Երուսաղեմի հայկական կալվածքների շուրջ ծավալված իրադարձությունների առիթով հայ համայնքի արդի խնդիրները ներկայացնելու նպատակով «Քաղաքացիական ազգային նախաձեռնությունը» երեկ անցկացրեց «Երուսաղեմի հայկական թաղամասի խնդիրը. նոր մարտահրավերներ» թեմայով քննարկումը։
Մասնակիցները, որոնք հիմնականում ԱԳՆ նախկին եւ ներկայիս աշխատակիցներն էին, անդրադարձան Երուսաղեմի հայ համայնքի այսօրվա վիճակին, հայկական կալվածքների շուրջ ծագած խնդիրների նախապատմությանը, Հայաստանի Հանրապետության եւ համահայկական կառույցների ու կազմակերպությունների միջամտությանը նման խնդիրների լուծմանը։ Հայաստան-Իսրայել միջպետական հարաբերությունները կարեւորվեցին Իսրայելի կամ Հորդանանի քաղաքացի հանդիսացող հայերի եւ Իսրայելի պետության փոխհարաբերությունների տեսակետից։
Բանասիրության թեկնածու, Սիրիայում Հայաստանի նախկին դեսպան Դավիթ Հովհաննիսյանը պատմական համառոտ ակնարկ կատարելուց հետո խոսեց այսօրվա հիմնական խնդիրների մասին։ Նա ցավով արձանագրեց, որ եթե 1947 թ. Երուսաղեմի հայ համայնքի անդամների թիվը հասնում էր 15 հազարի, ապա արաբա-իսրայելական հակամարտության հետեւանքով անընդհատ նվազել է եւ այժմ մոտ 2000 է։ Նրանցից միայն 600-ն ունեն Իսրայելի քաղաքացիություն։ Այս նույն ժամանակահատվածում պատրիարքարանին եւ մասնավոր հայ անձանց պատկանող 581 կալվածքներից 71-ը վաճառվել է հրեաներին։ Հրեաներն, ըստ էության, իրականացնում են իրենց ազգային գաղափարախոսությունից բխող քաղաքականություն։ Քրիստոնեական Երուսաղեմին ուղղված հարվածները ծրագրված են եւ արտահայտում են Իսրայելի պետության շահերը։ Նրա համոզմամբ, Երուսաղեմի հիմնահարցը տարածքային խնդիր չէ։ Խնդիրը քաղաքի հոգեւոր, կրոնական բնույթն է եւ միայն երեք կրոնների հավասար անվտանգության ապահովմամբ է հնարավոր հասնել կայուն խաղաղության։
Երուսաղեմի հայկական թաղամասի խնդիրը ժամանակակից գործընթացների հոլովույթում ներկայացրեց Հովսեփ Խուրշուդյանը։ Նա փաստեց, որ հայկական կալվածքների բռնազավթման առիթով միջազգային հեղինակավոր անձանց բողոքներից հետո խնդիրը հավանաբար կստանա բարենպաստ լուծում։ Հայկական համայնքի կարեւոր առանձնահատկությունների շարքում նա շեշտեց տուրիզմի կարեւորությունըՙ հայկական մշակույթը միջազգային հանրությանը հաղորդակից դարձնելու տեսանկյունից։ Ինթիֆադայից առաջ Հին քաղաք էր այցելում տարեկան 2 մլն զբոսաշրջիկ, սակայն հայկական թաղամասը գրեթե ընդգրկված չէր հրեական տուրիստական կազմակերպությունների ծրագրերում։ Խոչընդոտվում են հայկական թաղամասում տների վերանորոգման եւ կառուցման աշխատանքները։ Հայկական խնդիրները հաճախ շահարկում են իսրայելցիները եւ պաղեստինցիները։ Այս իրավիճակում հրատապ են դառնում Հայաստանի միջամտությունն ու մասնակցությունը թե քարոզչության եւ տեղեկատվության ասպարեզում, թե համաշխարհային հայկական միասնական օրգանիզմ ստեղծելու գործում։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ