«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2002-09-12 | #164, 2002-09-13 | #165, 2002-09-14


ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ «ԲՆԱԿԻՉՆԵՐԸ» ՎՏԱՐՎՈՒՄ ԵՆ «ԻՐԵՆՑ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՑ»

Ինչպես գրեթե ամեն ինչ մեր երկրում, Հյուսիսային պողոտայի հետ կապված աշխատանքներն էլ սկսվեցին մեծ ոգեւորությամբ եւ աշխուժությամբ։ Սակայն աշխատանքների հետագա ընթացքը նույնպես չտարբերվեց մյուս գործընթացներից։

Հյուսիսային պողոտայի օտարման գոտում գտնվող հողամասերի եւ անշարժ գույքի սեփականատերերի դժգոհությունը հետզհետե աճում է։ Օտարման գոտու բնակիչներն արդեն քաղաքացիական հայցերի շրջանակներում հայտնվում են դատարաններում որպես պատասխանող։

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների քաղաքացիական գործերով առաջին ատյանի դատարաննՙ Էդուարդ Ավետիսյանի նախագահությամբ, փորձեց սկսել «Հյուսիսային պողոտա եւ կասկադ» ԾԻԳ պետական հիմնարկի հայցն ընդդեմ Սարգիս Սարդարյանի եւ նրա եղբոր, որոնք բնակվում են Աբովյան 1/2 հասցեում։

Հայցը վերաբերում էր զբաղեցրած տարածքից վտարելու պահանջին։ Դատական նիստը սկսվեց եւ... հետաձգվեց մինչեւ սեպտեմբերի 19-ը։ Հետաձգման հիմնավորումը պատասխանողի առաջարկով էր պայմանավորված։ Ս. Սարդարյանը խնդրեց հետաձգելՙ կողմերի միջեւ հաշտեցման եզրեր գտնելու համար։

Դատարան չէր կարողացել ներկայանալ մյուս պատասխանողը, որը, եղբոր հավաստմամբ, 2 անգամ կաթվածահար եղած հիվանդ է։

Հաշտեցումը հայցվորի ներկայացուցիչ Ս. Աղաբեկյանը պատկերացնում է այսպես. 80 քմ-ի դիմաց առաջարկված 13.500 դոլարին կավելացվի եւս 3 հազար դոլար (ակամա հարցՙ եթե 80 քմ-ի գնահատումը ռեալ է եղել, ապա ինչպե՞ս եւ որտեղի՞ց է ավելացվելու եւս 3 հազար դոլարը)։

Ըստ պատասխանող Սարգիս Սարդարյանի, այսպես թե այնպես, Հյուսիսային պողոտայի հարցերում պահպանվում է իրավական կողմը, սակայն որոշումների մեծ մասն ուղղակի անբարոյական է։

Դատավարական գործընթացում հայտնված բնակիչներն ունեն մի շարք տարօրինակ խնդիրներ։ Ըստ բնակիչների, բացի ունեցած գնահատումից, նման խնդրանքով որեւէ այլ կազմակերպության դիմելիս, որպես կանոն, մերժվում են։ Որոշ վճիռների էլ ծանոթանում են ոչ թե դատարանում, այլ միայն տանը։

Իսկ այն բնակիչները, որոնք համաձայնել են իրենց զբաղեցրած տարածքներն ազատել ցածր գներով, ըստ Աբովյան 1/2 հասցեում բնակվողների, երբեւէ չեն ապրել իրենց օտարված տներում։

Հյուսիսային պողոտայի շինարարությունը հիշվելու մեծ հավանականություն ունի, քանի որ նման բարդություններն ու անելանելի իրավիճակները չեն կարող ուղղակի մոռացվել։

Մենք անպայման կանդրադառնանք հիշատակված դատավարությանը թեկուզ այն պատճառով, որ նախագահում է մի դատավոր, որն իրեն թույլ էր տվել նմանատիպ դեպքի կապակցությամբ որոշում կայացնել եւ, որոշումը պահարանում փակելով եւ արձակուրդ գնալով, արգելք էր հանդիսացել դատավարության մասնակցի կողմից վճիռը բողոքարկելու իրավունքն անհրաժեշտ ժամկետներում իրագործելուն։

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4