Արցախի պատերազմի վետերանների միությունն իր շարքերում ընդգրկում է շուրջ 5500 անդամ։ Կազմավորվելով 2000 թվականի սկզբներին, երբ Արցախում ստեղծվել էր ներքաղաքական ճգնաժամ, ԱՊՎՄ-ն կարողացավ հաջողությամբ իրականացնել իր առաքելությունըՙ դառնալով ներքաղաքական կայունության կարեւոր գործոն հանրապետությունում։
Սեպտեմբերի 25-ին ԱՊՎՄ-ն հրավիրեց կազմակերպության հերթական համագումարը, որտեղ քննարկվեցին անցած երկամյա գործունեության արդյունքները։ Զեկուցումով հանդես եկավ միության վարչության նախագահ, ԼՂՀ պաշտպանության փոխնախարար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը։ Նա, վերլուծելով կազմակերպության ստեղծումից հետո երկրի պաշտպանունակությանն ու պետականության կայացմանն ուղղված աշխատանքը, ԱՊՎՄ-ն գնահատեց իբրեւ կայացած կազմակերպություն։ Միեւնույն ժամանակ, Վ. Բալասանյանը նշեց, որ դեռեւս առկա է խոտելի մի երեւույթ, երբ ոմանք, գերագնահատելով իրենց ծառայությունները հայրենիքին, անձեռնմխելիության ու անպատժելիության պատրանք են հյուսում իրենց անձի շուրջը։ Վարչության նախագահը դա աններելի համարեց, ընդգծելով, որ հայրենիքի պաշտպանությունը յուրաքանչյուրի սրբազան գործն է, եւ ամենքը օրենքի առաջ հավասարապես պատասխանատու են։
Զեկուցողի խոսքերով, հաշվետու ժամանակաշրջանում պատերազմի 600 վետերաններ արժանացել են պետական տարբեր պարգեւների։ Կազմակերպությունը ջանքեր չի խնայում արցախյան պատերազմի հաշմանդամներին ու զոհվածների ընտանիքներին հնարավորինս նյութապես աջակցելու համար։
Վ. Բալասանյանի խոստովանությամբ, ԱՊՎՄ գործունեությունն առանձին դեպքերում ձեւական բնույթ է կրել, հատկապես համայնքային եւ տարածքային կառույցներում։
Համագումարում, որի աշխատանքներին ներկա էր նաեւ ԼՂՀ ղեկավարությունըՙ հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի գլխավորությամբ, պատվիրակներին ողջունեց Ազգային ժողովի նախագահ Օլեգ Եսայանը։
Համագումարի մասնակիցներին ողջունեց նաեւ Հայաստանի «Երկրապահ» կամավորականների միության փոխնախագահ Արա Կետիկյանը։ Նա Արցախի պատերազմի վետերաններին փոխանցեց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի ուղերձը։
Համագումարը լսեց միության վերահսկիչ հանձնաժողովի նախագահի հաշվետվությունը կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության մասին։
Ընդհանուր առմամբ ԱՊՎՄ վարչության կատարած աշխատանքը հաշվետու ժամանակաշրջանում գնահատվեց բավարար։
Փոփոխություններ եւ լրացումներ կատարվեցին կազմակերպության կանոնադրության մեջ։ Դրանք համագումարի քննարկմանն էին ներկայացվել տեղական կառույցների կողմից եւ մինչ այդ մշակվել էին միության վարչությունում։
Արցախի պատերազմի վետերանների միության համագումարն ընտրեց իր նոր ղեկավար կազմը։ Վարչության նախագահ վերընտրվեց Վիտալի Բալասանյանը։
Վերջում Արցախի պատերազմի վետերանների միության երկրորդ համագումարի մասնակիցներն ընդունեցին հայտարարություն, որով իրենց պատրաստակամությունն արտահայտեցին սատարելու հանրապետության իշխանությունների այն բոլոր ձեռնարկումներին, որոնք ուղղված կլինեն ազատամարտիկների արյամբ ձեռք բերված ազատության ու անկախության ամրապնդմանը, երկրի սոցիալ-տնտեսական կյանքի բարելավմանը, օրենքի գերակայության ապահովմանը եւ այլն։ Ղարաբաղյան հիմնախնդրի հարցում, ըստ հայտարարության, պատերազմի վետերանները կողմնակից են խնդրի խաղաղ լուծմանը, սակայն անհրաժեշտության դեպքում նրանք պատրաստ են հայրենիքը վերստին զենքով պաշտպանելու։
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ