Ինքըՙ նկարիչը, աշխարհը տեսնում է հույզերի դրական պրիզմայի միջովՙ լավատեսություն հաղորդելով ստեղծագործություններին։ Իր ներաշխարհային խորքայնությունը դրսեւորում է պարզ արտահայտչամիջոցներովՙ հասնելով, սակայն, պատկերի խորքայնությանՙ երբեմն անսովոր ձեւերի մեջ։ Դրանք հաճախ այնքան են անմիջական, որ հասնում են մանկական երեւակայության թեթեւության, որ ավելի քան անպաճույճ են։
Մի առիթով Վարուժան Վարդանյանը Կարեն Սմբատյանի մասին գրել է. «Նրա արվեստը մեկուսի երեւույթ է հայկական նկարչության մեջ եւ չունի իր նախորդը մեր կերպարվեստի անցյալում եւ ոչ զուգահեռն այսօր։ Կ. Սմբատյանը խիստ ժամանակակից նկարիչ էՙ իր տեսակով նեոսովիստ, որն իր արվեստում սինթեզում է ֆրանսիացի հրաշալի վարպետների արվեստը, հայկական մանրանկարչությունը, Սարյանի արվեստի իմաստությունը եւ բնապաշտությունըՙ իր լավագույն կտավներով վստահորեն կանգնելով եվրոպացի եւ հայ վրձնի իր մեծ եղբայրների կողքին»։
Բազմիցս ցուցահանդեսներ ունեցած արվեստագետի ստեղծագործությունները ճանաչում ու գնահատանք են վայելում ոչ միայն հայրենիքում, այլեւ արտերկրում։
Շարունակելով հայ կերպարվեստի ավանդույթներըՙ Կ. Սմբատյանն արդիականության նոր շունչ է բերում, նոր ձեւեր, նոր պատկերներ։ Նրա գույներն ու «հյութեղ վրձնահարվածները» նմանեցրել են Մատիսին, Կանդինսկուն։ «Նրա նկարները երբեմն հիշեցնում են Պիկասոյին եւ Միրոյին, սակայն Սմբատյանի նկարները միանգամայն ինքնատիպ ու բացառիկ են», գրում է Մյունխենի «Զյուդդոյչե ցայտունգ» թերթը։
Այսօր նկարչի տան ցուցասրահն անսովոր մարդաշատ էր (պետական այրեր, մշակույթի գործիչներ, արվեստագետներ, հյուրեր), աշխույժ ու աղմկոտ, եւ տոնական էր մթնոլորտը, որին ջերմություն հաղորդել էին ցուցադրված 60-ից ավելիՙ տաք գույներով սմբատյանական ներաշխարհի դրսեւորումները (դիմանկարներ, նատյուրմորտ, բնանկարներ եւ այլն)։
Բացման խոսքով հանդես եկավ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, արվեստաբան, ժողովրդական արվեստի թանգարանի տնօրեն Սարո Սարուխանյանը, Ազատամարտիկների միության նախագահ Համլետ Հովսեփյանը, որը շնորհավորեց եւ միության պատվավոր անդամի տոմս հանձնեց Կարեն Սմբատյանին։
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ