«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#168, 2002-09-19 | #169, 2002-09-20 | #170, 2002-09-21


ՊԵՏԱՎՏՈՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՓՆ ԱՆՑՆՈՒՄ Է... ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՄԲ

Երբ մայրաքաղաքի փողոցներում նոր-նոր էին հայտնվում մայթ ու փողոց փորող-քանդող-տեղափոխող, երբեմն էլ նաեւ չտեղափոխող ծանրաքաշ առաջին մեքենաները, ավերման տհաճությունը մեղմվեց նրանով, որ վերանորոգման աշխատանքներ կոչեցյալը շուտ պիտի ավարտվի։ Արդյունքում էլՙ կունենանք ոչ թե հավերժորեն «կարկատած» փողոցներ ու մայթեր, այլ, ինչպես ասում են, կապիտալ վերանորոգված։

Բայց արդեն մի քանի ամիս, քայլում ենք հողոտ, փոշոտ, քարուքանդ փողոցներում։ Դեռ ավելացրած նաեւ, որ, օրինակ, Մաշտոցի պողոտայի ողջ երկարությամբ, թերեւս միայն Ամիրյան-Մաշտոցի պողոտա խաչմերուկում է «աչքերը թարթում» միակ աշխատող լուսազդանշանը։

Մնացյալ բոլոր խաչմերուկներում ճանապարհային երթեւեկությունը կանոնակարգում է... եւ ոչ մի պետավտոտեսուչ։ Երթեւեկությունը կանոնակարգվում է մայրաքաղաքի անզիջում վարորդների եւ համբերատար վարորդների փոխզիջման միշտ վթարավտանգ հավասարակշռությամբ։

Նման իրավիճակը ոչ թե մեկ օրվա, այլ արդեն շաբաթների պատմություն ունի։ Եվ սա նշանակում է ոչ թե թերանալ, այլ ուղղակի չափն անցնել։

Մի՞թե հնարավոր չէ կարգավորել երթեւեկությունն այնպիսի բանուկ փողոցում, ինչպիսին Մաշտոցի պողոտան է։ Եթե նման հարցի պատասխանը ցանկության բացակայությունը չէ, ապա դա նշանակում է, որ այսօրվա պետավտոտեսուչների «հանճարն» ու «արժանապատվությունը» չեն ներում տնկվել որեւէ խաչմերուկում եւ անեկամուտ աջ ու ձախ անել այլ դեպքերում այնքան եկամտաբեր փայտիկներով։

Էհ... Մինչեւ ե՞րբ...

Մինչեւ ե՞րբ անտարբերության եւ անտերության նման իրավիճակ պիտի լինի մայրաքաղաքի փողոցներում։ Մինչեւ ե՞րբ ոչ մեկին չի հետաքրքրելու, թե ով, որտեղ եւ ինչով է զբաղվում։ Եվ մինչեւ ե՞րբ պետության մեջ վերահսկողություն կոչվող անիծյալ գործառույթը չի ծառայելու իր նպատակին։

Լուսազդանշանների չաշխատելու արդեն շաբաթվա պատմություն ունենալը խայտառակություն է, քանի որ ոչ մի վերադասի չի մտահոգում երթեւեկության, հետեւաբար հասարակական անվտանգության հարցը։ Մինչդեռ պետականության գաղափարախոսությունը ենթադրում է, որ հասարակական անվտանգության ապահովումը պետության գործառույթ է։ Սակայն ո՞ւմ հոգն է դա։ Թերեւս ոչ մեկի։

Միեւնույն ժամանակ, Մաշտոցի պողոտան դատապարտված է անընդհատ խցանվելու, քանի որ ավտոտեսուչները չեն կարողանում փոխարինել չաշխատող լուսազդանշաններին։

Իսկ ամենահետաքրքրականն էլ գուցե այն է, որ նման անգործության նկատմամբ ոչ մի վերաբերմունք չեն ցուցաբերում պետական պատասխանատու այրերը։ Նրանք ավելի շատ մտահոգված են ոչ աշխատանքային խնդիրներով։

Ինչեւէ, այս անգործությունն ու անտարբերությունն արդեն անցնում են բոլոր թույլատրելի եւ անթույլատրելի սահմանները։ Եվ եթե ասում են, որ ամեն ինչ կարող է սիրո նշան լինել, բացի անտարբերությունից, ուրեմն մենք պիտի հստակ գիտակցենք, որ մեր պատասխանատուները մեզ բացարձակ չեն սիրում։

Այս պարագայում կարող ենք ասելՙ «հեչ էլ սիրեն», բայց գոնե մտահոգվեն մեր անվտանգությամբ։

Մտահոգությունն էլ արտահայտեն ոչ թե վայնասունով կամ մեծադղորդ բառակապակցությունների կամ բառախմբերի անհարկի «արտադրությամբ», այլՙ ցանկացած անլուսազդանշան խաչմերուկի մեջտեղում կանգնելով եւ կարգավորելով ճանապարհային երթեւեկությունը։

Այլապես մնում է փաստել, որ պետավտոտեսչությունը կամ դադարել է գործել, կամ գտնում է, որ ճանապարհային երթեւեկության «թերություններն ու արատներն» իրեն չեն վերաբերում։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4