Օրերս լրացավ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի թեմատիկ խմբի ղեկավար, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, լեզվաբանական 7 մենագրությունների, բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ, հանրածանոթ «Մեր լեզուն, մեր խոսքը» հեռուստահաղորդաշարի հեղինակ Արտեմ Սարգսյանի ծննդյան 60-ամյակը։ Հոբելյանի առթիվ շնորհավորելով անվանի լեզվաբանին, «Ազգի» թղթակիցը կարճառոտ հարցազրույց ունեցավ նրա հետ։
¬ Ի՞նչն եք համարում ձեր այս 60 տարիների ամենամեծ հաջողությունը։
¬ Հոբելյանները, ըստ իս, նշվում են հենց դրա համար, որ մարդ անդրադառնա իր անցած ուղուն եւ արժեւորի արածն ու ապրածը ոչ այնքան անցյալի, որքան ապագայի համար։ Եթե մի կողմ թողնեմ գիտական գործունեությունը, մանկավարժական աշխատանքը, այդ թվում նաեւՙ սփյուռքի գաղթօջախներում (8 տարի Կիպրոսի Մելգոնյան վարժարանում եւ 4 տարի Երուսաղեմի հոգեւոր ճեմարանում), ապա պիտի ասեմ, որ իմ կյանքի ամենանշանակալից երեւույթը, երեւի, «Մեր լեզուն, մեր խոսքը» հաղորդաշարն է։ Այն իրավամբ սիրվեց ժողովրդի կողմից, որովհետեւ ուներ իր առաքելությունը եւ ունի այսօր, կունենա նաեւ վաղը։ Արդեն 24 տարի «Մեր լեզուն, մեր խոսքը» հեռուստաեթերում է, շուտով կլինի 1000-րդ թողարկումը։ Դրա համար պահանջվել է շուրջ 10 հազար համակարգչային էջ կազմող նյութ, այս տարիներին ունկնդիրներից ստացվել է ավելի քան 60 հազար նամակ-արձագանք, այդ թվում նաեւ շատ նուրբ, խելացի առաջարկություններ։ Ես ինձ բախտավոր եմ համարում, որ եղա այդ հաղորդաշարի ծնունդ տվողն ու վարողը։
¬ Ուրեմն դուք երջանի՞կ մարդ եք։
¬ Այդ հարցն ինձ տվել են նաեւ «Արմենիա» հեռուստաընկերության եթերում իմ վարած «Դարը» հաղորդաշարի ունկնդիրները։ Դրան ես պատասխանեցի հույն իմաստասերի խոսքովՙ «ոչ ոք իրավունք չունի իրեն երջանիկ համարելու, քանի դեռ... չի թաղվել»։ Որովհետեւ նույնիսկ թագավորական գահին բազմած, իր բոլոր պահանջմունքների լիակատար բավարարմանը հասած մարդը երբեմն անսպասելիորեն այնպիսի վիճակի մեջ է ընկնում, որ ակնթարթորեն ամեն ինչ կորցնում է։ Հեռու մեզնից, հեռու բոլորից, իհարկե։ Իսկ եթե փիլիսոփայականից ավելի առարկայական պատասխան եք ուզում, ապաՙ այո, ինչ խոսք, ես երջանիկ մարդ եմ։ Քանզի այն տքնությունը, այն ստեղծագործական հաճելի տառապանքը, որ զգացել եմ հանուն հայոց լեզվի անաղարտության, հանուն մեր լեզվի հետագա ավելի ամբողջական ներկայացման, լեզվական ճիշտ քաղաքականության մշակման իմ երկարամյա գործունեության մեջՙ միայն եւ միայն երջանկության զգացում կարող էր պարգեւել։
¬ Մեր ժամանակների ականավոր լեզվաբան, ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն Գեւորգ Ջահուկյանը հատուկ ընդգծել է ձեր «մեծ վաստակը հայոց գրական լեզվի քարոզչության ասպարեզում», իսկ ԵրՊԻ ռեկտոր, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ձեզ բնութագրել է «Մաշտոցի գործի մերօրյա անխոնջ մշակ»։ Առանց հեռուստատեսային էկրանի լեզվական քարոզչության ասպարեզում այդպիսի հաջողությունների, այդքան լայն ճանաչման կարելի՞ էր հասնել։
¬ Հեռուստատեսային աշխարհը շատ յուրահատուկ է, գրավում-կախարդում է, եւ այնտեղ մտնողը չի ուզում դուրս գալ։ Եվ ես այսօր, իմ 60-ամյակի օրը, ուզում եմ շնորհակալության խոսք ասել Ստեփան Պողոսյանին, մյուս երախտավորներին, ովքեր ժամանակին հասկացան, որ մեզ անհրաժեշտ է հայոց լեզվի անաղարտությանը հետամուտ հաղորդաշար, եւ ինձ էլ հրավիրեցին վարելու։
¬ Դուք շատ բանի եք հասել, հրատարակել եք մեր լեզվի բոլոր երեք վիճակներինՙ գրաբարին, աշխարհաբարին, արեւմտահայ եւ արեւելահայ գրական լեզուներին, բարբառներին, հանրալեզվաբանությանը նվիրված մենագրություններ, 2 բառարան, հիմա տպագրության է պատրաստ եւս 5 հատոր։ Ինչպե՞ս եք այդքանը հասցնում։
¬ Աճառյանը մի առիթով ասել է, թե ինքը շատ «ծույլ» է, որովհետեւ աշխատում է օրական ընդամենը 16 ժամ։ Ես, ավա՜ղ, շատ ավելի «ծույլ» եմ։ Բայց, փառք Աստծո, հասցնում եմ։ Եվ դեռ շատ ծրագրեր ունեմ, որոնց, Աստված տա, հաջորդ հոբելյանին կանդրադառնանք...
Հարցազրույցը վարեց ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ