Հուսանք, որ միջկլանային պայքարում Ադրբեջանը չի գլորվի քաոս
Հեյդար Ալիեւի հարազատ եղբայրըՙ Ջալալը, մի քանի տարի առաջ դատական հայց ներկայացրեց «Գեյրաթ» կուսակցության ղեկավար Աշրաֆ Մեհթիեւի դեմ. վերջինս Ալիեւների գերդաստանին հրապարակավ անվանել էր քուրդ։ Ադրբեջանում երբեք չեն դադարել ասեկոսեները, թե իբր Ալիեւների ընտանիքը սերում է քրդական ցեղից, ոմանք էլ համոզված պնդում են, թե Հեյդարի մայրը հայ է։
Հակասական է Հ. Ալիեւի կենսագրությունը. խորհրդային տարիներին, երբ նա ՊԱԿ-ի գեներալ էր, ապա Ադրբեջանի կոմկուսի առաջին քարտուղար, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, կենսագրականում նշվում էր, թե ծնվել է 1922 թ. Հայկական ԽՍՀ Սիսիանի շրջանում։ Կայսրության փլուզումից հետո սրբագրումներ կատարվեցին. Ալիեւի պաշտոնական ինտերնետային սայթում գրված է, որ ծնվել է «1923 թ., հնադարյան Նախիջեւան քաղաքում, բանվորի ընտանիքում»։
Այնքան էլ էական չէ, թե որտեղ է ծնվել Ալիեւըՙ Սիսիանո՞ւմ, թե՞ Նախիջեւանում։ Ալիեւն Ադրբեջանի իշխանական համակարգում նախիջեւանյան-հայաստանյան կլանի կարկառուն առաջնորդն է։ Ադրբեջանցի լրագրողուհի Իրադա Հուսեյնովայի լրագրողական հետաքննությունը պարզել է, որ նախարարների ավելի քան 70 տոկոսը նախիջեւանյան-հայաստանյան կլանից է, այսինքնՙ տարբեր ժամանակներում նրանք կամ նրանց հայրերը բնակվել են Նախիջեւանում կամ Հայաստանում, քաղաքական գործիչներիՙ ընդդիմադիր թե իշխանամետ, ավելի քան 80 տոկոսն է այդ կլանից, ուժային կառույցների եւ շրջանային վարչակազմերի ղեկավարների ավելի քան 60 տոկոսը։ Նշենք մի քանիսին. Հեյդար Ալիեւ, Մուրթուզ Ալեսքերով (Մեջլիսի նախագահ), Արթուր Ռասիզադե (վարչապետ), Ալի Ինսանով (առողջապահության նախարար), Միսիր Մարդանով (կրթության նախարար), Աբուլֆազ Էլչիբեյ (նախկին նախագահ), Ռասուլ Գուլիեւ (Մեջլիսի նախկին նախագահ) եւ այլն։
Ադրբեջանում առկա են երեք հիմնական կլաններ, որոնց միջեւ էլ ընթանում է իշխանական պայքարը. նախիջեւանյան¬հայաստանյան, ղարաբաղա¬ղազախյան եւ Բաքվի խմբակցություններ։ Վերջինիս առաջնորդը նախկին նախագահ Այազ Մութալիբովն էր եւ է, ղարաբաղա¬ղազախյան կլանից նշենք մի քանի անուններ. «Մուսավաթի» առաջնորդ Իսա Գամբար, նախկին ՆԳ նախարար Իսկանդեր Համիդով, Չինաստանում Ադրբեջանի նախկին դեսպան Թամերլան Ղարաեւ, Իրանում ապաստան գտած Մահիր Ջավադով եւ այլն։
Անդրադառնանք նախիջեւանյան¬հայաստանյան կլանին, քանզի այսօր Ադրբեջանը նրանց լծի տակ է։ Բաքվի խմբակցության եւ նախիջեւանյան-հայաստանյան կլանի հարաբերությունները հատկապես սրվեցին 1988-90¬ական թթ.։ Մինչեւ այսօր այս կլանի որոշ ներկայացուցիչներ իրենց համարում են «երեւանլը» (երեւանցիներ), նկատի ունենալով, որ մի ժամանակ իրենց նախնիները եղել են Երեւանի խանության բնակիչներ։ 1988 թ., երբ հայաստանաբնակ ադրբեջանցիները սկսեցին հեռանալ Ադրբեջան, հատկապես Բաքվում նրանց ընդունում էին դժգոհությամբՙ համարելով գավառական։ Հակառակըՙ «երեւանլը»-ներն իրենց համարում էին իսկական ադրբեջանցիներ, քանզի, ապրելով հայկական միջավայրում, պահպանել էին լեզուն, սովորույթները, մինչդեռ Բաքվում ադրբեջանցիների մեծ մասը խոսում էր ռուսերեն։ Իրադա Հուսեյնովան գրում է. «Հայաստանից եկածները միշտ գիտակցել են, որ ապրում են ոչ իրենց հողի վրա, ենթագիտակցորեն պատրաստ էին, որ վաղ թե ուշ ստիպված են լքել բնակեցված վայրերը։ Եվ երբ վերջապես դա տեղի ունեցավ, նրանք հասկացան, որ ամեն ինչ պետք է անելՙ չհայտնվելու «խաղից դուրս» վիճակում։ Հենց այդ պատճառով էլ նրանք դարձան այն ուժը, որը գլխավորում էր Բաքվի հայերի ջարդերը, բնակարանների զավթումը»։
Ճիշտ է, այսօր Ադրբեջանում իշխում է «երեւանլը» կամ նախիջեւանյան-հայաստանյան կլանը, սակայն կլանի ներսում առկա են տարաձայնություններ։ Այդ տարաձայնությունները խորացան Հեյդար Ալիեւի առողջական վիճակի վատթարացմանը զուգահեռ։ Դեռ 1993 թ., երբ Ալիեւը զինվորական, ապա պետական հեղաշրջման արդյունքում դարձավ նախագահ, Բաքվում ձեւավորվել էր «երեւանլը»-ների միությունըՙ «Աղրիդաղը», որի հիմնադիրը առողջապահության նախարար Ալի Ինսանովն է։ Վերջինս, ըստ ադրբեջանական մամուլի, Բաքվում ունի 250.000 դոլար արժողությամբ տուն, 2 մլն դոլար արժողությամբ «վիլլա» Գերմանիայում, սեփական կլինիկա Իսրայելում, դեղատների ցանց Բաքվում, 65.000 դոլարանոց սեւ ջիփ։ Կրկին ըստ ադրբեջանական մամուլի, Ինսանովը համակարգում էր Ռուսաստանի դեմ մարտնչող չեչեն ահաբեկիչների ապաքինումն Ադրբեջանի հիվանդանոցներում։ Իշխանական պայքարում Ինսանովի կողքին են կարկառուն «երեւանլը»-ներ Մուրթուզ Ալեսքերովն ու Միսիր Մարդանովը։ 2001 թ. մայիսին, փաստորեն, նախիջեւանյան-հայաստանյան կլանը պառակտվեց. «գորշ կարդինալ» Ռամիզ Մեհթիեւը ձեւավորեց «երեւանլը»-ների նոր միությունՙ «Երիվան բիրլիյին»։ Ըստ էության, պայքարի երկու ճակատները ղեկավարում են Ալիեւի աշխատակազմի ղեկավար Մեհթիեւը եւ առողջապահության նախարար Ինսանովը, որոնց թշնամությունն այլեւս գաղտնիք չէ Բաքվում։
2003 թ. աշնանը Ադրբեջանում սպասվում են նախագահական ընտրություններ։ Հաշվի առնելով Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը, ԼՂ հարցի առկախ վիճակը, մեզ համար կարեւոր է, թե ո՞ւմ հետ ենք գործ ունենալու։ Թվում է, Երեւանը եւ Ստեփանակերտն Ադրբեջանում նախագահի աթոռին կցանկանային տեսնել Հեյդար Ալիեւին կամ էլ որդունՙ Իլհամին։ Հայաստանի եւ ԼՂՀ-ի համար կարեւոր է կայուն, կանխատեսելի Ադրբեջանը, իսկ Ալիեւն իր գործունեությամբ ապացուցել է, որ կարող է ապահովել Ադրբեջանի կանխատեսելիությունը։ Ընդհանրապես, հաշվի առնելով, որ ադրբեջանցիների մեջ առավել չափավոր եւ գրագետ զանգվածը հենց «երեւանլը»-ներն են, հայերիս համար ընդունելի կլիներ հենց նախիջեւանյան-հայաստանյան կլանի որեւէ ներկայացուցչի գահակալությունը Բաքվում։ Անշուշտ, կարող են բերվել կռվաններ, թե Ալիեւի նախագահության տարիներին Ադրբեջանը թաղվել է կոռուպցիայի մեջ, ֆիզիկական եւ բարոյական ճնշումներ են բանեցվել ԶԼՄ-ների, ընդդիմադիր գործիչների նկատմամբ, վերջերս դաժանաբար ճնշվեցին բարեպաշտ նարդարանցիների սոցիալական պահանջները եւ այլն։ Սակայն սրանք Ադրբեջանի խնդիրներն են, ո՛չ Հայաստանը, ո՛չ ԼՂՀ-ն իրավունք չունեն միջամտելու հարեւան պետության «խոհանոցին»։
Եվ ամենագլխավորըՙ Հեյդար Ալիեւն ապացուցել է, որ ի վիճակի է խաղաղ ճանապարհով շարունակել ղարաբաղյան խնդրի կարգավորումը։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ