Մինչեւ 2001¬2002 թթ. սեփական նախաձեռնությամբ օտար երկրների բարձրագույն ուսումնական կամ գիտական հաստատություններում ուսանելու մեկնած անձանց բանակային ծառայությունից տարկետում է տրվելու միայն համապատասխան գրավի առկայությամբ։ Այդ մասին որոշում է ընդունվել կառավարության երեկվա նիստում։ Ինչպես նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, այդ գրավի չափը կազմելու է 15 հազար դոլար։ Նա ընդգծեց, որ խոսքը վերաբերում է արական սեռի այն երիտասարդներին, որոնք ուսման են մեկնել ոչ միջպետական կամ միջհամալսարանական պայմանագրերի շրջանակներում, այսինքնՙ սեփական նախաձեռնությամբ։ Նախարարի հավաստմամբ, սա ելք է, որպեսզի այդ երիտասարդները մեկնեն սովորելու եւ վերադառնան իրենց սահմանադրական պարտականությունը կատարելու։ Բացի այդ, երեկ հաստատվել է նաեւ փաստաթղթերի ցանկը, որը պետք է ներկայացվի գիտության եւ կրթության նախարարություն արտասահմանում սովորելու մեկնողների կողմից։
Այն հարցին, թե ինչ է նախատեսվում 2003 թ.-ից ուսման մեկնողների համար, Լեւոն Մկրտչյանը պատասխանեց, որ այդ ընթացքում կունենանք «Զորակոչի մասին» նոր օրենքը, որտեղ այդ հարցը կկարգավորվի։
Կրթության եւ գիտության նախարարը տեղեկացրեց նաեւ կառավարության նիստում քննարկված մեկ այլ հարցի մասին։ Բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա 135 պահուստային տեղերը հաշմանդամների, մեդալակիրների եւ զոհված ազատամարտիկների երեխաների համար բավարար չեն եղել։ Վերջինների թիվն ավելի է եղել 40-ով, որոնց բուհ ընդունելու նպատակով նույն չափով լրացուցիչ տեղ է հատկացվել, ինչը եւս 1,5 մլն դրամ է արժեցել։
Ա. Մ.