«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2002-09-17 | #167, 2002-09-18 | #168, 2002-09-19


ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՏԱՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՍԿՍՎԻ ԳԱՐՆԱՆԸ

Ալիեւ-Սեզեր, Ալիեւ-Շեւարդնաձե, Սեզեր-Շեւարդնաձե հանդիպումներ Բաքվում

Սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի մայրաքաղաքից 35 կմ հարավ գտնվող, մերձկասպյան Սանգաչալ տերմինալում հանդիսավորությամբ սկսվեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան 1760 կմ երկարությամբ նավթատարի շինարարությունը, որի ընդհանուր արժեքը մոտ 3 մլրդ դոլար է։ Մոսկովյան «Վեդոմոստի» թերթը նշում է, որ խողովակաշարի շինարարությունը կսկսվի միայն 2003 թ. փետրվար-մարտ ամիսներին, կավարտվի 2004 թ. վերջերին, իսկ 2005 թ. գարնանն առաջին նավթը կհասնի միջերկրածովյան Ջեյհան նավահանգիստը։ Ենթադրվում է այս կառուցվելիք խողովակաշարով միջազգային շուկաներ առաքել տարեկան 50 մլն տոննա կասպյան նավթ։ Ներկայումս Ադրբեջանը տարեկան արտահանում է մոտ 15 մլն տոննաՙ հիմնականում Բաքու-Նովոռոսիյսկ եւ Բաքու-Սուփսա խողովակաշարերով։ Ակնկալվում է, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարով կհոսի նաեւ Ղազախստանի նավթըՙ այսպիսով լրացնելով խողովակաշարի լրիվ ծանրաբեռնվածությունը։

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նախագծի մասնակիցներն են անգլո-ամերիկյան «Բրիթիշ փեթրոլեումը»ՙ 32,21 տոկոս, Ադրբեջանի պետական նավթային ընկերությունըՙ 25, նորվեգական «Statoil»-ըՙ 9,58, ամերիկյան «Unocal»-ըՙ 8,9, թուրքական TPAO-նՙ 7,55, իտալական ENI-նՙ 5, ճապոնական «Itocu»-նՙ 3,4, սաուդյան «Amerada Hess»¬ըՙ 2,36։ Սպասվում է, որ մնացած 5 տոկոսը կստանա ֆրանսիական «Total Fine Elf»-ը։

ՌԴ արտգործնախարարի տեղակալ Վ. Կալյուժնին «Վեդոմոստի» թերթին ասել է. «Անշուշտ, Բաքու-Թբիլիսի-Ջեյհանն ուղղակի մեր մրցակիցն է, բայց դա մենք վատ չենք համարում։ Հակառակըՙ «Տրանսնավթի» համար խթան կլինիՙ սահմանել առավել հիմնավորված սակագներ»։ «Մեր ընկերությունը չի երկյուղում մրցակցությունից։ Նախՙ Ադրբեջանն այսօր մեծ ծավալներով նավթ չի արդյունահանում եւ, մեր կարծիքով, այդ նավթատարի տնտեսապես հիմնավորված լինելը շարունակում է մնալ հարցականի տակ։ Բացի այդՙ մեր սակագները կարող են լինել ավելի գրավիչ», ասել է «Տրանսնավթի» փոխնախագահ Ս. Գրիգորեւը։

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի հանդիսավոր բացմանը մասնակցել են Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի նախագահները, ԱՄՆ էներգետիկայի նախարար Սփենսեր Աբրահամը, բարձրաստիճան այլ անձինք։ Ալիեւ-Աբրահամ հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին, ԱՄՆ էներգետիկայի նախարարը, ըստ «Թուրան» գործակալության, ասել է, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը ԱՄՆ նավթային ռազմավարության «կարեւորագույն հատվածն է», «այդ ռազմավարությունը 2001 թ. մշակվել է փոխնախագահ Չեյնիի ղեկավարությամբ»։ Ըստ Աբրահամի, այս նավթատարի նախագծի իրականացումը մեծ մասամբ հնարավոր է դառնում Հեյդար Ալիեւի ջանքերով, Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը կամրապնդի «Ադրբեջանի անկախության երաշխիքները»։ Հեյդար Ալիեւը նշել է, որ Բաքուն պատրաստ է Վաշինգտոնի հետ բազմակողմ համագործակցության, «միշտ ԱՄՆ-ի հետ լինելու է նույն դաշինքի մեջ, քանի դեռ միջազգային ահաբեկչությունն արմատախիլ չի արվել»։

Եղբայրական երկու հանրապետություններիՙ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, եթե վստահենք Բաքվի «Զերկալո» թերթին, բնավ էլ չի անցել եղբայրական մթնոլորտում։ Մասնավորապես, Ահմեդ Նեջդեթ Սեզերը ներկայացրել է փաստարկներ, համաձայն որոնց Ադրբեջանում առկա բյուրոկրատական քաշքշուկների պատճառով թուրք ձեռներեցները չեն կարողանում գործունեություն ծավալել։ Անցյալ տարի թուրք-ադրբեջանական ապրանքաշրջանառությունը նվազել է 15 տոկոսով, տասնյակ թուրքական ֆիրմաներ սնանկացել եւ լքել են Ադրբեջանը։ Սեզերը հույս է հայտնել, որ իրականություն կդառնա նաեւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի կառուցումը։ Այս ծրագիրը, ինչպես հայտնի է, հետաձգվել է անորոշ ժամանակով, քանի որ թուրքական կողմը չի ցանկանում ներմուծել ադրբեջանական թանկ գազը։

Ռուս-վրացական գերլարված հարաբերությունների ֆոնին ուշագրավ է Սեզեր-Շեւարդնաձե հանդիպումը։ Տարբեր առիթներով թուրք բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, թե Վրաստանի խնդիրները Թուրքիայի խնդիրներն են։ Կսատարի՞ Անկարան Թբիլիսիին, եթե ռուսական զորքերը ռմբահարեն Վրաստանը, ցույց կտա ժամանակը։ Մենք միայն կարող ենք փաստելՙ Վրաստանի հասցեին հնչող ռուսական սպառնալիքներն Անկարայում բարեխղճորեն շրջանցվում են։

Ի դեպ, երեկ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի ադրբեջանական հատվածի շինարարության տենդերում հաղթող ճանաչված հունական CCIC ընկերությունը տարածել է հաղորդագրությունՙ ժխտելով հայկական լոբբիի կապը ընկերության հետ։ Համաձայն մամլո հաղորդագրության, որից հատվածներ է մեջբերել Բաքվի «Էխո» թերթը, CCIC-ն հունական ընկերություն է եւ պատկանում է երկու արաբներիՙ Սաբբահ եւ Ղուրի ձեռներեցներին։ CCIC-ն չի թաքցրել, որ ընկերության 40 հազար աշխատակիցներից միայն հինգն է հայ, իսկ ինչ վերաբերում է Գեւորգ Թորոյանին, որի շուրջ ադրբեջանական մամուլն աղմուկ է բարձրացրել, ապա նա վերջին տասը տարիներին չի աշխատում ընկերությունում։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4