Նշում են Կենտրոնական բանկի եւ «Հայէկոնոմբանկի» նախագահները
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Երեկ տնտեսական թեմաներով գրող լրագրողների համար ՀՀ Կենտրոնական բանկում սեմինար էին կազմակերպել «Քեյ Փի Էմ Ջի քոնսալթինգ» եւ «Բարենց գրուպ» ընկերություններըՙ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հովանավորությամբ։ Սեմինարին հրավիրված էին «Արմենիա Քափր փրոգրամ» ընկերության նախագահ Վալերի Մեջլումյանը, «Հայէկոնոմբանկի» նախագահ Աշոտ Օսիպյանը, ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, «Ֆայնենշլ թայմս» թերթի Արեւելյան Եվրոպայի գծով նախկին խմբագիր Թոնի Ռոբինսոնը։
Բանկային համակարգի եւ դրան հարակից խնդիրներին էին վերաբերում «Հայէկոնոմբանկի» եւ Կենտրոնական բանկի նախագահների ելույթները։ Առաջինը հիմնականում անդրադարձավ իր ղեկավարած եւ մյուս առեւտրային բանկերի գործունեությանը։ Նա դրական երեւույթ համարեց անառողջ բանկերին համակարգից դուրս մղելու գործընթացը։
Նրա կարծիքով, եթե մինչ այժմ 10 բանկ վերացել է, ապա եւս 10 բանկ պետք է վերանա։ Որպես օրինակ բերվեցին Լիտվան եւ Կանադան, որտեղ գործում են 9 եւ 7 բանկեր։ Մինչդեռ Հայաստանում այսօր 22 բանկ կա։ Այս առումով Աշոտ Օսիպյանը ողջունում է ԿԲ կոշտ քաղաքականությունը եւ մրցակցության սրվելը, բայց ընդգծելով, որ վերոնշյալ բանկերի համակարգից դուրս մղվելու պատճառը վատ կառավարման (մենեջմենթի) հետեւանք է։ Խնդրին անդրադարձավ նաեւ ԿԲ նախագահը, նշելով, որ Կենտրոնական բանկն այս առնչությամբ նկատի է ունեցել մերձբալթյան երկրների փորձը, որտեղ 1996թ. բանկային համակարգում ճգնաժամային վիճակ ստեղծվեց։ Այդ փորձը նկատի ունենալով, ներկայումս 8 բանկերի սնանկացման գործընթացն այնպես տարվեց, որ այդ բոլոր բանկերից ընդամենը 300 ավանդատուների ավանդները հնարավոր չէ առայժմ վերադարձնել։
Դրանցից 68-ը «Կրեդիտ Երեւանի» ավանդատուներն են։ Ավանդների հետ կապված հարցերը լուծելու նպատակով նախատեսվում է ԿԲ-ի շրջանակներում մինչեւ 2005 թ. ստեղծել ավանդների երաշխավորման հիմնադրամ, որը պետք է համալրվի բանկերի տարեկան անհատույց հատկացումներից։ Առայժմ քննարկվում է, թե ինչպիսին պետք է լինի այդ հիմնադրամը։
Տիգրան Սարգսյանն իր հիմնականՙ «ԿԲ դերն ազգային բարգավաճման նպատակով տնտեսական պայմանների ստեղծման գործում» անվանմամբ ելույթում ներկայացրեց Կենտրոնական բանկի գործունեության հիմնական եւ այլ խնդիրները, դրանց իրականացման կարգը, ԿԲ-պետական մարմիններ համագործակցության մեխանիզմը, միջազգային համագործակցության շրջանակները եւ այլն։ Զեկույցից բացի, ԿԲ նախագահը լրացուցիչ մանրամասներ հաղորդեց ոլորտին առնչվող բազմաթիվ խնդիրների եւ երեւույթների վերաբերյալ։ Մասնավորապես նշելով հարկային մուտքերի հավաքման ցածր մակարդակը համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նկատմամբ, նա այդ երեւույթի հիմնական պատճառներից մեկն էլ համարեց պետության կողմից անառողջ ձեռնարկությունների գոյության հանդուրժումը եւ բյուջեի ունեցած պարտքերը։ Ըստ Տիգրան Սարգսյանի, առնվազն 2000 ձեռնարկություն պետք է տարեկան սնանկ հայտարարվեր։ Նա նշեց, որ այս տարի տնտեսական դատարանի ստեղծմամբ որոշակի տեղաշարժ նկատվում է։ Ինչ վերաբերում է պետբյուջեին, ապա այս տարի պարտքեր չունի։
ՀՆԱ-ի աճի վրա ազդող կարեւոր գործոններից մեկը համարվեց բանկային համակարգի զարգացումը։ Եթե ոլորտում բոլոր անառողջ եւ վատորակ ակտիվներով բանկերը դուրս մղվեն, ապա ՀՆԱ-ի աճը կարող է կրկնապատկվելՙ տարեկան 6 տոկոսից դառնալով 12 տոկոս։ Տիգրան Սարգսյանը ճիշտ համարեց նաեւ բանկերի վերահսկողության գործառույթը ԿԲ-ից առանձնացնելը եւ առանձին մարմինՙ այսպես կոչված կոնսոլիդացված վերահսկողության համակարգ ստեղծելը։ Սակայն դա պետք է կատարվի, երբ լինեն միայն առողջ բանկեր եւ արժեթղթերի շուկան կայացած լինի։ ԿԲ նախագահը հանգամանորեն ներկայացրեց գների կայունության ապահովման եւ սղաճի զսպման ուղղությամբ ԿԲ-ի կողմից տարվող քաղաքականությունը, պարզաբանեց արտարժույթի փոխարժեքի տատանումների պատճառները։
Տիգրան Սարգսյանն անդրադարձավ նաեւ այլ հարցերի։ Հայաստանի արտաքին պարտքի առնչությամբ նա կարծիք հայտնեց, որ այդ պարտքը կառավարվող է։ Ամենածանր պայմաններով տրված պարտքերն են Ռուսաստանինը եւ Վերականգնման ու զարգացման եվրոպական բանկինը։ Ռուսական պարտքի խնդրի լուծումից հետո միջազգային ֆինանսական կազմակերպությունների պարտքերի մարումը մեր պետության համար լիովին իրագործելի համարվեց, քանզի դրանք արտոնյալ ենՙ տրված են ցածր տոկոսներով եւ երկարաժամկետ։
ԿԲ նախագահի երեկ հաղորդած ուշագրավ տեղեկություններից էր արտասահմանից Հայաստան մուտք գործող տրանսֆերների աճի ցուցանիշը։ Ըստ այդմ, անցյալ տարի Հայաստանի բնակչությունը դրսում բնակվող ազգականներից ստացել է նախորդ տարվանից 20 տոկոսով ավելի գումար, իսկ ընդհանուր Հայաստան փոխանցված գումարը կազմել է 400¬450 մլն դոլար։