Մեր քաղաքական դաշտի ազնվության եւ բարոյականության մասին մշտապես խոսվում է բացասական գնահատականներով։ Եվ սրա պատճառը, թերեւս, ամենից առաջ այն է, որ մեր քաղաքական դաշտում գործող սուբյեկտները հարկի-անհարկի միշտ եւ ամեն ինչ փորձում են շահարկել։
Քանի որ իրականության ցանկացած բաղկացուցիչ մաս կարող է առնվազն երկու կողմ ունենալ, ուստի տարօրինակ չէ, որ շահարկումները երբեմն իրական, բավականին ճշմարտացի հիմնավորումներ են ունենում։ Սակայն չպետք է մոռանալ, որ նույն հաջողությամբ փաստարկված կարելի է համարել հակառակ տեսակետը, որը նույնպես շահարկում էՙ այս անգամ հակադիր տեսանկյունից։
2003 թվականը կարեւոր է մեզ համար, քանի որ տեղի կունենան նախագահական, ապա նաեւ խորհրդարանական ընտրություններ։ Գիտենալով անցյալ նմանատիպ ընտրությունների արդյունքները, կարելի է վստահությամբ ասել, որ ապագա ընտրությունների ընթացքում էլ որոշ ուժեր կփորձեն խոչընդոտներ հաղթահարել «կեղտոտ» տեխնոլոգիաներով։
«Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարությունը քանիցս այլատեսակ շահարկումների առիթ է դարձել նաեւ այնպիսի անձանց համար, ովքեր երբեւէ ոչ մի առնչություն չեն ունեցել ահաբեկչությանը կապված որեւէ հանգամանքի կամ անձի հետ։
«Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչությունն ու դատավարությունը շահարկվում են տարբեր առիթներով։ Առիթ կարող է հանդիսանալ ինչ-որ մեկին վիրավորելու կամ պաշտպանելու ցանկությունը։ Մինչդեռ այս դատավարությունը զուտ այդ կարգի շահարկումների համար չափազանց յուրօրինակ է եւ ողբերգական։
Շահարկումները, որպես կանոն, վերաբերում են ոչ միայն դատավարության ընթացքին, այլեւ հնարավոր կազմակերպիչներին։
Ցանկացած ընթացքի, ցանկացած ելքի դեպքում «Հոկտեմբերի 27»-ի դատավարությունը պետք է հնարավորինս զերծ մնա քաղաքական շահարկումներից։ Բավական են թեկուզ միայն մահապատժի վերացման, 6-րդ արձանագրություն ստորագրելու հետ կապված բարդությունն ու անհարկի մեկնաբանությունները։
Շահարկումների հիմնական ուղղությունը նախագահական նստավայրն է։ Դրանց պատասխան տալու ամենաիրատեսական հնարավորությունը վկայի ցուցմունքն է։ Եվ եթե դատակոչված վկաները նույնպես անցնեն շահարկումների, ապա, թերեւս, «մահապատժի» ենթարկվի (առանց Եվրախորհրդի համաձայնության) մեր ունեցած-չունեցած բարոյականությունը։
Ստացվում է, որ յուրաքանչյուր շահարկում անուղղակի վնասում է նաեւ շահարկողին. չէ՞ որ բումերանգի էֆեկտը գործում է անկախ պաշտպանվածության մակարդակից։
Ինչ վերաբերում է հարցի զուտ բարոյական կողմին, ապա, ամեն դեպքում, միայն զոհերի հիշատակը բավարար նախապայման չէ չաչանակության, լեզվակռվի, բամբասանքի պատրաստ մարդկանց սաստելու համար։
Մյուս կողմից էլ, նման մարդկանց բարոյականության մասին խոսելն իսկ անբարոյականություն է։
Այնուհանդերձ, չհամաձայնել, որ 1999 թ. հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ողբերգությունը ոչ մի շահարկման թեմա չէ, չի կարելի։ Այլապես իմաստազուրկ են ոչ միայն ապագա ընտրությունները, այլեւ ժողովրդավարության ուղին բռնած հանրապետության բոլոր ջանքերը։
Առայժմ անհիմն ու անապացույց մեղադրանքները Ռոբերտ Քոչարյանի կամ ֆինանսական օլիգարխների նկատմամբ չեն վերացնում Հունանյանի եւ նրա խմբի հետեւում կազմակերպիչներ լինել-չլինելու հարցը։ Վերջինս առայժմ քննության առարկա է։
Իսկ եթե, այնուամենայնիվ, շահարկումները որոշակի հենք ունեն, ապա դրանք չներկայացնելով եւ միայն զազրախոսելով քաղաքական դիվիդենտներ վաստակելը տխուր փորձ է, քանի որ վաղ թե ուշ կգա ասածներն ու հայտարարություններն ապացուցելու, հաստատելու ժամանակը։
Հուսանք, որ ե՛ւ նախագահական, ե՛ւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ հրատապ թեմաներ կդառնան ոչ թե շահարկումները, այլ երկրի համար առաջնային հիմնախնդիրները. գործազրկություն, ցածր կենսամակարդակ, աղետի գոտի, կոռուպցիա եւ այլն։
Ընտրություններում քարոզարշավների ապագա մասնակիցներ, խոսեք ինչքան ուզում եքՙ չմոռանալով, որ պետք է նաեւ լուծումներ առաջարկել, իհարկե, հանգիստ թողնելով «27»-ի դատավարությունը։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ