«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#159, 2002-09-06 | #160, 2002-09-07 | #161, 2002-09-10


ՁՅՈՒՆԱՇՈՂՈՒՄ ՍԻԲԻՐԱԽՏՈՎ ՎԱՐԱԿՎԵԼ Է 3 ՄԱՐԴ

Անցած ամսվա վերջերին Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանի Ձյունաշող գյուղում սիբիրախտի դեպք էր գրանցվել։ Վարակվել էր մեկ անասուն։

Տերը, չիմանալով այդ մասին, փորձել էր միսը վաճառել, որը, բարեբախտաբար, չէր հաջողվել։

Անասունը մորթազերծ անելու ժամանակ վնասվել էր տիրոջ ձեռքը, վարակը փոխանցվել էր նրան։ Սիբիրախտի մասին կասկածները հաստատվել են օգոստոսի 26-ին եւ 27-ին, երբ եւս երկու անասուն է սատկել։ Այդ օրերին գյուղի եւս 2 բնակչի բազկի մաշկի վրա սիբիրախտի նշաններ են նկատվել։ Նրանք շփում էին ունեցել առաջին վարակված անասունի հետ։

Ահազանգվել է Լոռու մարզպետարան, Վանաձորի հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողության կենտրոն։

Կենտրոնի տնօրեն Կարինե Միրզոյանից տեղեկացանք, որ Ձյունաշողը հայտարարվել է վարակի օջախ, սահմանվել է կարանտինային շրջան։

Երեք կասկածյալ վարակակիրները տեղափոխվել են Տաշիրի ինֆեկցիոն հիվանդանոց։ Ըստ Կ. Միրզոյանի, նրանց առողջական վիճակը բավարար է։ Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումներըՙ հիվանդության նոր դեպքերից խուսափելու համար։ Ստուգվում են վարակված անձանց եւ անասունների հետ բոլոր հնարավոր շփումները, կատարվում են անասունների լրացուցիչ պատվաստումներ։ Վարակի օջախների հայտնաբերման եւ կանխման աշխատանքներ են իրականացվում նաեւ Տաշիրի տարածաշրջանի մյուս գյուղերում։ Ներգրավված են բժիշկներ, անասնաբույժներ, ՆԳ աշխատակիցներ։

Կարանտինային շրջանը կշարունակվի այնքան, մինչեւ վարակի հնարավոր տարածման մասին կասկածները փարատվեն։

Երեկ Լոռու մարզպետարանում հրավիրվել էր խորհրդակցություն, որին մասնակցում էին համապատասխան ծառայությունների ղեկավարները։ Տրվեցին հանձնարարականներՙ հսկողությունն առավել խորացնելու նպատակով։

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4