«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2002-09-20 | #170, 2002-09-21 | #171, 2002-09-24


ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՀԱՐԹՎԵ՞Ն

Եվ արդյոք Հայաստանի՞ միջնորդությամբ

Պանկիսի կիրճում չեչեն զինյալների առկայության մասին պաշտոնական Մոսկվայի բարձրացրած աղմուկը, անշուշտ, չափազանցված է։ Սեպտեմբերի 11-ի ամերիկյան ողբերգության տարեդարձի օրը նախագահ Վլ. Պուտինի կարծր հայտարարությունն այդ առթիվ, որ նույնիսկ ռուսական լրատվամիջոցները գնահատեցին իբրեւ «վերջնագիր», անկասկած, թատերայնության որոշակի տարրեր էր պարունակում։ Որ Պանկիսում ահաբեկչական ավազակախմբեր կային ու կան, կարծում եմ, ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Բայց որ մոսկովյան քարոզչությունը հարցն այնպես է հրամցնում, կարծես թե ռուսական պետության համար ամենաիրական ու ամենամեծ սպառնալիքը հենց այդտեղից է բխումՙ ծխածածկույթ է, որի տակ փորձ է արվում նախապատրաստել Վրաստանի տարածք ռազմական ներթափանցման քիչ թե շատ պատշաճ արդարացում։ Ընդսմին, վրացական իշխանություններին ուղղված ռուսական կշտամբանքները հիմնավոր են։ Նախագահ Պուտինը իրավացի էր, երբ սեպտեմբերի 22-ին տարակուսանք էր հայտնում. «Մեզ ասում են, թե Վրաստանը չի կարող սեփական ուժերով պայքարել այդ ավազակախմբերի դեմ։ Իսկ երբ մենք մեր օգնությունն ենք առաջարկումՙ հրաժարվում են, թե ինքներս կանենք...»։

Ակնհայտ է, թե ինչու են «հրաժարվում»։ Պարզապես չեն ուզում իրենց տարածքում ռուսական ռազմական ներկայության նոր առիթ տալ, մանավանդ ԽՍՀՄ փլուզումից հետո վրացիներն ամեն կերպ ձգտում են ազատվել եղած ռուսական զորքերից (հենակայաններից), ինչ թե մնացՙ նորն ընդունեն։ Մոսկվայում սա դիտվել ու դիտվում է ոչ միայն իբրեւ երբեմնի «ավագ եղբոր» ազդեցությունից եւ աշխարհաքաղաքական շահախնդրությունների ոլորտից Վրաստանը դուրս բերելու, այլեւ ընդհանրապես Կովկասից ռուսներին դուրս մղելու ամերիկյան ռազմավարական ծրագրին ակտիվորեն օժանդակելու ձգտման արտահայտություն։ Որ այդպիսի ձգտում կարՙ անկասկած է։ Սեպտեմբերի 11-ի ամերիկյան ողբերգությունից հետո, հավանաբար, Թբիլիսիին թվաց, թե Կովկասից ռուսների դուրսմղման այդ ծրագրի իրականացումը կարագանա։ Ըստ իս, դա Շեւարդնաձեի վարչակազմի կոպիտ վրիպումն էրՙ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում Պուտինն անվերապահորեն կանգնեց Բուշի կողքին, եւ այս հանգամանքը գոնե առժամանակ, քանի դեռ այդ պայքարը շարունակվում է, առնվազն սառեցնելու է Կովկասից ռուսներին «դուրս մղելու» հիշյալ ծրագրի գործադրումը։ Պահը որսալովՙ Մոսկվան իր հերթին ձգտում է ամրապնդվել տարածաշրջանում, իսկ դրա համար հարկ է «խրատական ապտակ» տալ «Թբիլիսիին։ Սա է Պանկիսի կիրճի շուրջ բարձրացված աղմուկի թաքուն զսպանակը։

Կարելի է ենթադրել, որ տվյալ դեպքում Պուտինի հաշվարկն ավելի հեռագնա է, քան Շեւարդնաձեինը։ Հակաահաբեկչական ներկա պատերազմում Վաշինգտոնի համար Մոսկվան շատ ավելի կարեւոր դաշնակից է, քան Թբիլիսին։ Եվ հազիվ թե Բուշը հանուն Վրաստանի փչացնի իր հարաբերությունները Պուտինի հետ։ Այս առումով հատկանշական է Բուշի անցյալ շաբաթվա նամակը Շեւարդանաձեին։ Աշխարհի ամենահզոր տերության ղեկավարը, որ դեռ սեպտեմբերի 14-ին իր կտրուկ անհամաձայնությունն էր հայտնել Պուտինիՙ նախօրեի հակավրացական վերջնագրին (ինչը Շեւարդնաձեի հրճանքին էր արժանացել), արդեն հորդորում էր «Պանկիսում համագործակցել ռուսների հետ»։ Էլ ավելի բացելով խաղաթղթերը, Պենտագոնի բարձրաստիճան ղեկավարներից մեկն օրերս ասաց, թե իրենք «պատրանքներ չունեն Վրաստանի հարցում» եւ տեղյակ են, որ Պանկիսում իսկապես միջազգային ահաբեկիչներ կան, ավելինՙ գիտեն, թե նրանց հանդեպ ինչ հանդուրժողական վերաբերմունք ունի Թբիլիսին։ Վաշինգտոնի դիրքորոշման նման կտրուկ փոփոխությունը վկայում է, որ սեպտեմբերի 21-ին Բուշի վարչակազմի առավել ազդեցիկ ներկայացուցիչների, ապա եւ անձամբ նրա հետ բանակցությունների մեկնած ռուս երկու նախարարներըՙ արտգործնախարար Իգոր Իվանովն ու պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը, կարողացել են ընդհանուր լեզու գտնել վրացական հարցում։ Ասել էՙ Մոսկվայի ձեռքերն այժմ որոշակի չափով ազատ են արձակված Պանկիսի օդային ռմբահարումների, գուցե եւՙ հատուկ զորամասերի գործողությունների համար։

Այս պայմաններում բացառիկ արժեք է ձեռք բերում դեռեւս սեպտեմբերի 12-ին ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի արած հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստ է միջնորդական առաքելություն ստանձնել ռուս-վրացական հակասությունների հարթման խնդրում, որպես երկու պետությունների հետ էլ բարեկամական հարաբերություններ ունեցող երկիր։ Անցել է մոտ 2 շաբաթ, բայց մեր այդ պատրաստակամությանը ոչ Մոսկվան, ոչ Թբիլիսին որեւէ կերպ չեն արձագանքել։ Երկուսի համար էլ Երեւանի առաջարկը մնում է իբրեւ «պահեստային տարբերակ»։ Եվ այդ տարբերակը կարող է անսպասելիորեն առաջ մղվել, եթե Մոսկվան եւ Վաշինգտոնը համաձայնել են Վրաստանում Շեւարդնաձեի ռեժիմի հետագա պահպանման հարցի շուրջ։ Այդ դեպքում Մոսկվային չափազանց ձեռնտու կլիներ համաշխարհային հանրությանը ցույց տալ, թե երկու «եղբայրների» վեճը հարթվել է երրորդ «եղբոր» միջամտությամբ։ Իսկ եթե Բուշի հետ Իվանովների վարած բանակցություններում Շեւարդնաձեի հետագա քաղաքական ճակատագրի հարցը չի շոշափվել կամ լռելյայն շրջանցվել է, ապա Երեւանի միջնորդական նախաձեռնությունն առայժմ անպատասխան կմնա, մինչեւ որ Մոսկվան տեսնի, թե կկարողանա՞, արդյոք, Պանկիսի կիրճի շուրջ իրադրությունը շիկացնելովՙ հասնել Շեւարդնաձեի պաշտոնանկությանը։ Այդպիսի հեռանկար իսկապես կա, քանզի բուն Վրաստանում հակաշեւարդնաձեական ուժերը չեն հապաղի Վրաստանի ծերացած նախագահին մեղադրել իրենց հզոր հարեւանի հետ հարաբերությունները փչացնելու մեջ, որպեսզի հասնեն նրա տապալմանը։ Իսկ եթե այդ տարբերակը «չաշխատի», ապա երբեք էլ ուշ չի լինի «հիշել» Վարդան Օսկանյանի սեպտեմբերի 12-ի հայտարարությունը։

Այնպես որ, այս հրապարակման վերնագրում արտահայտված երկու հարցերից առաջինըՙ ռուս-վրացական հակասությունները կհարթվե՞ն, կարող է ունենալ միայն մեկ պատասխանՙ անկասկած կհարթվեն։ Իսկ ահա երկրորդ հարցըՙ արդյոք Հայաստանի՞ միջնորդությամբ, մնում է առկախ։

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4