ՍՈՉԻ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Սոչիում ուժայինների հետ խորհրդակցության ժամանակ Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը գլխավոր շտաբին հանձնարարել է Ռուսաստանի տարածք ճեղքել-անցնելու փորձերը կրկնվելու դեպքում առաջարկներ ներկայացնել ահաբեկիչների ռազմահանգրվաններին հարվածներ հասցնելու հնարավորության վերաբերյալ, հաղորդում է «Ինտերֆաքսը»։
Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը խստիվ հետեւում է իր միջազգային պարտավորություններին, հարգանքով վերաբերվում մյուս պետությունների ինքնիշխանությանն ու ամբողջականությանը, սակայն պահանջում է ճիշտ նույնպիսի վերաբերմունք եւ իր նկատմամբ։
Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը միանգամայն հիմնավորված է համարում նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության խստությունը, որով կոչ է արվում Վրաստանին վերջ դնել հրոսակային թշնամական ելույթներին Ռուսաստանի հետ սահմանում, հաղորդում է «Ինտերֆաքսը»։ «Ես նախագահի այդ հայտարարությունը համարում եմ վերջին նախազգուշացում Վրաստանի ղեկավարությանը»,- ընդգծել է Ռոգոզինը։