«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2002-09-17 | #167, 2002-09-18 | #168, 2002-09-19


«ԱՆԻՆ» ԿԱՅԱՑԱԾ ՀՅՈՒՐԱՆՈՑ Է

Հավաստիացնում է մարկետինգի բաժնի պետը

Իր մեծությամբ եւ վարկանիշով «Անին» ավանդաբար համարվել է Հայաստանի երկրորդ հյուրանոցը։ «Անին» եւս, ինչպես «Արմենիան», սեփականաշնորհվեց 1998¬99 թթ., եւ նոր սեփականատերերը նույնպես ամերիկահայեր են։ Սեփականաշնորհմանը հաջորդող տարիները հյուրանոցի համար վերակառուցման տարիներ էին։ «Անի ինտերփրայզիս» ընկերության կողմից մասնավորեցվելուց հետո 300 հյուրանոցային մեկ եւ երկու տեղանոց առաջին կարգի, լյուքս եւ ապարտամենտ կոչվող համարներն ընդարձակվեցինՙ դառնալով առայժմ 149 մեկ եւ երկու տեղանոց էկոնոմ, մեկ եւ երկու տեղանոց բիզնես համարներ։ Ինչո՞ւ առայժմ, որովհետեւ դեռեւս ընթացքի մեջ է նոր լյուքս եւ ապարտամենտ համարների շինարարությունը։ Դրանք, ինչպես տեղեկացանք հյուրանոցի մարկետինգի բաժնի պետ Նելլի Ալեքսանյանից, հավանաբար կլինեն 10-րդ հարկում, որտեղից հիանալի տեսարան է բացվում։ Այստեղից երեւում են ամբողջ Երեւանը, Մեծ ու Փոքր Արարատները։

Մարկետինգի բաժնի պետի հավաստմամբ, «Անին» իր հիմնադրման առաջին իսկ տարվանից (1970 թ.) մեծ ճանաչման է արժանացել։ Տկն Ալեքսանյանն աշխատանքի է ընդունվել հյուրանոցում բացման օրվանից, եւ դա ասաց որպես ականատես։ Այդ հանգամանքը նա բացատրեց «Անիի» հարմար դիրքով։ Հյուրանոցը գտնվում է քաղաքի կենտրոնում, օպերայի թատրոնի հարեւանությամբ։ Հյուրերը կարող են իջնել եւ զբոսնել մայրաքաղաքի փողոցներում, ինչը կարեւոր հանգամանք համարվեց։ Բացի այդ, առաջիկա 1¬1,5 տարիների ընթացքում բակի կողմից կկառուցվեն նոր ծածկած լողավազան, մարզասրահ, ֆիտնես կենտրոն եւ կանգառ ավտոմեքենաների համար։ Նելլի Ալեքսանյանը հատուկ ընդգծեց հյուրանոցի անձնակազմի բարձրակարգ սպասարկման հանգամանքը։ Այս ամենը, գումարած «Անիի» որպես հյուրանոց կայացած լինելը, հնարավորություն է ընձեռել դիմակայելու նորակառույց եւ ժամանակի պահանջներին համապատասխան այլ հյուրանոցների մրցակցությանը։

Հյուրանոցի ծանրաբեռնվածությունն այս տարի փոքր¬ինչ ցածր է նախորդՙ հոբելյանական տարվանից։ Սակայն մարկետինգի բաժնի պետը դժգոհ չէր այս տարվա ծանրաբեռնվածությունից։ Տարեկան կտրվածքով դա մոտ 50 տոկոս է կազմում։ Այս տարվա համար Նելլի Ալեքսանյանը հետաքրքրական առանձնահատկություն է նկատել։ Եթե անցյալ տարի Հայաստան այցելող զբոսաշրջիկները հիմնականում սփյուռքահայեր էին, ապա այս տարի պատկերն այլ է։ Ավելացել է օտարերկրացիՙ գերմանացի, անգլիացի, ֆրանսիացի, ամերիկացի զբոսաշրջիկների հոսքը։ Իտալացիների եւ Իսրայելից եկած զբոսաշրջիկների մեծ հոսք կա։ Տկն Ալեքսանյանը սա կարեւոր միտում համարեց, ընդգծելով. «Էթնիկ տուրիզմով հեռու չենք գնա»։ «Ինչպե՞ս ազդեցին սեպտեմբերի 11-ի իրադարձությունները Հայաստանում զբոսաշրջության զարգացման վրա» հարցին, նա պատասխանեց, որ դրանք, բնականաբար, իրենց բացասական ազդեցությունն ունեցան։ Մարդիկ մինչեւ հիմա էլ զգուշանում են իրենց երկրից դուրս գալ։ Այդուհանդերձ, ինչպես «Անին», այնպես էլ մյուս հյուրանոցները պատրաստվում են ընդունել զբոսաշրջիկների նոր խմբերի։

Մեզ հետաքրքրող վերջին հարցը վերաբերում էր զբոսաշրջության եթե ոչ ամենակարեւոր, ապա կարեւոր հարցերից մեկինՙ հյուրանոցային համարների գներին։ «Անիի» մեկ համարի մեկ օրվա նվազագույն գինը 90 դոլար էր, առավելագույնըՙ 170 դոլար (ներառյալ ավելացված արժեքի հարկը)։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4