«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#159, 2002-09-06 | #160, 2002-09-07 | #161, 2002-09-10


ՆԱՅԵԼ ՄԻԱՍՆԱԲԱՐ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Սեպտեմբերի 7-ին ԼՂՀ նորընտիր նախագահ Արկադի Ղուկասյանը, Ազգային ժողովի հատուկ նիստում տեղի ունեցած պաշտոնամուտի արարողության ժամանակ երդվելով անկախության հռչակագրի ու Ավետարանի վրաՙ վերստին ստանձնեց հանրապետության ղեկավարի պաշտոնը։

Որ Ա. Ղուկասյանը համոզիչ հաղթանակ է տարել արդար ընտրություններում, ոչ ոքի կասկածը չի հարուցում։ Այստեղ հոլովվող զրույցները շահագրգռության այլ սլաքներ ունենՙ ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում կառավարման համակարգում։

Պաշտոնամուտի ժամանակ ելույթ ունենալովՙ Ա. Ղուկասյանը մասնավորապես նշել էր կառավարությունում կառուցվածքային փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը։ Այդ փոփոխությունները յոթ սարից այն կողմ չեն, որովհետեւ, ըստ օրենքի, նոր կառավարությունը պիտի ձեւավորվի մեկամսյա ժամկետում։ Արդեն այսօր խոսվում է որոշ գերատեսչությունների միավորման ու այս համատեքստումՙ մի շարք տարամակարդակ ղեկավարների պաշտոնանկ անելու մասին։ Անկախ սպասվող փոփոխությունների արդյունքից, ենթադրելի է մի բանՙ կառավարման բարձր էշելոնում հիմնականում կպահպանվի այն թիմը, որը 1999-ի ամռանը նախագահ Ղուկասյանին սատար կանգնեցՙ սկսելու եւ իրականացնելու բարեփոխումների նոր ուղեգիծը։ Բարեփոխումները դեռեւս ընթացքի մեջ են, եւ տրամաբանական է թվում նույն թիմային գործելաոճի շարունակությունը։

Միաժամանակ Ա. Ղուկասյանն իր ելույթում նշեց, որ ընտրարշավի ժամանակ ինքը եղել է Արցախի համարյա բոլոր բնակավայրերում եւ մոտիկից ծանոթացել ժողովրդին հուզող խնդիրներին։ Նա չժխտեց, որ երկրում կան չքավորներ, թեպետ նրանցով չէ բնորոշվում բնակչության սոցիալական կարգավիճակը։ Այս խավի ճակատագրի հանդեպ պետությունը չպետք է անտարբերություն ցուցաբերի։ Ա. Ղուկասյանը խոստացավ առավել խստապահանջ լինել պաշտոնյաների նկատմամբ, եւ ընդհանրապես օրենքի մշտական հսկողություն սահմանել գործադիր մարմինների գործունեության վրա։

Թեեւ վերջին 2-3 տարում ԼՂՀ-ում բացվել են 1000-ից ավելի աշխատատեղեր, սակայն գործազրկությունը դեռ զգացնել է տալիս, նշեց նախագահը։ Հանրապետության ղեկավարի խոսքերով, ԼՂՀ արտաքին քաղաքականությունը չի փոխվիՙ անկախության գաղափարը կմնա քաղաքական հիմնախնդրի առանցքային գիծը։

Պաշտոնամուտին հնչած ելույթն ըստ էության Արկադի Ղուկասյանի նախընտրական ծրագրի խտացված ամփոփումն էր։ Տեսանելի ապագայում նախանշված խնդիրների լուծումը շատ իրատեսական է, եթե, անշուշտ, գործընթացն ուղեկցվի կադրային նորացված քաղաքականությամբ։

Իրադարձություններից առաջ չընկնելովՙ փաստենք, որ առաջիկա տարիներին Արցախի քաղաքական ու սոցիալ-տնտեսական կայուն առաջընթացով ոչ պակաս շահագրգռված են նաեւ Հայաստանի Հանրապետությունում։ Պաշտոնամուտի արարողությանը ՀՀ պաշտոնախմբի ներկայությունը Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ հայաստանյան ազդեցիկ հասարակական-քաղաքական կազմակերպությունների ղեկավարների մասնակցությունը ասվածի մի վկայությունն են։

Եվ ամենակարեւորըՙ նրանք եւս ԼՂՀ ազգաբնակչության մեծամասնության պես գտնում են, որ ի դեմս նախագահ Արկադի Ղուկասյանի, Արցախն ունի իր կայուն առաջընթացի երաշխավորը։

Իսկ միասնաբար նույն ուղղությամբ նայելիսՙ հեռուն ավելի պարզորոշ ու տեսանելի է դառնում։

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4