«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#152, 2002-08-28 | #153, 2002-08-29 | #154, 2002-08-30


ԼՂՀ-ՈՒՄ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԵՆ ԿՈՐՍՎԱԾ ԱՎԱՆԴՆԵՐԸ

1998 թ. սկսած, ԱՊՀ տարածքում թերեւս առաջինը, Արցախում իրականացվում է քաղաքացիներից ընդունվածՙ 1993 թ. հունվարի 1-ի դրությամբ արժեզրկված խնայողությունների նախնական փոխհատուցում։ Դա անում է «Արցախբանկ» ՓԲԸ Ստեփանակերտի մասնաճյուղը։

Ինչպես «Ազգի» թղթակցին տեղեկացրեց մասնաճյուղի կառավարիչ Ռոբերտ Գրիգորյանը, օգոստոսի 1-ից սկսվել է փոխհատուցման չորրորդ փուլը։ Առաջին փուլում փոխհատուցում տրվել է մինչեւ 1923 թ. հունվարի 1-ը ծնված ավանդատուներին, հաջորդաբարՙ 1923-29 թթ. եւ 1929-31 թթ. ծնված ավանդատուներին։ Ներկաՙ չորրորդ փուլն ընդգրկում է 1931-33 թվականները։ Այս ժամանակաշրջանում ծնված ավանդատուներն արդեն սկսել են ստանալ 1993 թ. հունվարի 1-ի դրությամբ ունեցած ավանդային հաշիվների մնացորդներն ու դրանից հետո փակված ավանդային հաշիվները։ Ընդ որում, վճարման ենթակա չէ 1000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը։ Չեն փոխհատուցվում նաեւ մնացորդի կոպեկները։ Փոխհատուցումը սահմանված է նախկին մեկ ռուբլու դիմացՙ 25 դրամի չափով։

Ռոբերտ Գրիգորյանի խոսքերով, սահմանված կարգի համաձայն, փոխհատուցման ենթակա են նաեւ 1993 թ. հունվարի 1-ից մինչեւ 1998 թ. հուլիսի 1-ը փակված ավանդային հաշիվներըՙ առ 01.01.93 թ. դրությամբ մնացորդների, մինչեւ 1000 ռուբլին ներառյալ։

Միեւնույն ժամանակ, անկախ ավանդների ներդրման տեսակից, փոխհատուցումը կատարվում է բոլորի համար հավասարապես։

Այն քաղաքացիները, ովքեր ներկայումս բնակվում են հանրապետության սահմաններից դուրս եւ չունեն ԼՂՀ քաղաքացիություն, չեն կարող ստանալ խնայբանկում արժեզրկված ավանդների փոխհատուցում, քանզի փոխհատուցման կարգը տարածվում է միայն ԼՂՀ քաղաքացիների վրա։

Մի կարեւոր հանգամանք եւս. եթե ավանդատուն խնայբանկի մասնաճյուղերում ունի պահանջվող ժամանակաշրջանն ընդգրկող մեկից ավելի գրքույկներ, ապա նա կարող է յուրաքանչյուր գրքույկից ստանալ մինչեւ 1000 ռուբլու դիմաց հասանելիք փոխհատուցման գումարըՙ յուրաքանչյուր ռուբլու դիմաց դարձյալ 25 դրամի չափով։

Մասնաճյուղի կառավարչի ներկայացրած տվյալներով, օգոստոսի 23-ի դրությամբ, 1931-33 թթ. ծնված 1026 ավանդատուներին վճարվել է 23 մլն 727 հազար 450 դրամ։ Իսկ 1998 թ. առ այսօր վճարված փոխհատուցման գումարը կազմում է 221 մլն 270 հազար 600 դրամՙ 8617 ավանդատուների համար։

Փոքր-ինչ տարակուսելի է մահացած քաղաքացիների ավանդների վճարման կարգը, ըստ որիՙ մահացած քաղաքացիների ավանդները ժառանգության իրավունքով կարող են ստանալ միայն նրանց կենսաթոշակայի՛ն տարիքի ժառանգներըՙ նոտարի հաստատած ժառանգականության վկայականով։ Ստացվում է, որ եթե ժառանգորդը միջին տարիքի քաղաքացի է, ապա ստիպված կլինի երկար տարիներ սպասել փոխհատուցումը ստանալու համար։

Թվում է, ավանդների փոխհատուցման սահմանված կարգի այս դրույթը կարիք ունի փոփոխման, որովհետեւ վճարման այս ձեւը շատերին տարակուսանքի առիթ է տալիս։

Այսուհանդերձ, չորրրորդ փուլի վճարման գործընթացը շարունակվում է։ Ռ. Գրիգորյանի հավաստմամբ, «Արցախբանկ» ՓԲԸ-ն տասնօրյակը մեկ ԼՂՀ ֆինանսների նախարարությանն է ներկայացնում տեղեկություններ փոխհատուցման հաջող ընթացքի մասին։

Հատկանշական է, որ ավանդատուներն առերեւույթ չեն քննարկում փոխհատուցման չափը. կարեւորն այս խնդրում նրանց կորսված հավատի վերադարձն է։ Սա է իրավիճակի ճիշտ ընկալումը։

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4