Ասում է հյուրանոցի կոմերցիոն տնօրենը
Վերջին մեկ-երկու տարիներին Երեւանում մեկը մյուսի հետեւից կառուցվեցին նոր, ժամանակակից չափանիշներին քիչ թե շատ համապատասխանող հյուրանոցներ։ Այս ժամանակահատվածում ավանդաբար երկրի թիվ 1 հյուրանոցը համարվող «Արմենիան» մի տեսակ ստվերում էր մնացել։ Հիշեցնենք, որ հյուրանոցը սեփականաշնորհվել էր 1998 թ. սեպտեմբերինՙ ամերիկյան AKA development ընկերության կողմից։ Վերջինիս բաժնետերերն ամերիկահայեր են, որոնք պարտավորվել են շուրջ 40 մլն դոլարի ներդրումային ծրագիր իրականացնել, որից հետո «Արմենիան» պետք է կառավարի «Մարիոտ» միջազգային ընկերությունը։ Աշխարհի 57 երկրներում 2400 հյուրանոցներ կառավարող այդ ընկերության հետ նման պայմանավորվածությունը կապված է «Արմենիայի» չափանիշներն այդ ընկերության չափանիշներին համապատասխանեցնելու նրա պահանջով։ Տեղեկանալու համար, թե ինչպես են ընթանում այս աշխատանքները, դիմեցինք «Արմենիայի» կոմերցիոն տնօրեն Արման Մանուկյանին։
Կոմերցիոն տնօրենը հայտնեց, որ այս պահի դրությամբ 28 մլն դոլար է ներդրվել, որն ուղղված է հյուրանոցի երկու մասնաշենքերիՙ «Արմենիա¬2»-ի եւ «Արմենիա¬1»-ի հիմնական վերանորոգմանը։ Ներկայումս վերջնական փուլում է «Արմենիա¬2»-ի նորոգումը, որը կավարտվի նոյեմբերին։ Դրանից անմիջապես հետո կփակվի «Արմենիայի» գլխավոր մուտքը Հանրապետության հրապարակի կողմից, եւ կսկսվի «Արմենիա¬1»-ի նորոգումը։ Ենթադրաբար կավարտվի 1 տարի հետո։
«Արմենիա¬2»-ը կամ, ինչպես ասում էին, «Սովետական» մասնաշենքը նախատեսված է եղել ներքին զբոսաշրջության, այսինքնՙ Խորհրդային Միության տարբեր վայրերից Հայաստան այցելողների համար։ Բնականաբար, այս մասնաշենքի հյուրանոցային համարները չէին կարող համապատասխանել միջազգային չափանիշներին։ Այդ պատճառով կատարվել են մեծ վերափոխումներ։ Նախ եւ առաջ 2 համարները միացվել եւ վերածվել են 1 համարի։ Նախկին 228-ի փոխարեն մասնաշենքն այժմ ունի 115 «դե լյուքս» կոչվող համար։ Մեկ համարը բաղկացած է երկու սենյակից, որոնցից յուրաքանչյուրն ունի հեռուստացույց, պատշգամբ եւ այլն։ Այնուհետեւ ամբողջովին փոխվել է ներքին ենթակառուցվածքըՙ ջրի, սառեցման, ջեռուցման համակարգերը հագեցվել են նոր սարքավորումներով։ Ընդհանուր անվտանգության եւ հրշեջապահովման համակարգերն, Արման Մանուկյանի հավաստմամբ, աշխարհում ընդունված լավագույններից են։ Կահավորանքըՙ նմանապես։ Օրինակ, համարների դռները հրդեհի դեպքում մեկուկես ժամ կարող են մնալ առանց այրվելու։ «Արմենիա¬2»-ը կունենա նաեւ նորացված փոքր մարզասրահ, բանկետային սրահ 350 հոգու համար, 6 հանդիպման սենյակ։ Կոմերցիոն տնօրենի կարծիքով, այս տարածքները հնարավորություն կընձեռեն Երեւանում անցկացնելու այն միջազգային նշանակության միջոցառումները, որոնք հարմարությունների բացակայության պատճառով անց էին կացվում այլ երկներում։ Նա նաեւ տեղեկացրեց, որ «Արմենիա¬2»-ի եւ «Արմենիա¬1»-ի նորոգումից հետո կսկսվեն նոր մասնաշենքի, որն այժմ կիսավարտ շինարարության օբյեկտ է հիշեցնում, «Արմենիա¬3»-ի շինարարական աշխատանքները։ Այստեղ կլինեն լողավազանը, մեծ մարզասրահը, կոնֆերանսի դահլիճը եւ ավտոմեքենաների ստորգետնյա կանգառը։
Մեզ հետաքրքրում էր նաեւ, թե «Արմենիայի» համարների գները նորոգումից հետո ինչպիսին կլինեն։ Գաղտնիք չէ, որ դրանք ազդեցություն կունենան նաեւ մայրաքաղաքի մյուս հյուրանոցների գների վրա։ «Արմենիայի» կոմերցիոն տնօրենը նշեց, որ իրենց համարները չեն լինի ամենաթանկը։ Կախված տարբեր հանգամանքներից, 2003 թ. «Արմենիայի» մեկ սենյակի գինը կարժենա 90¬150 դոլար։
«Ներկայումս ինչպիսի՞ ծանրաբեռնվածությամբ է աշխատում հյուրանոցը» հարցին Արման Մանուկյանը պատասխանեց, որ այս տարի զբոսաշրջիկների հոսքը նախորդ տարվա համեմատ մեծ չէ։ «Արմենիան» աշխատում է մոտ 40 տոկոս ծանրաբեռնվածությամբ։ Անցյալ տարի ցուցանիշը փոքր-ինչ բարձր է եղել։ Սակայն նախորդ տարիների համեմատ ե՛ւ անցյալ, ե՛ւ այս տարի այցելուների աճ կա։ Հյուրանոցում այժմ աշխատում են մոտ 200 հոգի, որոնք ստանում են 100¬150 դոլար միջին աշխատավարձ։ Նոր աշխատատեղերի բացում գոնե առաջիկա մեկ տարվա ընթացքում, մինչ կավարտվի «Արմենիա¬1»-ի նորոգումը, կոմերցիոն տնօրենը բացառեց։ Սակայն նա ընդգծեց, որ նորոգումից հետո արդեն «Արմենիա-Մարիոտը» Հայաստան կբերի հյուրանոցային սպասարկման նոր մակարդակ։ Կոմերցիոն տնօրենը կարեւորեց նաեւ այն փաստը, որ «Արմենիայի» նորոգման համար վարկ էին հատկացրել 2 խոշոր կազմակերպություններ։ Առաջինը Միջազգային մասնավոր ներդրումների գործակալությունն է (OPIC), որն ամերիկյան կառավարությանՙ աշխարհում տարածվող ամերիկյան բիզնեսին օժանդակող կառույցն է, մյուսըՙ Միջազգային ֆինանսական կորպորացիան։ Սա նաեւ Հայաստանի ներդրումային վարկանիշի բարձրացման վկայությունն է։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ