«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#159, 2002-09-06 | #160, 2002-09-07 | #161, 2002-09-10


ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԴԱՐՁՅԱԼ ԺԱՄԱՆԱԿԻ ՎԱՏՆՈՒՄՆԵՐՈՎ

Կյանքում երեւույթներ կան, որոնց մասին ասում են, թե ոչ սկիզբ ունեն, ոչ վերջ։ Երեւույթներ էլ կան, որ կարծես թե սկիզբ ունեն, բայց կրկին վերջի մասին խոսել հնարավոր չէ։

«Հոկտեմբերի 27»-ի դատավարության երեկվա նիստը վկայեց, որ այս գործընթացը, ներկայիս տեմպերով, հեռու է իր ավարտից։ Իսկ եթե հաշվի առնենք, որ ցանկացած դեպքում դատավճիռը կենթարկվի բողոքարկման, ապա դատավարության ավարտը կարող է եւ չմոտենալ։

Ինչեւէ, երեկ դատարանը հարցաքննեց 2 տուժողի. կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Շահեն Կարամանուկյանին եւ ԱԺ պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի անդամ Հովհաննես Քոչինյանին։

Տուժող Շահեն Կարամանուկյանի ցուցմունքում հետաքրքրական էր այն, որ ԱԺ նիստերի դահլիճի դռների մոտ որպես կենդանի վահան կանգնելու նախաձեռնությունը քննարկել են դահլիճում գտնվող պատանդներից մի քանիսը։ Քննարկմանը, ըստ պրն Կարամանուկյանի, մասնակցել է նաեւ Նաիրի Հունանյանը։ Այնուհետեւ պրն Կարամանուկյանը կոորդինացրել է կառավարության, իսկ Անդրանիկ Մարգարյանըՙ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների այս կամ այն դռան մոտ կանգնելու կարգը։

Շահեն Կարամանուկյանը ե՛ւ որպես կառավարության անդամ, ե՛ւ որպես պատմաբան «27»-ի ահաբեկչությունը որակեց հեղաշրջման փորձ։

Տուժող Հովհաննես Քոչինյանը դատաքննական իր լակոնիկ ցուցմունքում հայտնեց, որ սպանությունները չի տեսել, այդ օրը դահլիճում է մնացել մինչեւ վերջ եւ պնդում է իր նախաքննական ցուցմունքները։

Երեկվա նիստի ընթացքում Հունանյանների քեռի, ամբաստանյալ Վռամ Գալստյանը միջնորդություն ներկայացրեց, որ առերեսում անցկացվի իր, Նաիրի Հունանյանի եւ Էդիկ Գրիգորյանի միջեւ, եւ այդ առերեսումը տեղի ունենա դատարանից դուրս։

Դատավոր Սամվել Ուզունյանը նկատեց, որ դա հնարավոր չէ, քանի որ դատաքննության ընթացքում առերեսում հնարավոր է միայն դատարանում։

Վռամ Գալստյանն ավելացրեց, որ այդ դեպքում առերեսում թող լինի «27»-ի գործից անջատված մասի նախաքննության կտրվածքով։

Մեղադրող Արմեն Հարությունյանը, միջնորդության մասին հաղորդելով անջատված մասով նախաքննությունը վարող քննչական խմբին, դատարանում հրապարակեց քննչական խմբի պատասխանը։ Խումբը համաձայնել է առերեսում իրականացնելունՙ դատաքննության ընդմիջման ժամանակ, հնարավորինս շուտ։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4