«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2002-09-17 | #167, 2002-09-18 | #168, 2002-09-19


ՀԱՅԱՑՔ ԱՆՑՅԱԼԻՆՙ ԱՊԱԳԱՆ ՉՎՏԱՆԳԵԼՈՒ ՀԱՄԱՐ

(թերթելով «Ազգի» հին համարները)

Երբ 16 ընդդիմադիր կուսակցությունները շտապեցին հայտարարել առաջիկա նախագահական ընտրություններին միասնական թեկնածուով մասնակցելու իրենց մտադրության մասին, հայաստանյան մամուլի հրապարակումներում հաճախացան 1996 թվականի նախընտրական շրջանի հետ ներկա իրավիճակի զուգահեռները։ Ըստ իսՙ մակերեսային համեմատություն է, հիմնված զուտ արտաքին նմանության վրա, քանի որ ե՛ւ այն ժամանակ, ե՛ւ այժմ ընդդիմությունը ձգտում էր համախմբվել մեկ թեկնածուի շուրջ։ Ուրիշ ո՛չ մի նմանություն չկա։ Փորձենք մտաբերել 1996-ի մթնոլորտը։

ա) Երկրում թեւածում էր վախի, կասկածամտության, վաղվա օրվա հանդեպ անվստահության ուրվականը։ Դաշնակցության գործունեությունն արգելված էր, շարունակվում էր «Դրոյի» դատավարությունը։ Վահան Հովհաննիսյանը ճաղերի հետեւում նշում էր իր քառասնամյակը, եւ նախագահության 6 թեկնածուներ, իբրեւ իրենց խիզախության բոլորովին էլ ոչ ձեւական դրսեւորում, մամուլով շնորհավորել էին նրան։ Իշխանությունների ակտիվ աջակցությամբ քաղաքական ուժերի պառակտումներ էին տեղի ունենում։ Այդ «տենդը» համակել էր նաեւ ռամկավարներին։ Կուսակցության գույքի, կնիքի, անվան հանդեպ հավակնություններ ունեցող ոմանք գիշերով հարձակվել էին կենտրոնական գրասենյակի վրա, կատարել գողություններ, ավելի ուշՙ փորձում էին փակել «Ազգ» օրաթերթը, իսկ առավել ստույգՙ հիմնադիրներից խլել եւ օրվա իշխանություններին հաճո անձանց տրամադրել հրատարակման իրավունքը։ Քիչ ավելի հետո, կուսակցության 6-րդ օրինական պատգամավորական ժողովից փոքր անց, տվյալ անձինք գումարել էին «պատգամավորական ժողով» կոչվող մի խառնահավաք, ուր, ի շարս այլ անհեթեթությունների, ոմն պատվիրակ առաջարկել էր «համագումարի կողմից դիմում հղել ՀՀ նախագահինՙ «Ազգի» պաշտոնանկ խմբագրին Հայաստանից վտարելու պահանջով»։ Բարեբախտաբար, այդպիսի վտարում չհետեւեց, բայց բուն առաջարկը անչափ բնորոշ էրՙ առաջարկողն էլ, քննարկողներն էլ հրաշալի գիտեին, որ մարդուն հայրենիքից վտարելը միանգամայն հնարավոր էր, ընդամենը այն «հիմքով», որ այս կամ այն անձը սրա կամ նրա քիմքին հաճելի չէր։ 1996-ի հուլիսի 16-ին այս խայտառակ պատմությանն իբրեւ արձագանք «Ազգում» լույս տեսավ իմ «Առաջ դեպի... 1937 թվակա՞ն» հոդվածը, եւ արդեն վերնագիրն իսկ ամեն ինչ ասում էր։ Այո, երկրում փորձ էր արվում ստեղծել 1937-ին բնորոշ ահ ու սարսափի մթնոլորտ։ Այդ օրերին ծեծել էին ազգային ռադիոյի «Երեւան» ծրագրի լրագրող Վարդան Վարդանյանին, քանի որ վերջինս հանդգնել էր ռադիոհաղորդումներում ասել, թե հացի գործարարներից մեկի թողարկած արտադրանքը... թերքաշ է։ Բայց բանը Վարդանին ծեծելով չվերջացավ, սկսվեց եւ ամիսներով շարունակվեց ռադիոյի տնօրեն Ստեփան Զաքարյանի հալածանքը, որն ավարտվեց նրա պաշտոնանկությամբ։ Պատճառն ի՞նչ էր. «հասարա՜կ» բանՙ հացի տվյալ գործարանի տնօրենը (թե՞ վերջինիս եղբայրը, լավ չեմ հիշում) ՀՀՇ-ի տարածքային կազմակերպության ղեկավարներից էր։ Այս մասին էլ կարելի է կարդալ «Ազգի» 1996 թվականի հուլիսի 4-ի «Ով ում է ծառայումՙ ՀՀՇ-ն պետությա՞նը, թե՞ պետությունը ՀՀՇ-ին» իմ հրապարակման մեջ։ Նույն ամիսներին տենդագին փորձեր էին արվում ԱԺ-ով անցկացնել ԶԼՄ-ների նոր օրենքի մի օրապակաս նախագիծ, որն օրենք դառնալու դեպքում դամոկլյան սուր էր լինելու իշխանությունների ձեռքինՙ ընդդեմ ամեն կարգի անցանկալիների, քանզի պարունակում էր պատժամիջոցներՙ «հասարակական կարգի փոփոխության» փորձերի ու կոչերի դեմ։ Ստալինյան բառապաշարից փոխառված այդ «հասկացության» տակ, ինքնըստինքյան հասկանալի է, կարող էր ընկնել ամեն մի չնչին դժգոհություն։ Ամենանողկալին, սակայն, մնում էին օրվա իշխանությունների անզուսպ փառաբանությունը, հավատարմահպատակության զգացումների սրտխառնուք առաջացնող զեղումները, նախագահին «առաջնորդ» եւ «իմաստուն» բառերով հատկապես պետական լրատվամիջոցներում քծնելու ամոթանքը։ Հասարակությանը համառորեն ներշնչում էին, որ այլ նախագահի ընտրության դեպքում երկիրն անվերապահորեն կանգնելու է պատերազմի վերսկսման վտանգի առաջ, կյանքը վատանալու է, գները թանկանալու են եւ հազար ու մի այլ բաներ։ Ժողովրդին վախ ներարկելը, այսպիսով, բարձրացվել էր պետական քաղաքականության մակարդակի։

բ) Գործող նախագահի դեմ միասնաբար պայքարելու առաջին փորձը 1996-ին կատարեցին ԳիԱրՔՄի-ն, ՀԴԿ-ն, ՀԿԿ-ն եւ «կասեցված» ՀՅԴ-ն, որոնք հուլիսի 2-ի իրենց համատեղ հայտարարության մեջ նշել էին, թե «հասարակության կարող ուժերի միաբանությունը համարելով երկիրը ճգնաժամից դուրս բերելու գլխավոր պայման, նշելով քաղաքական մոտեցումներում եւ հակաճգնաժամային ծրագրերում ընդհանրությունները»ՙ հայտարարում են «երկրում դրական արմատական փոփոխությունների երաշխիքներ ստեղծելու նպատակով լայն համագործակցության եւ նախագահական ընտրություններում համատեղ եւ համաձայնեցված գործելու վճռականությունը»։ Երկու ամիս անց, 1996-ի սեպտեմբերի 7-ին, վերջապես ստեղծվեց «Ազգային համաձայնության դաշինքը» իր միասնական թեկնածուովՙ Վազգեն Մանուկյանով, որն էլ սեպտեմբերի 22-ի նախագահական ընտրություններում հաղթանակ տարավ, ինչն իշխանությունները տրորեցին տանկերի թրթուրներով։

գ) Վազգեն Մանուկյանը ԱԺՄ, ԱԻՄ, ՀԴԿ, ՀՅԴ եւ «Արցախ-Հայաստան» կուսակցությունների միասնական թեկնածուն էր։ Այն ժամանակ նրա շուրջը համախմբված «Դաշինքը» ժողովրդին ներկայացել էր 4 կետից բաղկացած հստակ ծրագրով. ցրել մեկ տարի առաջ բացահայտ օրինախախտումներով ձեւավորված Ազգային ժողովը եւ նշանակել նոր ընտրություններ, 2 տարվա ընթացքում ներկայացնել նոր սահմանադրության նախագիծ (բոլորը գիտեին, որ գործող սահմանադրությունը ժողովրդի մեծամասնության կողմից ընդունված չէր), ձեւավորել ազգային համաձայնության կառավարություն, եւ վերջինըՙ մինչեւ նոր ԱԺ ընտրությունները «Դաշինքի» մեջ մտնող կուսակցությունների ներկայացուցիչներից ստեղծել Անվտանգության խորհուրդ։

Այս հստակ ծրագիրն էր, որ հաղթանակ ապահովեց «ազգային համաձայնության միասնական թեկնածու» Վազգեն Մանուկյանին, ժողովուրդը ա՛յս ծրագրի հետեւից գնաց, ո՛չ Վազգենի անձի կամ նրան սատարող կուսակցությունների։

Այժմ դիտարկենք, թե ինչ ընդհանրություններ կան 1996-ի վերը նշված իրավիճակի եւ ներկայի միջեւ։

1. Վախի մթնոլորտը բացակայում է, փակված կուսակցություն, արգելված լրատվամիջոցներ չկան, ծեծված լրագրողներ, կառավարող կուսակցության այս կամ այն ֆունկցիոների «քեֆին կպչելու» համար հալածվողներՙ նմանապես։ Ոչ մեկի գլխին կախված չէ Հայաստանից վտարվելու սպառնալիքը, ճաղերի հետեւում իրենց տարեդարձը նշող քաղաքական գործիչներ նույնպես չկան։ Ով ինչ ուզումՙ ասում ու գրում է, ընդհուպ երկրի նախագահին ուղղակի զրպարտելն ու «Հոկտեմբերի 27-ի» ոճրագործության հետ առանց որեւէ հիմքի «կապելու», նրա անձի հանդեպ ատելություն ու մաղձ բորբոքելու մոլուցքը։ Նույնիսկ իշխանամետ լրատվամիջոցները շա՛տ ավելի չափավոր են ներկա նախագահի արժանիքները մատնանշելու իրենց ջանքերում։ Ընդդիմությունն այլեւս չի վախենում բացեիբաց ասել, որ իր նպատակը «Քոչարյանի ռեժիմը» տապալելն է եւ չի քողարկվում «երկրում արմատական փոփոխությունների երաշխիքներ ստեղծելու» մշուշապատ ձեւակերպումներով։ Ավելին, 16 ընդդիմադիր կուսակցությունների վերջերս հրապարակված «Քաղաքական հայտարարության» միակ կետը նախագահին ամեն կերպ ասպարեզից հեռացնելու խոստումն է, քանզի նրան է վերագրվում երկրի ներկայիս դժվարությունների ողջ պատասխանատվությունըՙ առանց այդ վիճակի առաջացման պատճառների լուրջ բացահայտումների։

2. Ի տարբերություն 1996-ի «Ազգային համաձայնության դաշինքի», ներկայիս ընդդիմությունն այլեւս հարց չի բարձրացնում գործող Ազգային ժողովը լուծարելու, Անվտանգության խորհուրդ ձեւավորելու եւ նոր սահմանադրության նախագիծ ներկայացնելու մասին։ Նախ, որովհետեւ նախագահական ընտրություններից անմիջապես հետո տեղի են ունենալու ԱԺ ընտրությունները, երկրորդՙ գործող նախագահն ի՛նքն է շահագրգիռ նոր սահմանադրության ընդունմամբ։

3. 1996-ի ընդդիմությունը հրապարակ էր իջել արդեն իսկ մշակված հակաճգնաժամային ծրագրերով։ Այժմյան ընդդիմության լիդերներից մեկը, «Հանրապետություն» կուսակցության խորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանն իրենց «Քաղաքական հայտարարության» հրապարակման օրը նույնիսկ բացեիբաց ասում էր, թե իմաստ չի տեսնում այդպիսի ծրագիր ներկայացնելու մեջ, քանի դեռ իրենք այն կենսագործելու իշխանական լծակներ չունեն։ Տարօրինակ հարցադրում. ո՞ւր է երաշխիքը, որ իշխանության գալուց հետո իրենց իրականացնելիք ծրագիրը ընդունելի է լինելու ժողովրդի համար։ Իսկ եթե ո՞չ, եթե դա լինի շատ ավելի անընդունելի ծրագիր, քան հիմա իրականացնում է Ռոբերտ Քոչարյա՞նը։ Ներկայիս ընդդիմությունն իրեն հաշիվ տալի՞ս է, թե որքա՜ն մեծ կլինի ժողովրդի հիասթափությունն այդ պարագայում, եւ ի՜նչ անցանկալի քաղաքական ցնցումներ կսկսվեն Հայաստանում։

4. 1996-ի ընդդիմությունը խոստանում էր կազմել «Ազգային համաձայնության կառավարություն»։ Դա համազգային համախմբման, երկրի առողջ ուժերը զորաշարժի ենթարկելու, ընդհանուր ուժերով ճգնաժամը հաղթահարելու ծրագիր էր։ Ներկայիս ընդդիմությունը համախմբվել է (եւ ժողովրդին էլ փորձում է համախմբել) ընդամենը մեկ անձի դեմ, ինքն իրեն հաշիվ չտալով, որ այդ անձի դեմ տարվող ատելության քարոզչությունը կամա-ակամա վերաճում է վենդետտայի, վրիժառության։ Դա կործանարար մոլորություն է, համախմբում է ոչ թե «հանուն», այլՙ «ընդդեմ» գաղափարի շուրջ։ 1996-ի ընդդիմության քարոզչությունը այդպիսին չէր, վսեմ նպատակի հետապնդում էր։ Այժմ, ավաղ, ես այդպիսի վսեմ նպատակ չեմ տեսնում։ 1996-ի ընդդիմադիրների ստեղծարար լիցքերն այսօր չկան, եւ դա անձամբ ինձ մեծ ցավ է պատճառում, քանզի ե՛ւ այն ժամանակվա, ե՛ւ այժմյան ընդդիմադիրների մեջ կան ինձ հոգեհարազատ մարդիկ։ Բայց այն տարբերությամբ, որ այժմյան ընդդիմադիրների շարքերում հայտնվել են նաեւ իրենց գաղափարներով ու հետապնդած նպատակներով ինձ համար միանգամայն խորթ ուժեր ու գործիչներ, ովքեր ամենեւին էլ փոքր պատասխանատվություն չեն կրում Հայաստանի այսօրվա ծանր սոցիալ-տնտեսական վիճակի համար։ Ով-ով, բայց այդ մարդիկ բարոյական ո՛չ մի իրավունք չունեն վայնասուն բարձրացնելու մեր այժմյան դժվարությունների առթիվ։ Կոկորդիլոսի արցունք թափելու եւ ամեն ինչ ներկա նախագահին վերագրելու այդպիսիների փարիսեցիությունն ինձ համար նողկալի է։ 1996-ի սեպտեմբերի 5-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը լրագրողների հետ մի առիթով իր պատահական հանդիպման ժամանակ, հանպատրաստից մամլո ասուլիսում (որն առաջինն էր իր կառավարման հինգ տարիներին), լրագրողներից մեկի «5 տարին բավարա՞ր եք համարում բարեկեցիկ կյանք ապահովելու համար» հարցին պատասխանել է. «Ոչ, իհարկե, բավարար չեմ համարում։ Հինգ տարում պետք է այս ողբալի վիճակը մի քիչ թեթեւացնենք, մի քիչ մարդկանց ավելի անհոգ դարձնենք։ Կաթիլ-կաթիլ պետք է հավաքվի, ինձնից հետո դեռ տասը պրեզիդենտ էլ պետք է լինի, որից հետո երեւի մենք կհավասարվենք եվրոպական պետություններին»։ Տեր-Պետրոսյանից հետո փոխվել է ոչ թե 10, այլՙ մեկ պրեզիդենտ, «այս ողբալի վիճակը» իսկապես մի՜ քիչ թեթեւացել է, «կաթիլ-կաթիլ հավաքվում է»։ Այդ դեպքում ի՞նչ բարոյական իրավունք ունեն դեռ երեկ Տեր-Պետրոսյանի կողքին կանգնած, իսկ այսօր ընդդիմության շարքերը համալրած ուժերն ու գործիչներըՙ շահարկելու մեր կյանքի դժվարությունները։ Քանի դեռ իրենք էին իշխանության մեջՙ ժողովուրդը պետք է սպասեր, որ «դեռ տասը պրեզիդենտ էլ փոխվի», իսկ հիմա, երբ իրենք իշխանության մեջ չկան, սպասելը հակացուցվա՞ծ է, ամեն ինչ միանգամի՞ց պիտի արվի։ Ինչպե՞ս։ Ընդամենը Քոչարյանին տապալելո՞վ։ Բայց չէ՞ որ դա անլուրջ հարցադրում է։

Ես ամենեւին այն կարծիքին չեմ, որ մեր այժմյան վիճակը, 1996-ի համեմատությամբ, իդեալական է, որ այն ժամանակ ամեն ինչ վատ էր, իսկ հիմա, իբր, «ամեն ինչ լավ է»։ Քա՛վ լիցի։ Հիմա՛ էլ անցանկալի երեւույթներ կան, իշխանությունները զանազան սխալներ են անում, նաեւՙ մեծ ու փոքր մեղքեր գործում։ Այն ժամանակ էլ ընդդիմության մեջ առողջ ուժեր կային, կարող մարդիկ եւ կենսունակ մտքեր, որոնք անտեղի արհամարհվում ու անտեսվում էին։ Հիմա՛ էլ այդպիսի բաներ կան, դժբախտաբար (սակայնՙ անհամեմատ ավելի փո՛քր չափերով)։ Իշխանություններն առաջվա պես չեն կարողանում վեր կանգնել հասարակության մեջ գործող քաղաքական ուժերին «յուրայինների» եւ «հակառակորդների» բաժանելու մտայնությունից, չեն ցուցաբերում բոլորին մեր պետական կառքին «լծելու» կարողություն ու կամք։ Բայց այդ ամենը, ըստ իս, աճման «հիվանդություններ» են։ Չտեսնել, որ թշնամանքի ոգին էականորեն նվազել է, չհասկանալ, որ «հոկտեմբերի 27-ի» զարհուրելի ոճրագործությունից հետո իշխանություններից հսկայական ջանքեր պահանջվեցին այդ թշնամանքը հաղթահարելու, երկիրը բնականոն զարգացման հուն փոխադրելու համար, ինչը մեծապես խանգարեց սոցիալ-տնտեսական բազում ու բազմապիսի հարցերի լուծմանը, կարճատեսություն է կամ քաղաքական չարամիտ դիտավորություն։ Այժմ, նախագահական ընտրությունների մոտենալուն զուգընթաց, այդ չարամտությունը կրկին գլուխ է բարձրացնում, այդ թվում նաեւ 1996-ի իրավիճակի հետ անհարկի համեմատությունների տեսքով։ Ահա՛ ինչու գտնում եմ, որ անհրաժեշտ է ո՛չ թե ձեւական, այլ իրատեսական հայացք նետել մեր ոչ հեռու անցյալինՙ ապագան չվտանգելու համար։

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4