«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2002-09-17 | #167, 2002-09-18 | #168, 2002-09-19


ՄԵՂԱՎՈՐ ԵՆ Ե՛Ւ «ԱՐՄԵՆՏԵԼԸ», Ե՛Ւ ՊՐՈՎԱՅԴԵՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ինտերնետ կապի ոլորտում ստեղծված վիճակի, «Արմենտելի» այստեղ դրսեւորած կամայականությունների, պրովայդեր ընկերությունների դժգոհությունների, տրանսպորտի եւ կապի նախարարության մոտեցման ու այս ամենի հետ կապված տնտեսական մրցակցության պաշտպանության խնդիրների առնչությամբ հարցազրույց ունեցանք ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Սամվել Ստեփանյանի հետ։

¬ Պրովայդեր ընկերությունները բազմիցս բողոքել են «Արմենտելի» կողմից ինտերնետ կապի կամայական անջատումների դեմ։ Չէ՞ որ դա տնտեսական մրցակցության պայմանների խախտում է։ Ի՞նչ է ձեռնարկում հանձնաժողովն այս կապակցությամբ։

¬ «Արմենտելի» հետ կապված հարցերը մշտապես քննարկվում են։ Ձեր նշած խնդրում առկա է ե՛ւ «Արմենտելի», ե՛ւ տվյալ ընկերությունների մեղավորությունը։ Եթե ինտերնետ կապը վերածվում է միջազգային խոսակցությունների միջոցով գումար վաստակելու երեւույթի, ապա «Արմենտելն» իրավացի է։ Մյուս կողմից ասել, թե նախկինում «Արմենտելն» անտեղյակ էր այդ երեւույթին, միամտություն է։ Նա պետք է վաղուց համապատասխան քայլեր աներ։ Շատ դեպքերում աղմուկն ավելին է լինում, քան իրականությունը։ Ասեմ, որ այն կարծիքին, թե ինտերնետ կապով Հայաստանն ամենահետամնացն է, համամիտ չեմ։ Դրանից օգտվողների քանակով մեր երկիրն ԱՊՀ-ում առաջին տեղերից մեկն է գրավում։

¬ Սակայն կապի որակը շատ ցածր է, ինչը դարձյալ «Արմենտելի» քաղաքականության հետեւանք է։

¬ Ճիշտ է, որակը ցածր է, այդուհանդերձ, Հայաստանը, ինչպես նշեցի, բարձր տեղ է գրավում դրանից օգտվողների թվով։ Նշեմ նաեւ, որ մեզ մոտ գործող սակագներն էլ համապատասխանում են ԱՊՀ-ում գործող միջին գներին։ Ինչ վերաբերում է «Արմենտելի» դրանք հաստատել-չհաստատելուն, կապն անջատել-միացնելուն, ապա զարմանալի բան է ստացվում։ Այն մարմինը, որն իրավունք ունի իրագործել «Արմենտելին» կարգի հրավիրելու իր լիազորությունները, հանդես է գալիս դժգոհողի կամ անօգնական վիճակում գտնվողի դերում։

¬ Ո՞ւմ մասին է խոսքը։

¬ Խոսքը տրանսպորտի եւ կապի նախարարության մասին է։ Եթե սակագինը հաստատված չէ, ապա այս նախարարությունն իրավունք ունի համապատասխան սանկցիաներ կիրառել։ Ի՞նչ է պատահել։ Այս խնդրի առնչությամբ պետք է նրանց հարց ուղղել։

¬ Ի՞նչ կասեիք «Հայհամակարգիչ»¬«Արմենտել» դատական գործընթացի մասին, որտեղ վերջինիս դեմ հայց էր ներկայացվել նաեւ տնտեսական մրցակցության ոլորտում խախտումների համար։ Այն ձգձգվում է, իսկ «Հայհամակարգչի» տնօրենը Ձեզ մեղադրում է որպես երրորդ կողմ իրենց չպաշտպանելու մեջ։

¬ Եթե «Հայհամակարգչի» տնօրենին թվում է, որ շանտաժի կարող է ենթարկել հանձնաժողովին, ապա նա սխալվում է։ Դատական նիստից ընդամենը երեք օր առաջ, առանց նյութեր ուղարկելու, փաստաթղթային հիմնավորում տալու, մեզ հետ հարցը քննարկելու, նա դիմում է մեզ, ասելովՙ եկեք, մեր կողմից երրորդ կողմ հանդես եկեք։

Մեզ ժամանակ է պետք, որպեսզի քննարկենք եւ որոշենքՙ երրորդ կո՞ղմ հանդես կգանք, թե՞ ոչ, կամ ո՞ւմ կողմից հանդես կգանք։ Եվ, ի վերջո, եթե հարցը մտել է դատարան, թող նա որոշի, թե ով է արդար։ Ինչ վերաբերում է ձգձգումներին, ապա ես նույն կերպ կարող եմ բողոքել, որ դատարանի այն որոշումը, որի հայցադիմողը մենք ենք եղել, «Արմենտելը» չի կատարում։ Կարելի է ասել, որ այդ որոշումը կատարվել է 30 տոկոսով։ «Արմենտելի» կողմից 5 մլն դրամ տուգանքը պետբյուջե մուծելը դեռ չի նշանակում, թե այդ որոշումը կատարվել է։ Նա պարտավոր է հայտարարել իր պարտադրած հեռախոսասարքերը հետ գնելու պատրաստակամության մասին, պետք է մեզ ներկայացնի այդ գործարքից ստացված շահույթի ֆինանսական հաշվարկՙ դարձյալ պետբյուջե վճարելու համար։ Արդեն 3¬4 ամիս է անցել որոշումից, եւ դրա վերջնական կատարումը կձգձգվի եւս 2¬3 ամիս։ Ի՞նչ արած, դատական գործընթաց է։ Ես հույս ունեմ, որ օրենքով մեզ վերապահված լիազորությունները կիրառելով շատ բան տեղը կընկնի։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4