«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#159, 2002-09-06 | #160, 2002-09-07 | #161, 2002-09-10


ԱԴԱՄՅԱՆՑԻՆԵՐԸ ՋԵՐՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱՆ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

Անցած շաբաթ օրը Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետթատրոնում սկսվեցին Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի հյուրախաղերը։

Բեմ ելան աբելյանցիներն ու ադամյանցիները։ Հովհ. Աբելյանի անվան թատրոնի տնօրեն, դրամատուրգ Սամվել Խալաթյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրեց հյուրախաղերն աջակցողներին, ովքեր գտնվում էին դահլիճումՙ Վրաստանի հայերի միության նախագահ, Վրաստանի էկոնոմիկայի փոխնախարար Էդվարդ Մուրադյանին, փոխնախագահ Էդվարդ Պողոսյանին, ՀՀ քաղաքաշինության նախարար Դավիթ Լոքյանին եւ մյուսներին։

Հանդիսատեսը ծափողջույններով ընդունեց ադամյանական բեմի վաստակաշատ դերասաններին, երբ հնչեցին նրանց անունները։

Հյուրերին ողջունեց նաեւ Աբելյանի անվան թատրոնի գլխավոր ռեժիսոր, ՀՀ վաստակաշատ արտիստ Հակոբ Ազիզյանը։

Թբիլիսիի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, շնորհակալություն հայտնելով հյուրախաղերի հովանավորներին, երախտագիտություն հայտնեց Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանինՙ եռօրյա հյուրախաղերին ըստ ամենայնի աջակցելու համար։

¬ Մենք Վանաձոր գալիս ասում ենքՙ գնում ենք մեր տունը, մեր հարազատ օջախը, ուր ջերմ ու սրտառուչ ընդունելության պակաս երբեք չենք զգացել,¬ ասաց նա։

Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» ստեղծագործությունը, որի պրեմիերան կայացել է մի քանի ամիս առաջ, վանաձորցի հանդիսատեսին ներկայացավ ուրույն բեմականացմամբ եւ նոր մեկնաբանությամբ։

Ամերիկահայ գրողի խիստ արդիական այս գործն ադամյանցիները փայլուն դերակատարմամբ հանդիսատեսին ներկայացրինՙ պարգեւելով հուզումի բազմաթիվ պահեր։

Թբիլիսիի թիվ 110 հայկական դպրոցի աշակերտ Արման Համբարյանը (Ջոնի), Ռ. Մատիաշվին (Բեն Ալեքսանդր), Մ. Բարսեղյանը (Ջոնիի տատ), Վրաստանի վաստակավոր դերասան Ժ. Կարապետյանը (Ջասպեր Մեք-Գրեգոր) եւ մյուսները վանաձորցի հանդիսատեսին տեղափոխեցին սարոյանական խոր կենսափիլիսոփայությամբ հագեցած մի աշխարհՙ արժանանալով անընդմեջ ծափահարությունների։

Բեմադրության հեղինակն է Ա. Բայանդուրյանը, երաժշտական ձեւավորմանըՙ Վալերի Ամիրաղյանը։

Կիրակի օրն ադամյանցիները ներկայացրին Հ. Պարոնյանի «Ատամնաբույժն արեւելյան», իսկ երեկՙ Ն. Դումբաձեի «Մեղադրական եզրակացություն» ստեղծագործությունները։

Վանաձորցի հանդիսատեսը կարոտել էր ադամյանցիների խաղին։ Այդ կարոտի արտահայտությունն էին լեփ-լեցուն դահլիճը, ծափողջույններն ու ծաղիկները, որոնց արժանացան մեր հայրենակիցները բոլոր երեք ներկայացումներից հետո։

145-րդ թատերաշրջանին նախապատրաստվելուց առաջ, Թբիլիսիի հայկական թատրոնը Վանաձորից հյուրախաղերի կմեկնի Երեւան, ուր Հ. Պարոնյանի անվան թատրոնում սեպտեմբերի 11-ից հանդես կգա նույն ներկայացումներով եւ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությամբ»։

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4