«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#168, 2002-09-19 | #169, 2002-09-20 | #170, 2002-09-21


ԼԱՍՏԱՆԱՎԸՙ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՃԵՂՔՄԱՆ ՄԻՋՈՑ

Հերթական անգամ նշում են ռուս եւ հայ գործարարները

Արա Մարտիրոսյան

Ինչպես հայտնի է, Երեւանում են գտնվում ավելի քան 20 երկրների արդյունաբերողների եւ գործարարների միությունների ներկայացուցիչները, որոնք միավորված են Արդյունաբերողների եւ գործարարների միջազգային կոնգրեսի մեջ։ Երեկ տեղի ունեցավ կոնգրեսի խորհրդի նիստը, որի արդյունքների մասին տեղեկություններ հաղորդելու նպատակով հրավիրվեց մամուլի ասուլիս։ Ասուլիսին մասնակցում էին Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) նախագահ Արսեն Ղազարյանը, Արդյունաբերողների եւ գործարարների միջազգային կոնգրեսի (ԱԳՄԿ) նախագահ Վիկտոր Գլուխիխը եւ Ռուսաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության աշխատակազմի ղեկավար Բորիս Նեֆյոդովը։

Բանախոսներին ուղղված «Ազգի» հարցը վերաբերում էր Ռուսաստանի եւ Հայաստանի տնտեսական հարաբերությունների զարգացմանը, որին խոչընդոտում է երկաթուղային հաղորդակցության բացակայությունը։ Այդ առթիվ ՀԱԳՄ նախագահն ասաց, որ դա երկու երկրների համար շարունակում է հիմնական խոչընդոտը մնալ, եւ լուծումը կախված է տարածաշրջանի քաղաքական հարցերի կարգավորումից։ Սակայն ապրանքաշրջանառության մեծացման հնարավորություններն այս պայմաններում էլ կան եւ «չի կարելի սպասել հրաշքի, թե վաղը կամ մյուս օրն ադրբեջանական կամ աբխազական երկաթուղին կաշխատի»։ Արսեն Ղազարյանի հավաստմամբ, հայկական բիզնեսն արդեն սովորել է այդ պայմաններում աշխատել։

Հարցին պատասխանելու համար խոսք վերցրեց Բորիս Նեֆյոդովը եւ ավելացրեց, որ այս խնդրի առնչությամբ այս օրերին բանակցել են երկու երկրներից կոնկրետ ընկերություններ, որոնք «մշակում են շրջափակումը ճեղքելու համար հատուկ տեխնիկայի օգտագործման հարցերը»։ Բորիս Նեֆյոդովը հումորով նշեց, որ խոսքն, իհարկե, տանկերի եւ ռազմական ինքնաթիռների մասին չէ, այլ լաստանավային անցման։ Այնուհետեւ նա, շեղվելով թեմայից, Ռուսաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արկադի Վոլսկու ողջույնի խոսքն ուղղեց հայ ժողովրդին, ասելով, որ հիվանդության պատճառով նա չկարողացավ Երեւան ժամանել։ Վիկտոր Գլուխիխն իր հերթին ընդգծեց, որ խոսքը «դիվանագիտական» հիվանդության մասին չէ, իսկ ովքեր չեն հավաստում, կարող են ստուգել, որ նա տոմսը հանձնել է թռիչքից 4 ժամ առաջ։

Ռուսաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության ներկայացուցիչը, պատասխանելով երկու երկրներիՙ էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցին, հայտնեց, որ ռուսական պատվիրակության կազմում է ՌԱՕ ԵԷՍ-ի ներկայացուցիչը, որը բանակցություններ է վարել Հայաստանի իր գործընկերների հետ։ Սրանով մամուլի ասուլիսը եզրափակվեց, իսկ Երեւան ժամանած հյուրերն այստեղ կմնան եւս մեկ օր։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4