Նշեց ՀԱԳՄ նախագահը
Արդյունաբերողների եւ գործարարների միջազգային կոնգրեսի խորհրդի ընդլայնված նիստի ավարտից հետո լրագրողներն իրենց հարցերն ուղղեցին հյուրընկալող երկրիՙ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) նախագահ Արսեն Ղազարյանին.
¬ Ցուցահանդեսն ու տարբեր երկրներից եկած գործարարների հավաքը համընկան Անկախության օրվանՙ սեպտեմբերի 21-ին։ Պատահակա՞ն էր։
¬ Զուգադիպեց, բայց շատ գեղեցիկ ստացվեց։ Կոնգրեսն ունի իր ժամանակակարգը։ Պայմանավորվածությունը եղել էր մեկ տարի առաջ։ Բացի դրանից, սեպտեմբերը Հայաստանում միջոցառումներ անցկացնելու հարմար ամիս է։
¬ Այսօր ի՞նչ համաձայնագրեր են ստորագրվել։
¬ Առաջինը Հայաստանի եւ Ռուսաստանի միությունների միջեւ էր, որը նոր աստիճանի է բարձրացնում մեր հարաբերությունների մակարդակը։ Փաստորեն, թարմացվել է երեք տարի առաջ կնքված համաձայնագիրը։ Ռուսաստանը մեր հիմնական տնտեսական գործընկերն է։ Պատահական չէ, որ ամենամեծ պատվիրակությունը նրանն էր։ Երկրորդ համաձայնագիրը կնքեցինք Բելառուսի հետ, որի հետ մեր տնտեսական կապերը շատ թույլ են։ Պետք է փորձենք աշխուժացնել, բայց դա մի փոքր դժվար է, որովհետեւ նրանց շուկան շատ յուրահատուկ է։
¬ Իսկ ցուցահանդեսի նախնական արդյունքների մասին տեղեկություններ կա՞ն։
¬ Ըստ ինձ հասած տեղեկությունների, այցելուները հետաքրքրվել են հատկապես որոշ ապրանքատեսակներով։ Շատերն, անգամ մեր նախարարներից ոմանք, ցնցված էին դրանցից։ Խոսքը մշակված ալմաստների, ճշգրիտ սարքերի, ջերմամեկուսիչ, էլեկտրոնային սարքավորումների մասին է։
Ա. Մ.