ՆԳ մարզային բաժիններն արդեն խախտում են
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեկվա նիստի օրակարգը բավականին ժլատ էր։
Օրակարգում 2 նախագիծ էր։ Առաջինը վերաբերում էր տեղամասային ընտրական հանձնաժողովի կանոնակարգին, մյուսըՙ նախընտրական քարոզչության իրականացման համար պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անվճար տարածքներ տրամադրելու կարգը սահմանելուն։
Առաջին հարցն արագ քննարկվեց ու հաստատվեց։
Երկրորդ հարցը հաստատվեց խմբագրմամբ։ Նախ, ԿԸՀ-ն խմբագրեց 2-րդ կետը։ Վերջինս սահմանում էր, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները թեկնածուների գրանցման վերջին օրվանից ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում սահմանում են ընտրողների հետ թեկնածուների համատեղ հանդիպումների անցկացման ժամանակացույցըՙ ըստ ընտրական տեղամասերի, այդ մասին տեղյակ պահելով համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին։
Խմբագրումը կապված էր այն հանգամանքի հետ, որ պետական եւ տեղական կառավարման մարմինները հիշատակված ժամանակացույցի սահմանման խնդիր չունեն։ Բացի այդ, համատեղ հանդիպումների ժամանակացույց սահմանելու հարցում կառավարման մարմինները կարող են շահագրգիռ լինելՙ թեկնածություն առաջադրելու դեպքում։
Օրակարգային երկրորդ հարցի 3-րդ կետով էլ ԿԸՀ-ն սահմանեց, որ թեկնածուներն իրենց միջոցառումների անցկացման նպատակով պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին ներկայացնում են հայտ համապատասխան տարածք տրամադրելու համար։
Հաջորդ կետով սահմանվեց, որ հայտը պետք է ներառի կազմակերպվող միջոցառման ձեւն ու վայրը, միջոցառումը սկսելու եւ ավարտելու ժամը, կազմակերպիչների տվյալները։ Հայտերը պետք է ներկայացվեն կազմակերպվող միջոցառման օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ։ 2 օրվա ընթացքում էլ կառավարման մարմինների ղեկավարները քննարկում են ներկայացված հայտերը եւ կազմակերպիչներին ու համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին տեղեկացնում տարածք հատկացնելու մասին։
Նիստի ավարտին «Օրինաց երկիր»-ի ներկայացուցիչ, ԿԸՀ անդամ Արտաշես Ավոյանը հանդես եկավ հայտարարությամբ։ Նա ԿԸՀ-ի եւ հատկապես նախագահ Արտակ Սահրադյանի ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ մարզերում ՆԳ բաժինները հրաժարվում են համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուներին հաշվառման եւ քաղաքացիության մասին տեղեկանքներ տալՙ ապօրինի պահանջելով, օրինակ, հարկային վճարումների մասին փաստաթղթեր։
ԿԸՀ նախագահը նշեց, որ նախորդ օրը հանձնաժողովը նման տեղեկություններ է ստացել Վանաձորից եւ Գուգարքից։ Այդ մասին Արտակ Սահրադյանը տեղյակ է պահել ՆԳ նախարար Հայկ Հարությունյանին եւ փոխնախարար Հովհաննես Վարյանին։ Այս հայտարարությունն ու փաստերը վկայում են, որ տեղական ընտրություններն արդեն «սկսվել» են։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ