ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Այսպիսով, կառավարությունը ջուր սպառողների համար փաստորեն համաներում է հայտարարում։ Համաձայն խորհրդարանում ներկայացված օրինագծի, մինչեւ 2000 թ. ամբողջովին եւ 2000¬2002 թթ. մասամբ մատակարարված ջրի դիմաց կուտակված չվճարումները համարվում են գանձման ոչ ենթակա։ Խոսքը 39¬42 մլրդ դրամի մասին է։ Ինչպե՞ս կարելի է բնորոշել կառավարության նման մոտեցումը։
Եթե փորձենք միանշանակ գնահատական տալ, ապա ակնհայտ է, որ սա ոչ այլ ինչ է, քան առկա իրողության հետ հաշտվելու քայլ։ Այսպես թե այնպես այդ գումարները սպառողները չէին վճարելու, ինչը ծանր բեռ էր լինելու ջրամատակարար կազմակերպության համար։ Հետեւաբար, այդ քայլը համարել պետության շնորհ իր քաղաքացիներին, ճիշտ չէ։ Եթե մի կողմ թողնենք նման որոշման համար օբյեկտիվ հիմնավորում համարվող այս երկուՙ առկա իրողության հետ հաշտվելու եւ տնտեսական նպատակահարմարության հանգամանքները, ապա ջրի դիմաց չվճարումները զիջելը ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր։
Դրականն այն է, որ բաժանորդների մեծ մասին պարտք էր գրանցվել չստացած ծառայության համար։ Ջրամատակարարման առանց այն էլ ոչ բարվոք վիճակը վատթարացավ էներգետիկ ճգնաժամի տարիներին, որից հետո եւս լուրջ դրական տեղաշարժ չեղավ։ Սակայն այդ տարիներին, ինչպես արդեն նշվեց, բաժանորդային հաշիվների վրա պարտքերն ավելանում էին։ Եթե խորհրդարանում ընդունվի այս օրինագիծը, ապա տվյալ անարդարությունը կվերանա։
Երկրորդ դրական գործոնը բնակչության մեծ մասի սոցիալական ծանր կացությանն է առնչվում։ Անկախ նրանից, ջուրը տրվում էր ժամանակացույցով, թե շուրջօրյա, անվճարունակն ի վիճակի չէր դրա դիմաց վճարել։ Փոխարենն այս կամ այն պետական հաստատությունից տեղեկանք, օգնություն, նպաստ ստանալու համար նա անընդհատ նվաստացուցիչ վիճակում էր հայտնվում, որովհետեւ նրանից պահանջվում էր վճարել նաեւ ջրի դիմաց։ Այս խնդիրն էլ կվերանա։
Որո՞նք են բացասական գործոնները։ Առաջին բացասական հանգամանքն այն է, որ ընդհանուր հորձանուտում զիջում են ինչպես շուրջօրյա, այնպես էլ ժամանակացույցով ջուր ստացողների եւ ընդհանրապես շաբաթներով ու ամիսներով չստացողների պարտքերը։ Երկրորդըՙ հայտարարելով պարտքերը զիջելու մտադրության մասին, կառավարությունն, ըստ էության, ոչինչ չի առաջարկում նմանատիպ իրավիճակի կրկնությունը բացառելու համար։
Ջրային տնտեսության կոմիտեի պետն առաջվա պես առաջ է մղում ջրաչափերի տեղադրումը համատիրությունների ստեղծման հետ կապելու, բնակիչների հաշվին ջրաչափերը տեղադրելուՙ տեղում դոփող մեխանիզմը։ Անիմաստ ենք համարում հերթական անգամ անդրադառնալ կառավարության կողմից առաջարկվող այդ մեխանիզմի անկատար լինելուն։ Վերադառնալով խորհրդարան ներկայացված օրինագծին, հարկ ենք համարում ընդգծել, որ որոշ սրբագրումներ այստեղ անհրաժեշտ են։
Առաջինըՙ պարտքերի ներումն անհրաժեշտ է պայմանավորել ջրաչափերի տեղադրմամբ կամ առանց դրա, հետագայում կանոնավոր վճարումներ կատարելու պահանջով։ Այսինքնՙ ջրամատակարարի եւ սպառողի (կրկնում ենքՙ սպառողի, այլ ոչ թե համատիրության) միջեւ պայմանագիր կնքել ջրի կանոնավոր մատակարարման եւ դրա դիմաց կանոնավոր վճարելու մասին։
Երկրորդՙ շուրջօրյա ջրամատակարարում ունեցողներին կամ մասամբ զիջել պարտքերը, կամ դա պայմանավորել ջրաչափերի տեղադրմամբ եւ հետագայում կանոնավոր վճարումներով։
Այդուհանդերձ, գլխավորը շարունակում է մնալ ջրաչափերի տեղադրման հարցը։ Միայն այս գործընթացի ծավալումը եւ ջրի լիարժեք հաշվառման համակարգի ստեղծումը լուրջ նախադրյալներ կստեղծի ոլորտը ծանր վիճակից հանելու եւ զարգացնելու համար։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի պետությունն ինքը հոգա ջրաչափերի ձեռքբերման եւ տեղադրման ծախսերը, դրանց վերադարձն իրականացնելով ջրի սակագնի փոփոխությունների հաշվին։